Հա

Համայնք

Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 10:50

Աշակերտ-ուսուցիչ-տնօրէն. Հանդիպում 35 տարի անց

Կրթական մշակի համար չկայ աւելի մեծ երջանկութիւն, քան վկան լինել իր աշակերտների եւ դաստիարակած սերնդի յաջողութեան եւ նորանոր նւաճումներին։ Ընթացիկ ամռան, Երեւանում առիթ ունեցանք հանդիպելու Թեհրանի հայոց «Ա․ Սողոմոնեան» դպրոցի վաստակաւոր ուսուցիչ Աշոտ Սինանեանին եւ նոյն դպրոցի երբեմնի աշակերտ եւ Հայաստանի Ամերիկեան համալսարանի հրաւիրեալ դասախօս Ռոբերտ Աբուլեանին։

Տիգրան Դաւթեան

 

Կրթական մշակի համար չկայ աւելի մեծ երջանկութիւն, քան վկան լինել իր աշակերտների եւ դաստիարակած սերնդի յաջողութեան եւ նորանոր նւաճումներին։ Ընթացիկ ամռան, Երեւանում առիթ ունեցանք հանդիպելու Թեհրանի հայոց «Ա․ Սողոմոնեան» դպրոցի վաստակաւոր ուսուցիչ Աշոտ Սինանեանին եւ նոյն դպրոցի երբեմնի աշակերտ եւ Հայաստանի Ամերիկեան համալսարանի հրաւիրեալ դասախօս Ռոբերտ Աբուլեանին։ Օգտւելով նրանց հայրենիք այցելութեան պատեհութիւնից, «Ա․ Սողոմոնեան» դպրոցի հայաստանաբնակ մի խումբ ուսուցիչներ ու աշակերտներ դպրոցի վաստակաշատ տնօրէն՝ Նորայր Էլսայեանի գլխաւորութեամբ իրար շուրջ հաւաքւեցինք։

Աշակերտ-ուսուցիչ-տնօրէն այս իւրայատուկ հանդիպման ներկայ էին նոյն դպրոցի աշակերտներ դոկտ. Զօրիկ Թահմազեանն ու դոկտ. Ռոբերտ Աբուլեանը, ուսուցիչներ Արտուշ Անդրէասեանը, Աշոտ Սինանեանը եւ նւաստս, տնօրէնի օգնական Շահէն Բաղրամեանն ու տնօրէն Նորայր Էլսայեանը։ Ներկաները մեծ յուզումով եւ ապրումներով  յիշեցին  «Ա․ Սողոմոնեան» դպրոցի 35 տարւայ վաղեմութիւն ունեցող անցուդարձերը, Իրանի Իսլամական յեղափոխութեանը յաջորդած օրերը եւ իրանահայութեան միասնական ու խրոխտ կեցւածքը։ Պրն. Նորայրը իր անսահման ուրախութիւնը յայտնեց, որ Իրանի հայոց կրթական օջախները եւ ի մասնաւորի «Ա․ Սողոմոնեան» դպրոցն ունեցել են նման գերազանցիկ աշակերտներ․ նրանք այսօր Իրանում, Հայաստանում կամ արտասահմանում բարձր դիրքերի են հասել եւ իրենց ծնողների, դաստիարակների եւ համայն հայութեան պարծանքի առարկան են։

Օրւայ առիթով հանգամանօրէն խօսեց իրանահայ հասարակական գործիչ եւ հայոց դպրոցների երկար տարիների ուսուցիչ Աշոտ Սինանեանը։ Նա մանրամասնօրէն վերյիշեց «Ա․ Սողոմոնեան» դպրոցին եւ ընդհանրապէս իրանահայ դպրոցներին վերաբերող յիշարժան դէպքերը եւ ազգային-եկեղեցական ու համայնքային կարեւոր հարցերում իրանահայութեան դրսեւորած միասնական կեցւածքը։ Պրն. Աշոտը բարձր գնահատեց դպրոցի մի խումբ աշակերտների աշխատասիրութիւնն ու հետեւողականութիւնը, որոնք յաջողել են Իրանի, Հայաստանի կամ արտասահմանի համալսարաններում նման յաջողութիւնների հասնեն։

Զօրիկը եւ Ռոբերտը յուզումով եւ հպարտութեամբ յիշեցին 1982-1983 տարիների դպրոցական օրերը եւ մեծարեցին իրենց բոլոր ուսուցիչներին ու դաստիարակներին։ Դոկտ․ Զօրիկը ատամնաբուժութեան բարձրագոյն ուսում է ստացել Երեւանում եւ այժմ Հայաստանում ճանաչւած մասնագէտ է։ Դոկտ. Ռոբերտը օպերատիւ կառավարման գործարար համակարգերի մասնագէտ է, գիտութեան մագիստրոսի կոչում է ստացել Իրանում, իսկ գիտութիւնների դոկտորի կոչումի է արժանացել Կանադայում․ նա այժմ դասաւանդում է Կալիֆորնիայի համալսարանում եւ Հայաստանի Ամերիկեան համալսարանի հրաւիրեալ դասախօս է։

Դոկտ. Աբուլեանը այս հանդիպման մասին իր «Ֆէյսբուք»-ի էջում գրել է․ «Ինչ փոքր աշխարհ է. այսօր պատիւ ունէի հանդիպել իմ դպրոցի ուսուցիչներին (Տիգրան, Աշոտ, Արտուշ եւ Շահէն) եւ տնօրէն Նորայրին, շատ լաւ վերամիացում էր։ Պարտական եմ նրանց եւ նրանք մեծ դեր են ունեցել իմ կեանքում՝ ինչին ես այսօր հասել եմ»։

Երեւան

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։