Հա

Համայնք

Կիրակի, 15 Հոկտեմբերի 2017 14:30

ՀՃՃՄ-ի երիտասարդական միաւորի նախաձեռնութեամբ երկրորդ «Թոք շոու»-ն՝ համայնքին յուզող խնդիրների շուրջ

Դեռեւս յուլիսի 7-ին նոյն խորագրով կլոր սեղան-քննարկումը («Թոք շոու»-1) այն էլ երիտասարդ միաւորի նախաձեռնութեամբ որպէս ինքնատիպ եւ համարձակ  քայլ  գնահատւեց թէ՛ բանախօսների կողմից, եւ թէ՛ հասարակական հնչեղութեան առումով նման գնահատական ստացաւ:

«Ալիք», Ա. Է. - Դեռեւս յուլիսի 7-ին նոյն խորագրով կլոր սեղան-քննարկումը («Թոք շոու»-1) այն էլ երիտասարդ միաւորի նախաձեռնութեամբ որպէս ինքնատիպ եւ համարձակ  քայլ  գնահատւեց թէ՛ բանախօսների կողմից, եւ թէ՛ հասարակական հնչեղութեան առումով նման գնահատական ստացաւ:

Քննարկում, որի տրամաբանական շարունակութիւնը («Թոք շոու»-2) չնչին փոփոխութիւններով կայացաւ արդէն  հոկտեմբերի 13-ին «Արամ Մանուկեան» սրահում: Ճիշտ է քննարկման տրամաբանութիւնը նոյնն էր, բայց քննարկւող հարցերում շեշտադրւել էին արդէն վերջին ժամանակահատւածում համայնքում առգոյ խնդիրների արծարծում, որոնք սեղանին դրւեցին ու լուրջ քննարկումների առարկայ դարձան:

Բանախօսների ընտրութիւնը գրեթէ նոյն պատկերով էր ուրւագծւել ինչպէս նախկինը, միայն այս անգամ երկու անհատի փոփոխութիւն էր կրել: Օրակարգով նախատեսւած հարցերին պատասխանեցին եւ քննարկումներին մասնակցեցին դոկտ. Անդրանիկ Սիմոնեանը, արւեստագէտ, կինոքննադատ Ռոբերտ Սաֆարեանը, «Ալիք» օրաթերթի կայքէջի պատասխանատու - խմբագիր Արամ Շահնազարեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը եւ Տ. Արիստակէս քհն. Շահմիրեանը:

Ինչպէս արդէն նշեցինք արծարծւեցին վերջին ժամանակահատւածում առգոյ խնդիրներ՝ ինչպիսին երկրորդ գլխի տակ նախատեսւած հարցն էր «Վերլուծել կրթական համակարգը եւ դպրոցների իրավիճակը ներկայ պայմաններում»: Եղան բաց քննարկումներ եւ ներկաների հարցերին հանգամանալից պատասխանեցին Թեմական խորհրդի ատենապետը եւ քահանայ հայրը, ինչու ոչ նաեւ միւս բանախօսները, ստեղծւած իրավիճակից ելքեր ու լուծումներ առաջարկեցին:

Ինչեւիցէ, նախատեսւած օրակարգում առգոյ էին նաեւ անցեալ օրակարգից շարունակւող հարցերի քննարկում՝ մասնաւորաբար առաջին գլխի տակ մատնանշւած էր, թէ խորագրի թեմայի վերաբերեալ որեւէ լրացուցիչ բացատրութիւն ունեն արդեօք բանախօսները եւ նոր ընդգրկւած մասնակիցները տւեալ հարցի շուրջ եթէ ունեն իրենց պատկերացումները ներկայացնեն:

Այստեղ հակիրճ եւ ամփոփ քննարկում գնաց, քանի որ անցեալ «Թոք շոու»-ի ժամանակ բաւականին հանգամանալից քննարկումներ եղան, իհարկէ չի կարելի բացառել այն հանգամանքը, որ հասարակութեան համար այս թեման մշտապէս բաց է մնում, նոյնը կարելի է ասել պատասխանող կողմի համար, որն էլ հէնց կարմիր թելի նման անցաւ այս «Թոք շոու»-ի օրակարգ:

Նորից ու նորից բարձրացւեց երիտասարդներին այդքան յուզող հարցը՝ աշխատատեղերի եւ աշխատանքի ստեղծման հնարաւորութիւնները, համայնքում այդ ծիրում հարցադրումով շեշտւած՝ արդեօք հնարաւոր է համակարգ ստեղծել ու կենտրոնացնել համայնքի ներկայ ռեսուրսները: Այստեղ բանախօսների տեսակէտները կիսւեցին: Նրանցից երկուսը գտնում էին, որ տնտեսական ոլորտում գործարարների ընտրութիւնը աշխատուժի առումով պայմանաւորւած է մասնագիտական մօտեցմամբ եւ անհատի ինքնակողմնորոշմամբ պէտք է լինի, իսկ միւս բանախօսները այլ կարծիք ունէին՝ նրանք առաջարկում էին նախ գործի ուսուցում, ապա որպէս աշխատող ձեւակերպելու կողմնորոշում: Երկու մօտեցումներն էլ հետաքրքիր էին եւ ներկայ պայմաններին յատուկ: Այստեղ առանձնացնենք պրն. Բեգլարեանի տեսակէտը, ով շեշտեց, որ այս հարցի լուծումը տնտեսական ոլորտում գիտական հնարաւորութիւններ չունի եւ ուղղակի գործնական չէ:

Նախատեսւած օրակարգի վերջին երկու հարցերը մէկտեղւեցին ժամանակի սղութեան պատճառով, քանի որ նոյնիսկ այս համատեղումից յետոյ «Թոք շոու»-ն տեւեց շուրջ երեքուկէս ժամ:

Հետաքրքիր զուգահեռներ անցկացրեց քննարկմանը ներկայ պրոֆեսոր Մարկ Գրիգորեանը, ով այս օրերին հիւրաբար Թեհրանում է: Նա այստեղ զուգահեռներ անցկացրեց արդէն երկրի մասշտաբով կրթական բարձր մակարդակի գոյութեան եւ օտար երկրներում նոյն ոլորտի առաւել ցածր կրթամակարդակի միջեւ եւ սա նա ներկայացրեց որպէս դասախօս, ով դասաւանդում է օտարերկրեայ մի շարք անւանի համալսարաններում: Ուշագրաւ էր նաեւ պրոֆեսոր Մկրտիչ Թումանեանի խօսքը, ով մատնանշեց մեր դպրոցներում նշանակւած տեսուչների մասնագիտական որակը, յստակ զուգահեռներ անցկացրեց Թաւրիզում գործող համակարգի միջեւ, որը ըստ պարոն Թումանեանի՝ մեզ համար առաւել շահաւէտ կարող է լինել, որից կը շահի նաեւ հայերէնի դասաւանդման որակը:

Այստեղ, իհարկէ եթէ խօսք է գնում մեր երեք համայնքներում հայերէնի դասաւանդման որակից, ապա յաւելենք նաեւ Նոր Ջուղայի հայկական դպրոցներում դասաւանդւող հայերէն լեզւի մատուցման բարձր որակը, որը մշտապէս օրինակ է ծառայել թէ՛ համայնքային, եւ թէ՛ հայաստանեան կրթական մեթոդիկայում:

«Թոք շոու»-ն վարեց միութեան անդամ ճրտգ. Արթին Խուդաբախշեանը, ով բաւականին ճկուն կերպով կարողանում էր համակարգել օրակարգով նախատեսւած հարցերի քննարկման ելքերը:

Վերջում միութեան նախագահ Վարուժան Եդիգարեանը շնորհակալութիւն յայտնեց մասնակիցներին եւ հրաւիրեց պրոֆեսոր Մարկ Գրիգորեանին եւ վարչութեան անդամներին, շնորհակալագրեր յանձնելու բանախօսներին:

Այս «Թոք շոու»-ն իր տեսակի մեջ շարունակւելու նախադրեալներ արդէն իսկ ունի եւ ողջունելի նախաձեռնութիւն լինելուց բացի, նման ձեւաչափով քննարկումների բացը այսօր մեր համայնքում անհրաժեշտութիւն է:

Կարծում ենք, որ լաւ կը լինի նախատեսւած հարցերին համընթաց որպէս բանախօսներ ընտրւեն նաեւ համապատասխան ոլորտի պատասխանատուներ, ովքեր ազգային հասարակական մարմինների ներկայացուցիչների հետ միասին առաւել հանգամանալից հարցերին մօտեցումներ կը ներկայացնեն:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։