Հա

Համայնք

Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2017 15:25

60-ամեայ «Թունեան»-ում հնչեց նոր ուսումնական տարւայ առաջին զանգը

Այսօր Իրանի դպրոցներում, այդ թւում, նաեւ, Թեհրանի հայոց դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին:

Այս տարի Թեհրանի հայոց թեմում դպրոցներ են յաճախելու աւելի քան 2500 աշակերտ-աշակերտուհիներ:

«alikonline.ir», Սիւնէ Ֆարմանեան - Այսօր Իրանի դպրոցներում, այդ թւում, նաեւ, Թեհրանի հայոց դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին:

Այս տարի Թեհրանի հայոց թեմում դպրոցներ են յաճախելու աւելի քան 2500 աշակերտ-աշակերտուհիներ:

Հայոց դպրոցների տարեմուտի առիթով թեմիս քահանայ հայրերը եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչները այցելել են դպրոցներ, ընթերցելով Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի դպրոցական վերամուտի պատգամը:

Հայոց ազգ. «Թունեան» դպրոցում, որն այս տարի թեւակոխում է իր հիմնադրման 60-ամեակը մնոյնպէս մեկնարկեց նոր ուսումնական տարին: Օրւայ խորհուրդը պահպանելու, աշակերտների դպրոցական տարեմուտը տօնական եւ յիշարժան դարձնելու նպատակով դպրոցում կազմակերպւել էր տօնական հանդիսութիւն:

Միջոցառմանը ներկայ էին Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Թ. Հ. թեմակալ առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանհայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը, Պատգամաւորական ժողովի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Սեւան Դանիէլեանը, Ազգային մարմինների ներկայացուցիչներ, ուսուցչուհիներ եւ ծնողներ:

Միջոցառումը մեկնարկեց տէրունական աղօթքով ապա հնչեց Իրանի հիմնը:

«Թունեան» դպրոցի 60-ամեակի յանձնախմբի անունից բացման խօսքով հանդէս եկաւ դպրոցի փոխտեսչուհի Շաքէ Աւետեանը:

Բարեմաղթանքների ելոյթներով հանդէս եկան Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ դոկտ. Կարէն Խանլարեանը, ինչպէս նաեւ դպրոցի տեսչուհին:

Յատկանշական է որ, ելոյթների թւում էր «Թունեան» դպրոցի աշակերտուհիների խօսքը:

Շաքէ Աւէտեանն անդրադառնալով դպրոցի հիմնադրման 60-ամեակին նշեց. «Պէտք է կանգուն պահել հայոց դպրոցը, դպրոցները ձեր շնորհիւ է կազմւել եւ պահպանւել: Դպրոցները շնորհիւ հայ ուսուցիչ-ուհիների ծնողական խորհուրդների ապրել եւ շնչել են հայօրէն: Իսկ այսօր «Թունեան» դպրոցը երբ թեւակոխում է իր 60-ամեակը. պատգամը աշակերտութեանը նոյն է ինչ Սիմոն Վրացեանի խօսքը. «Շարունակէք լաւ սովորել դուք պէտք է լինէք Իրանի լաւ քաղաքացիներ, միաժամանակ պէտք է սիրէք ձեր ազգը լաւ սովորէք մեր կրօնը, պատմութիւնը, մեր գրականութիւնը, հպարտ եղէք որ հայ ազգի զաւանկեր էք»:

Այնուհետեւ հնչեց աշակերտութեան խօսքը որտեղ ամդրադարձ եղաւ դպրոցի կառուցման պատմութեանը, վերանորոգմանն ու անցեալին:

Իսլ. խորհրդարանում Թեհրանում եւ հիւսիսային իրանհայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանն էլ շնորհաւորելով նոր ուսումնական տարւայ մեկնարկի առիթով, աշակերտներին մաղթեց բարի երթ՝ անդրադառնալով իրանահայութեան դերակատարութեանը Իրանի զարգացման գործում:

Միջոցառումը յագեցած էր գեղարւեստական բաժնով որտեղ աշակերտուհիների կատարմամբ հնչեցին ազգային եւ հայրենասիրական երգեր:

Վերջում, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ողջունելով «Թունեան» դպրոցի 60-ամեայ երթը նշեց. «Ուրախ եմ եւ երջանիկ, երբ տեսնում եմ ձեզ հայ դպրոցում, որտեղ եկել էք, իբրեւ հաւատարիմ զաւակներ մեր եկեղեցու, սովորելու ձեր մայրենի լեզուն, ճանաչելու ձեր կրօնն ու պատմութիւնը»:

Սրբազան Հայրը անդրադառնալով լեզւի եւ կրօնի կարեւորութեանը ասաց. «Մենք պարտաւոր ենք 21-րդ դարում մեզ վերատեսենք որպէսի նոր մարտահրաւէրներ յաղթահարենք: Երբ լեզուն եւ հաւատը ամուր եւ զօրաւոր դառնայ մենք կը կարողանանք թռչել: Ցանկանում եմ մեր նոր սերնդի երթը դէպի ապագայ լինի հաստատակամ, տեսլիքը լինի իդիալական եւ մեր հարւածքը լինի նպատակային»:

Վերջում Սրբազան Հօր ձեռամբ ծաղիկներ շնորհւեցին «Թունեան» դպրոցի նախկին եւ գործող ուսուցչուհիներին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։