Հա

Համայնք

24/09/2017 - 10:30

Սրբազան Հօր պատգամը՝ աշակերտութեան

Սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,

Անհուն ուրախութեամբ եւ անկեղծ հպարտութեամբ ողջունում եմ ձեզ բոլորիդ այս առաւօտ, երբ դպրոցական 2017-2018 վերամուտի առաջին այս պահին, լսում էք առաջին զանգն ու ձեզ սիրող տեսուչի, փոխտեսուչի եւ պատասխանատուների ողջոյնի խօսքերը, առաւել, երբ կրկին անգամ, որպէս դասընկերներ՝ տեսնում էք միմեանց որպէս մէկ ընտանիքի անդամներ, ամբողջ մի տարի, միասնաբար սովորելու, զրուցելու եւ խաղալու:

Սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,

Անհուն ուրախութեամբ եւ անկեղծ հպարտութեամբ ողջունում եմ ձեզ բոլորիդ այս առաւօտ, երբ դպրոցական 2017-2018 վերամուտի առաջին այս պահին, լսում էք առաջին զանգն ու ձեզ սիրող տեսուչի, փոխտեսուչի եւ պատասխանատուների ողջոյնի խօսքերը, առաւել, երբ կրկին անգամ, որպէս դասընկերներ՝ տեսնում էք միմեանց որպէս մէկ ընտանիքի անդամներ, ամբողջ մի տարի, միասնաբար սովորելու, զրուցելու եւ խաղալու:

Այո՛, սիրելիներ ասացի ուրախութեամբ, իրօք ուրախ եմ եւ երջանիկ, երբ պատկերացնում եմ ձեզ հայ դպրոցում, որտեղ եկել էք, որպէս հաւատարիմ զաւակներ մեր եկեղեցու, սովորելու ձեր մայրենի լեզուն, ճանաչելու ձեր կրօնն ու պատմութիւնը: Շատ ապրէք:

Ասացի հպարտութեամբ եմ ողջունում ձեզ. այո՛, հպարտ եմ ձեզանով, որովհետեւ ձեզանից իւրաքանչիւրի մէջ տեսնում եմ ապագայ հաւատաւոր ու հաւատարիմ երիտասարդի ու երիտասարդուհի, ապագայ ծնողը, դատապաշտպանը իր հոգեւոր եւ ազգային արժէքների եւ գոհունակութեամբ Աստծուն փառք եմ տալիս ձեզ համար:

Յաճախ ձեզ հանդիպելիս ասել եմ, որ հայ դպրոցը հայ աշակերտի տունն է, որտեղ նա մտնում է որպէս տանտէր հարազատ եւ որտեղ ստանում է սէր ու սնունդ, սրտի հպարտ ցնծութիւն:

Մարդու կեանքում հպարտութիւնը ծնւում է իր պատմութիւնը ճանաչելուց, իր լեզուն ու հաւատքը ապրելուց, այլ խօսքով, երբ ճանաչում է իր հայրերի կեանքը, տեղեակ է լինում նրանց մեծ գործերին, կարդում է իր ազգի հերոսների, գրողների, փիլիսոփաների, եկեղեցական մեծ հայրերի, ճարտարագէտների, մեծ բժիշկների կեանքի դրւագները եւ նրանցով հպարտանում, ինչու չէ նաեւ ուրախանում, եւ փառք Աստծու, որ մեր ժողովուրդը բազմաթիւ օրինակելի դէմքեր ունի, որոնք նաեւ միջազգային գրականութեան, արւեստի եւ այլ բնագաւառներում իրենց յատուկ տեղն ունեն:

Մի ժողովրդի պատմութիւնը ուղեցոյց է եւ ճշմարիտ ճանապարհ, որից ընթանալով մարդ հաւատարիմ է մնում իր ազգին ու հայրենիքին:

Մեր հայրերը անցեալում ապրեցին կատարելով Աստծու պատւէրները եւ դրանով արժանացան Աստծու օրհնութեան: Դաւիթ մարգարէն ասում է.-

«Երանի այն մարդուն, որ Տիրոջ երկիւղն ունի

Եւ մեծ հաճոյքով նրա պատւէրներն է կատարում:

Այդպիսի մարդու սերունդը

Երկրի վրայ զօրաւոր պիտի լինի

Ուղիղ վարքով ապրող մարդկանց զաւակները պիտի օրհնւեն»: (Սղ. 112:1-2)

Սիրելի աշակերտներ, ահա հայ դպրոցը իր էութեամբ կոչւած է ձեր մէջ առաւել եւս աճեցնել սէր եւ յանձնառութիւն ձեր մայրենի լեզւի, կրօնի, պատմութեան եւ ընդհանրապէս գիտութեան հանդէպ. ճշմարիտ գիտութեամբ, իր ազգի հոգեւոր եւ ազգային արժէքներով զինւած ու պատրաստւած անձը, աշակերտը միայն կը կարողանայ տէր եւ պաշտպան լինել նաեւ ազգային ու մարդկային արժէքներին:

Հետեւաբար, իմ թելադրանքն է ձեզ, որ դպրոցում ձեր ամէն մի պահը, մի ժամը, մի րոպէն օգտագործէք. Պօղոս առաքեալը ասում է. «Քանի ժամանակը մեր ձեռքում է, բարին գործենք»: Մեզ համար, մեր կեանքի այս հանգրւանին կարեւորը բարի, լաւ, օրինակելի, ճշմարտախօս, աշխատասէր ու յանձնառու աշակերտ լինելն է: Ջանացէք ձեր ունեցած գիտութիւնը աւելացնել եւ վստահ եղէք, որ Աստւած աւելիով տալու է ձեզ:

Այս առիթով աղօթում եմ, որ Աստւած խաղաղութիւն պարգեւի ամբողջ աշխարհին, բայց յատկապէս մեր սիրելի Իրանին, որպէսզի խաղաղութեամբ սկսւած մեր դպրոցական տարեշրջանը առաւել խաղաղութեամբ ընթանայ:

Այս խոհերով, կրկին անգամ, ողջունում եմ ձեզ սիրելիներ, շնորհաւորում եմ բոլորիդ սկսւող 2017-2018 դպրոցական տարեշրջանի վերամուտի առիթով եւ աղօթում միանգամայն, որ ձեր ուսումնական այս տարին լինի արդիւնաշատ ու բազմաբեղուն: Աղօթում եմ, որ Աստւած ձեզ ու ձեր բոլոր պատասխանատուներին՝ տեսուչ, փոխտեսուչ, ուսուցիչ եւ ծնող շնորհի կատարեալ առողջութիւն, անփորձանք կեանք եւ առաւել պայծառամտութիւն ու համբերութիւն:

Աստւածային օրհնութիւն բոլորիդ:

ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ  ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ 

Սեպտեմբեր 2017
Թեհրան

Յարակից լուրեր

  • Սրբազան Հօր շնորհաւորանքը Նոռուզի առիթով
    Սրբազան Հօր շնորհաւորանքը Նոռուզի առիթով

    Շատ սիրելի հայրենակիցներ՝ քոյրեր, եղբայրներ

    Մօտալուտ Նոր տարւայ - Նոռուզի - տօնի առիթով սրտանց շնորհաւորում եմ ձեզ եւ մաղթում բոլորիդ Աստծու օրհնութիւններով լեցուն կեանք։

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Կիրակի, մարտի 17-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նորակառոյց շէնքի ներքնայարկի սրահի բացման արարողութեան յանձնախմբի անդամներին:

  • Հոգեհանգստեան արարողութիւն հանգուցեալ Տ. Մեսրոպ Բ պատրիարքի հոգու խաղաղութեան համար
    Հոգեհանգստեան արարողութիւն հանգուցեալ Տ. Մեսրոպ Բ պատրիարքի հոգու խաղաղութեան համար

    Կիրակի, 17 մարտ 2019-ի առաւօտեան, յընթացս ս. պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց հանդիսաւոր հոգեհանգստեան յատուկ արարողութիւն նորոգ հանգուցեալ Կ. Պոլսոյ Ս. Աթոռի գահակալ Տ. Մեսրոպ Բ պատրիարք Մութաֆեանի հոգու խաղաղութեան համար։

  • Գիր դատապարտութեան եւ զօրակցութեան
    Գիր դատապարտութեան եւ զօրակցութեան

    Աշխարհի խաղաղասէր ու աստւածավախ ողջ մարդկութիւնը ցնցւեց ի լուր Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական այն գործողութիւնները, որոնց զոհ գնացին ուրբաթօրեայ աղօթասաց աւելի քան 50 անմեղ հաւատացեալներ, որոնք իրենց մզկիթներում Աստծուն փառաբանելու ընթացքի մէջ էին։

  • Այցելութիւն Հայ ակումբ
    Այցելութիւն Հայ ակումբ

    Հինգշաբթի, 14 մարտ 2019 թ.-ի կէսօրին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ պրն. Ռոբերտ Բեգլարեանի եւ Հայ ակումբի վերականգնումի շտապի ատենապետ պրն. Նորայր Արամեանի այցելեց Հայ ակումբ վերահասու լինելու, մինչ այդ կատարւած աշխատանքներին։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։