Հա

Համայնք

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 14:40

Դասական երաժշտութեան սպասւած համերգ՝ «Չհարմահալ»-ում

Երկուշաբթի սեպտեմբերի 11-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհաննէս Թումանեան» սրահում ելոյթ ունեցաւ Հայաստանի Ղազարոս Սարեանի անւան արւեստի դպրոցի երաժշտական խումբը:

Իրանահայ դպրոցական երաժիշտների եւ Հայաստանից ժամանած «Ղազարոս Սարեան» դպրոցի սաների մասնակցութեամբ

 

«ԱԼԻՔ» - Երկուշաբթի սեպտեմբերի 11-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհաննէս Թումանեան» սրահում ելոյթ ունեցաւ Հայաստանի Ղազարոս Սարեանի անւան արւեստի դպրոցի երաժշտական խումբը:

Խմբի կողքին դաշնամուրի, ջութակի եւ հարփի վրայ կատարումներով ելոյթներ ունեցան նաեւ թեհրանահայ դպրոցական երաժիշտներ, որոնք Կրթական խորհրդին կից Մշակութային յանձնախմբի կազմակերպած մրցոյթներում գերազանց ելոյթներով էին աչքի ընկել:

Երաժշտական երեկոյի մեկնարկից առաջ ողջոյնի խօսքով Մշակութային յանձնախմբի անունից ելոյթ ունեցաւ Բեսի Յովհաննիսեանը, ով հանդիսատեսին ներկայացրեց Ղազարոս Սարեան արւեստի դպրոցի գործունէութիւնն ու դերը՝ կապւած մշակոյթի զարգացմանն ու տարածմանը:

Նախաձեռնութեան հեղինակ՝ Արմենուհի եւ Ղեւոնդ Կուկունեանների անւան «Նոր սերունդ» հիմնադրամի անունից ելոյթ ունենացաւ Արփի Աճեմեանը, ներկայացնելով հիմնադրամի միջոցներով իրականացւած ծրագրերի էութիւնը, նշելով, որ այժմ տրամադրւող օժանդակութիւնների կողքին իրականացւում է նաեւ Սիրիայի հակամարտութեան բերումով Երեւանում հաստատւած սիրիահայ երեխաներին արւեստի դպրոցում սովորելու համար հարկաւոր կրթաթոշակների ու ուսման հետ կապւած ծախսերի տրամադրումը:

Ծրագրի իրականացման գեղարւեստական ղեկավար՝ մայեստրօ Ռազմիկ Օհանեանը կիսելով իր տպաւորութիւնները Թեհրանում իրականացրած խմբի ելոյթի մասին, նշեց, որ ծրագիրն իրականացւում է երկու երկրների միջեւ «մշակութային կամուրջ» ծրագրերի շրջանակներում, որով էլ կարելի է արձանագրել, որ նախաձեռնութիւնը որակ հաղորդեց գոյութիւն ունեցող ընդհանուր գաղափարին:

Ղազարոս Սարեանի անւան արւեստի դպրոցի խմբի համադրող-ղեկավար Արմինէ Գրիգորեանը ողջունելով ներկաներին, չթաքցնելով իր յուզմունքը, տպաւորութիւններով փորձեց կիսւել հանդիսատեսի հետ: «Այս կարճ ժամանակահատւածում մենք հասցրինք վայելել իրանահայութեան ջերմութիւնն ու արդէն մեզ համարում ենք համայնքի մի մասնիկը»,- նշելով տկն. Գրիգորեանը յաւելեց, որ խօսափողի մօտ է, քանի որ ցանկանում էր փոխանցել Ղազարոս Սարեանի անւան արւեստի դպրոցի տնօրէն Սուսաննա Սուքիասեանի ողջոյնի խօսքերն ու շնորհակալութիւնը:

Տեւողութեամբ շուրջ երկու ժամ դասական շնչով ընթացող ելոյթներին հետեւող հանդիսատեսը, ականատեսն եղաւ 12-ից 17 տարեկանների կատարողական արւեստին, որտեղ խօսում էր ոչ թէ տարիքը, այլ ինքը՝ դասական երաժշտութեան ոգին ու շունչը:

Ծրագրի աւարտին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը նշեց, որ Իրան-Հայաստան կապերի ամրութեան երաշխիքը կարելի է տեսնել մշակութային փոխգործակցութեան եւ համատեղ իրականացւած նախագծերի մէջ: Նա դիմելով երկու՝ իրանահայ եւ Հայաստանից ժամանած պատանիներին նշեց, որ ձեր միջոցով կատարւած գործն ու ներդրումը աւելիով է ամրացնելու երկու երկրների միջեւ գոյացած բարեկամական կապերը, քան տնտեսութիւնը կարող է անել:

Յատկանշական է, որ նոյն օրը, առաւօտեան, «Ղազարոս Սարեան»-ի սաները այցելել էին «Ալիք» օրաթերթ եւ ծանօթացել կատարւող աշխատանքներին ու տպագրման ընթացակարգին: Խմբի պատասխանատու Արմինէ Գրիգորեանի, ինչպէս նաեւ «Նոր սերունդ» հիմնադրամի ներկայացուցիչ Արփի Աճեմեանի հետ ունեցած մեր զրոյցը շուտով՝ մեր առաջիկայ համարներից մէկում ընթերցողի սեփականութիւնը կը դառնայ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։