Հա

Համայնք

Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017 14:40

«Թեւանիկ»-ի նախաձեռնութեամբ՝ Ուղտասարում մեկնարկում է չրեղէնի արտադրութիւնը

«Թեւանիկ» բարեսիրական խմբի նախաձեռնութեամբ, օրերս Արցախի Հանրապետութեան Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքում մեկնարկել է չրեղէնի արտադրութիւն: Ստորեւ ներկայացնում ենք այս կապակցութեամբ «Ապառաժ»-ի լրագրող Լուսինէ Թեւոսեանի պատրաստած ռեպորտաժը:

«alikonline.ir» - «Թեւանիկ» բարեսիրական խմբի նախաձեռնութեամբ, օրերս Արցախի Հանրապետութեան Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքում մեկնարկել է չրեղէնի արտադրութիւն: Ստորեւ ներկայացնում ենք այս կապակցութեամբ «Ապառաժ»-ի լրագրող Լուսինէ Թեւոսեանի պատրաստած ռեպորտաժը:

Մի քանի ամիս առաջ «Ապառաժ»-ին տւած հարցազրոյցում Իրանի «Թեւանիկ» խմբի պատասխանատու Իւետ Դանիէլեանի խնդրանքով մենք չենք յիշատակել խմբի առաջիկայ ծրագրերը՝ նպատակ ունենալով գրել դրանց մասին միայն իրագործւելուց յետոյ: Այսօր եկել է դրա ժամանակը:

«Թեւանիկ» խմբի նոր ծրագիրը նպատակ ունի Արցախում զարգացնել չորացւած միրգ պատրաստելու բազմադարեայ աւանդոյթը, նաեւ` օգնել հայ գիւղացուն ու տնտեսական վիճակը փոխել Արցախում:

Կէս մետրի չափով` մրգերի չորացման սարքը տրամադրւել է Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքում ապրող Յովսէփեանների ընտանիքին: Գիւղի ազատագրումից 7 տարի անց՝ 2000 թւականին, Կարօ Յովսէփեանի ընտանիքն առաջիններից էր, որ բնակութիւն հաստատեց գիւղում: Գիւղի առաջին հարսանիքն էլ հէնց Կարոյի որդու հարսանիքն էր: Աշխատասէր, համեստ ու հոգով-սրտով հողին նւիրւած Կարոյի երազանքը «Թեւանիկ» խումբն է իրականութիւն դարձրել:

«Ուղտասարում մեր զբաղմունքը այգեգործութիւնն ու բանջարագործութիւնն է: Միշտ հեռու-հեռաւոր երազանք եմ ունեցել մեր բերքը մշակել եւ արտահանել: Աստծու կամքով եմ հասել այս յաջողութեանը,- ասել է սկսնակ չրագործը եւ փորփրելով հարեւան Իրանից բերած չրի նմուշները` շեշտել,- կը տեսնեք, մեր պատրաստած չիրը ամենաքաղցրն ու ամենահամովն է լինելու»:

Զարթօնք ապրող Ուղտասար համայնքի հողը բերրի է, կան մրգերի տասնեակ տեսակի այգիներ` սալորի, դեղձի, կեռասի, ծիրանի, ձմերուկի: Կարոյի որդին՝ Արթուր Յովսէփեանը վստահեցնում է՝ բերքի խնդիր չեն ունենալու.

«Գյուղացիները տարիներ շարունակ ունեցել են բերքի իրացման խնդիր: Մէկ առ մէկ խօսել եմ գիւղում ապրող մարդկանց հետ, բոլորը միաձայն համաձայնել եւ ողջունել են արտադրութեան գաղափարը,- ասում է երեք երեխաների հայրը եւ ուրախութեամբ շտապում կիսւել ապագայ ծրագրերի մասին,- գիւղում հողամաս ունեմ եւ նպատակ ունեմ հետագայում այնտեղ արտադրամաս հիմնել, աշխատատեղեր ստեղծել»:

Չորացւած մթերքների արտահանման խնդիր եւս չեն ունենալու, վստահեցնում է «Թեւանիկ» խմբի պատասխանատու Իւետ Դանիէլեանը.

«Մենք իրազեկ ենք պահելու այս ընտանիքին տարածաշրջանի շուկայի պայմաններին եւ պահանջներին, տեսականու նմուշներ ենք տրամադրելու եւ օժանդակելու ենք իրացման հարցում,- ասում է Իւետը,- «Թեւանիկ» խումբը 3-4 տարեկան երեխայ է, որը սնւում է մայր հողում ապրող ժողովրդից: Մեր հայրենիքը մենք շատ թանգ գնով ենք ձեռք բերել, եւ չպէտք է ոչինչ խնայենք հայրենիքը զարգացնելու հարցում: Անկախ նրանից, թէ ինչ երկնքի տակ ենք ծնւել եւ ապրում` հայրենիքում, ազատագրւած տարածքներում ապրող երեխաների համար լաւ ապագայ ապահովելը բոլորիս պարտքն է»:

Սարքը հնարաւորութիւն ունի 5-8 ժամւայ ընթացքում 250 կգ. չորացած միրգ պատրաստել: Նպատակ ունեն մի քանի տարի անց մէկ սարքի կողքին 2-րդ, 3-րդ սարքը տեղաւորել:

«Եթէ ուզում ես ստեղծել հզօր Հայաստան, եթէ ուզում ես վրէժ լուծել թուրքից, հէնց նրա քթի տակ ստեղծիր հզօր, ազատ, հարուստ Հայաստան, որից ոչ մէկը չի ուզենայ հեռանալ»` Պերճ Զէյթունցեանի խօսքերը մէջբերելով, ծրագրին իր մասնակցութիւնն ունեցած Արցախի Հանրապետութեան ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան անդամ Ռիտա Մնացականեանը շեշտել է, որ «Թեւանիկ» խումբը գալիք հզօր Հայաստանի ուրւագծողն է:

ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան անդամ Ալեոշա Գաբրիէլեանը ծրագրի կարեւորութեան մասին խօսելով` շեշտել է, որ Ուղտասարի նոր սերունդը այսուհետ գիւղում մնալու եւ գիւղը շէնացնելու հնարաւորութիւներ ունի:

«Այս ծրագրիը շարունակական է եւ նպատակ ունի Արցախում զարգացնել մանր բիզնեսը»,- ասել է Ա. Գաբրիէլեանը:

Երեւանցի ու գորիսեցի, արմարւիրցի ու ստեփանաւանցի. 17-ամեայ Ուղտասարը մի յարկի տակ է հաւաքել ամենաաշխատասէր ու ազնիւ մարդկանց, ովքեր քարը քարի վրայ դնելով` հաստատուն քայլերով առաջ են շարժւում:

«Մեզ պէտք չէ գումար տալ, պէտք է հնարաւորութիւններ ստեղծել, որ մենք մեր գումարը սեփական քրտինքով վաստակենք: «Թեւանիկ» խումբն իր օգնութեամբ նպաստեց մեր Ուղտասարի առաջ շարժւելուն: Վստահեցնում ենք՝ երկու տարուց «Ուղտասար» բրենդի չրեղէն է յայտնւելու միջազգային շուկայում»,- ասել է Ուղտասարի գիւղապետ Մանուէլ Պետրոսեանը:

 

Յ. Գ. «Ապառաժ»-ի յաջորդ նիւթը «Թեւանիկ» բարեսիրական խմբի մասին չի ուշանայ: Յաջորդ քայլը կրթամշակութային ծրագրերն են:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։