Հա

Համայնք

Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017 09:10

Թեհրանի քաղխորհրդի անդամը կարեւորել է քաղաքային վարչարարութեան գործընթացում հայ քաղաքացիների ներգրաււածութիւնը

Թեհրանի քաղխորհրդի անդամն անհրաժեշտ է համարել քաղաքային վարչարարութեան գործընթացում հայ քաղաքացիների ներգրաււածութեան անհրաժեշտութիւնը:

«alikonline.ir» - Թեհրանի քաղխորհրդի անդամն անհրաժեշտ է համարել քաղաքային վարչարարութեան գործընթացում հայ քաղաքացիների ներգրաււածութեան անհրաժեշտութիւնը: Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին ազգային առաջնորդարանում, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ կայացած հանդիպման ժամանակ յայտարարել է Թեհրանի քաղխորհրդի անդամ Մոհամմադ Ջաւադ Հաղշենասը:

Հանդիպմանը Սրբազան Հայրը կարեւորելով քաղաքապետարանի դերը Թեհրանի պէս մեգապոլիսի մշակութային եւ հասարակական խնդիրների կառավարման գործում, նշել է. «Քաղաքապետի պաշտօնն ունի առանցքային նշանակութիւն, եւ դա պայմանաւորւած է ոչ միայն քաղաքապետի պաշտօնի եւ Թեհրան քաղաքի հանգամանքով, այլեւ մշակութային հարցերի հետ կապւած քաղաքապետի որդեգրած քաղաքականութեամբ, եւ դրա թողած ազդեցութեամբ քաղաքացիների սոցիալ-մշակութային կեանքի վրայ»:

«Իւրաքանչիւր անձ, որը մուտք է գործոմ նոր քաղաք, այդ քաղաքի քաղաքային մշակոյթի մասին պատկերացում է կազմում առաջինը քաղաքի սանիտարա-հիգենիկ պայմաններից եւ լուսաւորութիւնից: Ես 18 տարի է, ինչ բնակւում եմ Թեհրանում, եւ կարող եմ ասել, թէ այս 18 տարիների ընթացքում Թեհրանն օրըստօրէ առաջադիմել է, նոյնը տեսել եմ նաեւ Իրանի այլ քաղաքներում»,- ասել է թեմակալ առաջնորդը՝ նշելով, որ ինքը Թեհրանը պատկերացնում է կանաչապատ մի քաղաք, կանաչապատումն ու բնապահպանութիւնը համարելով իւրաքանչիւր քաղաքում, քաղաքային կեանքի խորհրդանիշը:

Անդրադառնալով Թեհրանի քաղաքապետի պաշտօնում Մոհամմադ Ալի Նաջաֆիի ընտրութեանը, Սրբազան Հայրը յոյս է յայտնել, որ նորընտիր քաղաքապետը ջանք չի խնայելու, որպէսզի Թեհրանը ճանաչւի որպէս մաքուր եւ կանաչապատ քաղաք:

Սրբազան Հայրը խօսելով հայ-իրանական բազմադարեայ յարաբերութիւնների մասին, ասել է. «Երկու երկրների ժողովրդների պատմութիւնն ու նկարագիրն այնպէս է կապակցւած միմեանց հետ, որն անհնար է առանձնացնել: Հաւատացած եմ, որ իրանական ինքնութեան միատարրութիւնն ընկալելի կը դառնայ այն ժամանակ, երբ դրա կողքին նկատի կառնւի նաեւ Հայաստանի պատմութիւնը, որն ասես, թէ Իրանի պատմութեան մի մասն է»:

Խօսելով 2019 թւականին Ասիական Եկեղեցիների խորհրդի նիստը Թեհրանում անց կացնելու մտադրութեան մասին, թեմակալ առաջնորդը նշել է, որ որեւէ ջանք չի խնայում այդ կապակցութեամբ. «Որպէսզի այդպիսով հնարաւոր լինի բոլորին ներկայացնել Իրանի հետ կապւած ողջ ճշմարտութիւնը»,- ասել է նա:

Հանդիպմանը, Մոհամմադ Ջաւադ Հաղշենասը կարեւորել է Թեհրանի բոլոր քաղաքացիների ներգրաււածութիւնը քաղաքի ղեկավարման գործում՝ ընդգծելով քաղխորհրդի կազմում թեհրանահայութեան ներկայացուցիչների ներգրաււածութեան անհրաժեշտութիւնը:

Նա նշել է, որ քաղխորհրդի կազմում իրեն համարում է թեհրանահայութեան ներկայացուցիչը, եւ հաշւի առնելով այն հանգամանքը, որ անդամակցում է քաղխորհրդի մշակութային յանձնաժողովին, կարեւորել է հայոց եկեղեցիների նկատմամբ յատուկ վերաբերմունքի եւ ուշադրութեան անհրաժեշտութիւնը՝ դրանք համարելով մայրաքաղաքի մշակութային ժառանգութեան կարեւոր մի մասնիկը:

Նշենք, որ հանդիպման ներկայ են եղել նաեւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանն ու փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։