Հա

Համայնք

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 14:40

Տէր ենք կանգնելու մեր դպրոցներին...

Հայոց դպրոցների պահպանումը իր տարրական եւ միջնակարգ երկու բաժիններով ազգային առաջնահերթութիւններից է եւ մենք մեր բոլոր կառոյցներով եւ ամենից էականը մեր ծնողների համագործակցութեամբ, աշխատելու ենք նրանց առողջ, աշխոյժ ընթացքի պահպանման համար:

Վերամուտի խոհեր եւ մտորումներ

 

Արտերկրեայ հայակեանքի գոյութեան ու գոյատեւման, ամրապնդման եւ զօրութեան գլխաւորագոյն սիւներից մէկը հայ դպրոցն է, որ եկեղեցու եւ ընտանիքի հետ կազմում է նւիրական եռասիւն հանդիսանալու համար այն ժայռը, որի վրայ խարսխւել է հայակեանքը: Դեռեւս այս եռասիւնը կազմում է միաժամանակ հայ դիմագծի, ինքնութեան եւ նկարագրի պահպանման միջնաբերդը:

Մարդկային հաւաքականութիւնները, այսօր, աննահանջ հետապնդումով որոնում են իրենց ինքնութեան, ինքնուրոյնութեան պահպանման եւ յաւերժութեան ճշգրիտ ճանապարհը: Համաշխարհայնացումը եւ միւս կողմից ամենօրեայ թեքնո-էլեկտրոնային աշխարհի անվերջ զարգացումը, աշխարհի չակերտեալ տիրակալների անյագ ախորժակները, ի խնդիր նոր նւաճումների, ամենուրեք ահաբեկչական շարժումների առաջագայութիւնը մարդկային ընկերութիւնը տհաճ անորոշութեան դէմ-յանդիման է դրել, նոր մարտահրաւէրների առաջ է կանգնեցրել:

Այս դառն իրականութեան առաջ կանգնած մարդ արարածը այլընտրանք չունի, բացի իր ինքնութիւնն ու ինքնուրոյնութիւնը երաշխաւորող արժէքների մասին մտածելու եւ նրանց կառչած իր կեանքն ու առաքելութիւնը վերատեսելու հրամայականով շարժւելը:

Երկար դարերի պատմական ու մշակութային աւանդով հարուստ իրանահայութիւնը այսօր, դժբախտաբար, տագնապում է իր թւի, քանակի նւազումից, թէեւ մենք հաւատացած ենք, որ քանակի նւազումը անպայմանօրէն չի նշանակում նահանջ եւ կամ յուսախաբութիւն. քաւ լիցի, մեր խոր համոզմամբ իրանահայութիւնը հաւատարիմ իր կոչմանն ու առաքելութեանը, շարունակում եւ շարունակելու է իր կեանքը, ստեղծագործ աշխատանքը իրենից հեռու վանելով յուսալքումն ու յուսախաբութիւնը:

Կեանքի մեր պայքարի, պիտի ասէի հայապայքարի մէջ, հարկ է սակայն լինել զգաստ եւ արթուն. եթէ դպրոցը, հայ դպրոցը մեր գոյութեան միջնաբերդն է, հետեւաբար հարկ է տէր կանգնել այդ միջնաբերդին: Սա մեր առաջ կանգնած մեծագոյն մարտահրաւէրն է: Հարկ է, սիրելի հայորդիք, իմաստութեամբ եւ պատասխանատւութեան բարձրագոյն գիտակցութեամբ տէր կանգնել մեր հոգեւոր եւ մշակութային արժէքներին: Մեր մէջ բոյն դրած օտարամոլութիւնից հարկ է խուսափել: Օտարամուտ երեւոյթներից հարկ է հեռու մնալ: Մեր նոր մատաղ ու մատղաշ սերունդին չպէտք է օտարացնենք, օտարութեան դռները բացելով իր առջեւ եւ օտար, հայութեան հետ երբեք կապ չունեցող անուններ տալով մեր երեխաներին:

Դեռ երկու օրեր առաջ մկրտութեան արտօնագիր ստորագրելիս նկատեցի օտար անուններ՝ Բենիթօ, Էդինիօ, Բրոնիա, Վիոնա եւ այլ անուններ: Օտարները մեր անունները օգտագործո՞ւմ են, վստահաբար, ո՛չ: Որեւէ մէկին վիրաւորելու իրաւունք չունենք, սակայն նւիրական պարտականութիւն ունենք մեր ծնողներին թելադրելու, որ անւանակոչումը շատ կարեւոր եւ էական ակտ է եւ հոգեբանականօրէն ազդում երեխայի ինքնութեան կազմութեան վրայ:

Մեր դպրոցները եւս կարիք ունեն վերատեսութեան եւ վերադասաւորման: Երկար տարիներից մեր երազը եղել է եւ է մեր դպրոցներում տեսնել մեր զաւակներ՝ տղայ եւ աղջիկ կողք-կողքի, ինչպէս որ մեր ժողովրդի եկեղեցական աւանդութիւնը ուսուցանում է մեզ: Մեկնելով երկրի ընդհանուր համակարգի դրութիւնից, դեռ մեզ չի յաջողւել հասնել այդ երազի իրականացման, սակայն մենք «այրի կնոջ» օրինակով պիտի շարունակենք արդարութեան դուռը թակել մինչեւ իրագործումը մեր երազի: Սակայն, մինչ այդ, բոլորս կոչւած ենք նախանձախնդրութեան, բծախնդրութեան եւ զգօնութեան բարձրագոյն պատասխանատւութեամբ կառչելու, կառչած մնալու մեր դպրոցներին, որովհետեւ դպրոցը ամէն մի հայի համար մի փոքրիկ հայրենիք է, արժանի սիրոյ եւ գուրգուրանքի:

Ոչ ոք թող չասի, որ մեր դպրոցների կրթական մակարդակը թոյլ է: Այո՛, մեր փայփայած մակարդակը կարող է չունենան մեր դպրոցները, սակայն այդ երբեք չի նշանակում, որ մակարդակ չունեն մեր դպրոցները եւ երկրորդ, այդ արդարացուցիչ պատճառ չի կարող լինել մեր օտարամոլութիւնը արդարացնող:

Մենք՝ ազգային իշխանութիւն, մեր օրէնսդիր եւ գործադիր կառոյցներով ու ամբողջական ուժականութեամբ տէր ենք կանգնելու մեր դպրոցներին եւ ջանալու ենք ամէն ինչով վառ ու կենդանի պահել նրանց: Մեր սրտագին կոչն է նաեւ մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ չթերագնահատենք մենք մեզ ու մեր դպրոցները, այլ տէր կանգնենք նրանց, որպէս հայի գոյութեան եւ ինքնութեան անաղարտ պահպանման միջնաբերդեր: Չզլանանք մեր նիւթական ու բարոյական օժանդակութեամբ թեւ ու թիկունք կանգնել մեր դպրոցներին:

Մեր ժողովրդի անցեալի պատմութիւնը ցոյց է տւել, որ ամէն անգամ, երբ թերացել ենք մեր արժէքների գնահատման գործում, մեծապէս տուժել ենք ու կորցրել ենք ամենաթանկը՝ մեր անկախութիւնը: Խօսուն օրինակ է 5-րդ դարի հայոց Սահակ Պարթեւ կաթողիկոսի իմաստուն խրատը տրւած հայ նախարարներին, որոնք եկել էին իր մօտ, խնդրելու, որ հայոց հայրապետը գնայ Տիզբոն եւ օրւայ պարսից արքայից արքային խնդրի, որ հայոց Արդաշիր թագաւորին փոխի: Հայոց իմաստուն հայրապետը ասում է՝ «Իմ հիւանդ ոչխարը չեմ փոփանակելու առողջ գազանի հետ»: Նախարարները, դժբախտաբար, չլսեցին կաթողիկոսի խրատը եւ դա պատճառ եղաւ, որ Հայաստանը այլեւս չունենայ հայ թագաւոր, որով եւ վերջ դրւեց Արշակունեաց հարստութեան:

Հայոց դպրոցների պահպանումը իր տարրական եւ միջնակարգ երկու բաժիններով ազգային առաջնահերթութիւններից է եւ մենք մեր բոլոր կառոյցներով եւ ամենից էականը մեր ծնողների համագործակցութեամբ, աշխատելու ենք նրանց առողջ, աշխոյժ ընթացքի պահպանման համար:

Վերամուտի այս օրերին, երբ կրթական համակարգում գործողներ, ծնողներ եւ մենք որպէս ազգային իշխանութիւն վառ ու լուսաւոր ապագայի հեռանկարով նայում ենք մեր դպրոցներին, իմ կրկնակի սրտագին կոչն է մեր ժողովրդի ազնիւ զաւակներին, որ իրենց զաւակներին առաջնորդեն հայ դպրոց, այնտեղ ստանալու համար «սէր ու սնունդ եւ սրտի հպարտ ցնծութիւն»:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

Առաջնորդ Թեհրանի հայոց թեմի

Սեպտեմբեր 2017

Թեհրան

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։