Հա

Համայնք

Կիրակի, 20 Օգոստոսի 2017 11:20

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան օգոստոս ամսւայ հանդիպումը

Երկուշաբթի, օգոստոսի 7-ին կայացաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, միութեան անդամների եւ հիւրերի ներկայութեամբ:

«alikonline.ir» - Երկուշաբթի, օգոստոսի 7-ին կայացաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, միութեան անդամների եւ հիւրերի ներկայութեամբ: Տեղեկացնում է Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրային կապը:

Միութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովէլեանը ողջունելով ներկաներին, յայտնեց միութեան վարչութեան որոշման մասին՝ հերթաբար գնահատելու եւ մեծարելու աւագ միութենականներին: Այդ ուղղութեամբ Երէցների միութեան յունիս ամսւայ հանդիպմանը մեծարւեց ընկեր Ժան Աբրահամեանը, իսկ ներկայ հանդիպումին ծրագրւել է երիցագոյն անդամներից՝ ընկեր Լեւոն Ահարոնեանի մեծարումը:

Լեւոն Ահարոնեանը ծնւել է Իրանի Սալմաստ գաւառի Հաւթւան գիւղում: Մասնագիտութեամբ Քիմիայի ճարտարագէտ է եւ շուրջ 12 տարի աշխատել է այդ բնագաւառում: Ապա անցել է բեռնափոխադրման ոլորտ՝ ստանձելով «Սաթի» տրանսպորտային ընկերութեան տնօրինութիւնը: Տարիների ընթացքին,գերծանր բեռների փոխադրման գործում ընկերութիւնը զարգացել ու ոլորտի առաջատար ընկերութիւններից է դարձել:

Ընկեր Լեւոնը պատանի տարիքից մասնակցել է միութենական աշխատանքներին: Վաղ շրջանից «Արարատ»-ի անդամ է եղել եւ իր մասնակցութիւնն է բերել Կազմակերպութեան բազմաթիւ աշխատանքներին: Մասնակցել է ազգային աշխատանքներին՝ որպէս Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի անդամ եւ Թեմական խորհրդի ատենապետ: Մասնակցել է նաեւ ազգային այլ մարմինների աշխատանքներին:

Ընկեր Լեւոն Ահարոնեանի անւան հետ է կապւած բազմաթիւ բարեգործական ձեռնարկներ: Այդ շարքից յիշենք «Ահարոնեան» մանկապարտէզի կառուցումը՝ ի յիշատակ իր ծնողների, նաեւ «Հայ դպրոց» հիմնադրամը, որի օժանդակութեամբ Հայաստանի տարածքում բազմաթիւ դպրոցներ օժտւել են դպրոցական նստարաններով եւ յարակից կահոյքով:

Ընկեր Լեւոն Ահարոնեանի կենսագրականը ներկայացնելուց յետոյ, միութեան նախագահը աւագ ընկերերոջը յանձնեց մակագրւած մի յուշանւէր:

Յաջորդ բաժնում Իրանի «Մշակութային ժառանգութիւն» հաստատութեան փորձագէտ՝ ճարտարապետ Շերլի Աւետեանը ներկայացրեց «Համաշխարհային ժառանգութեան յուշարձանները Իրանում» խորագրով դասախօսութիւն: Նիւթը վերաբերում էր ԻՒՆԵՍԿՕ մշակութային հաստատութեան կողմից գրանցւած Իրանի յուշարձաններին, այդ թւում նաեւ հայկական վանքերին:

Ընկեր Շերլի Աւետեանը 2000 թւականից աշխատում է Իրանի «Մշակութային ժառանգութիւն» հաստատութիւնում: Նա մեծ ներդրում է ունեցել երկրի տարածքում սփռւած բազմահարիւր քրիստոնէական, յատկապէս հայկական յուշարձանների ուսումնասիրման, վերանորոգման, ԻՒՆԵՍԿՕ-ին ներկայացւելիք իրանական յուշարձանների թղթածրարների պատրաստման ու ներկայացման աշխատանքներում:

Ընկեր Շերլիի բացատրութեամբ՝ սկսած 1979-ից, Իրանի մշակութային մնայուն արժէքներից տարեկան մէկ յուշարձան է գրանցւել՝ որպէս միջազգային ժառանգութիւն: Գրանցման գործընթացը բաւական բարդ է եւ ունի խիստ սահմանափակ ժամանակացոյց՝ թղթածրարի պատրաստման ու յանձնման համար:

Համաշխարհային ժառանգութեան շարքին ներառւած առաջին իրանական յուշարձանը Խուզեստանում գտնւող «Չողազանբիլ» պատմական վայրն է, իսկ վերջինը՝ Եազդի պատմական քաղաքն է, որ վերջերս է գրանցւել: 2008-ին Իրան-Հայաստան միասնական աշխատանքի արդիւնքում գրանցւեցին Ս. Թադէի եւ Ս. Ստեփանոս նախավկայի վանքերը:

Ընկեր Շերլիի փոխանցմամբ՝ վերջին երկու տարում «Մշակութային ժառանգութիւն» հաստատութեան ջանքերով հսկայահան աշխատանք է կատարւել: Ս. Ստեփանոս Նախավկայի վանքում 2016-ին հիմնւել է թանգարան, բացւել է ցուցասրահ ու յուշանւէրների վաճառման խանութ, վերանորոգւել են արտաքին պատերը: Աշխատանքներ է կատարւել Դարաշամբ գիւղում: Արաքսի ափին գտնւող Ս. Անդրէորդի կամ Հովիւ կոչւող մատուռը վերականգնւել է՝ Հայաստանից բերւած վարպետների միջոցով: Մատուռի որմնաքարերը ամբողջապէս իջեցւել է, կրկին վերակառուցւել ու վերաօծւել:

Ընկեր Շերլին երախտագիտութեամբ նշեց ընկեր Վարուժան Առաքելեանի օժանդակութեան մասին, ով հայկական վանքերի եւ յուշարձանների վերանորոգման գործում մշտապէս կանգնած է եղել իրենց կողքին եւ անգամ ամենադժւարին պայմաններում իր աջակցութիւնը չի խնայել:

Օրւայ ծրագրի աւարտին նշւեցին ամսւայ տարեդարձները եւ կատարւեց պատշաճ ընդունելութիւն:

 

Նիւթը Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրային կապին է տրամադրել ընկ. Էդւարդ Յարութիւնեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։