Հա

Համայնք

Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2017 14:40

Գումարւեց Պատգամաւորական ժողովի արտահերթ նիստը

Երէկ` հոկտեմբերի՝ 30-ին տեղի ունեցաւ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկւած էր  3 կէտեր:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի, նիստը մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ պատգամաւորների թւային պատկերի ստուգմամբ:

«alikonline.ir», Սիւնէ Ֆարմանեան - Երէկ` հոկտեմբերի՝ 30-ին տեղի ունեցաւ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկւած էր  3 կէտեր:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի, նիստը մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ պատգամաւորների թւային պատկերի ստուգմամբ:

Սկզբում Պատգամաւորական ժողովի անդամների կողմից ծաղկեփունջ նւիրւեց Սրբազան Հօրն իր ծննդեան տարեդարձի առիթով, որից յետոյ ժողովի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը բարեմաղթանքների խօսքեր ուղղեց Սրբազան Հօրն ասելով. «Սրբազան Հայրը երկար տարիներ է ինչ բացառիկ նւիրումով ծառայում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն. Մաղթում ենք աստւածային օրհնութիւններ եկեղեցուն եւ հետագայ յաջողութիւններ մարդկութեանը, խաղաղութեանը եւ մեր հայրենիքի բարորութեանը նպաստող՝ ձեր ծառայութեանը»:

ՊԺ ատենապետը նախքան օրակարգին անցնելը յայտնեց վերջերս մեր համայնքում տարածւած դրամահաւաքների մասին, որոնք կատարւում են տարբեր սոցիալական ցանցերում, որի կապակցութեամբ խնդրեց Սրբազան Հօրը յայտնելու իր տեսակէտը:

Սրբազան Հայրն իր շնորհակալական խօսքերն ուղղելով ներկաներին անդրադարձաւ ատենապետի ընդգծած թեմային. «Հայ Առաքելական Եկեղեցին մշտապէս յիշեցրել է անշահախնդիր բարեգործութեան անհրաժեշտութեան մասին՝ այն համարելով քրիստոնէական գլխաւոր առաքինութիւններից մէկը սակայն առանց աւետարանական պատշաճ գիտակցութեան կատարւած օժանդակութիւնը չի կարող նոյնանալ քրիստոնէական բարեգործութեան հետ, քանզի վերջինս պահանջում է նաեւ բոլոր պատւիրանների անշեղ կիրառում եւ աստւածահաճոյ կենցաղ»:

Սրբազան Հայրը իր արտայայտութիւններում աւելացրեց. «Այս օրերում թելեգրամների խմբերում յաճախ ականատես ենք լինում անձերի դրամահաւաքներին ուստի պէտք է մեր ժողովրդի ուշադրութեանն յանձնեմ, որպէսի աւելի նախանձախնդրօրէն հետեւեն նման քայլերի քանի որ այս գաղութը անտէր չէ եւ ոմանք նման արարքներով փորձում են շւաքի տակ տանել կատարւած աշխատանքները»:

Այնուհետեւ Պատգամաւորական ժողովը շարունակելով նիստը զբաղւեց օրակարգի վերջին կէտով, որի ժամանակ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը ներկայացրեց Թեմական խորհրդի զեկոյցը՝ Հայաստանի հողատարածքի վաճառքի կամ ուրիշ զարգացումների մասին, որի ժամանակ յիշեցրեց, որ հողատարածքի յաճախորդին ներկայացւել էր 3 նախապայման որոնք էին. «Հողատարածքի առնւազն արժէքն է 3 դոլար կմ.-ի համար, գումարը պէտք է ստանալ Հայաստանում եւ դոլարով» ատենապետը յայտնեց. «Ըստ նախորդ նիստում ներկայացւած ՊԺ-ի տեսակէտների յաճախորդին առաջարկւեց համագործակցելու հողատարածքի արդիւնաբերութեան ուղղութեամբ որին չհամաձայնւեց նա»:

ՊԺ-ի նախորդ նիստում հնչած տեսակէտներից էր՝ հողատարածքի շահագործումը, որն ըստ Թեմական խորդհրդի՝ առաջարկում բացակայում է սցենարային մօտեցումների տարբերակը: Կան լաւ մտքեր, գաղափարներ, սակայն իրագործման ֆինանսական հնարաւորութեան բաղադրիչը բացակայում է:

Այնուհետեւ պատգամաւորները ներկայացրին իրենց տեսակէտները եւ հարցումները Հայաստանի հողատարածքի վաճառման վերաբերեալ:

Հայաստանի հողատարածքի վաճառման լայնածաւալ քննարկումների համատեքտում անդադար հնչեցին ե'ւ դրական ե'ւ բացասական տեսակէտներ:

Վաճառմանը. «այո'» ասած պատգամաւոների արտայայտութիւնների համատեքտում առկայ էր տնտեսական մօտեցումներ, որոնց համոզմամբ պէտք է օգտագործման յանձնել 12 տարի անօգտագործելի վիճակում յայտնւած ազգապատկան հողատարածքը: «Այո»-ների թւում էր երիտասարդ պատգամաւորի ձայնը, որի համոզմամբ պէտք է շահագործման յանձնել լճացած վիճակում գտնւած հողատարածքը եւ լաւագոյն կերպով արդիւնաբերել համայնքային սեփականութիւն հանդիսացող անօգտագործելի հողատարածքից ստացած գումարը ի նպաստ՝ նոր սերնդի զարգացման եւ բարգաւաճմանը:

Իսկ «ո'չ վաճառմանը» ասում էին պատգամաւորներ, որոնց մտահոգութիւնների խորքում կար ստացւած գումարի ճակատագիրը, որոնց համոզումով բացակայում էր դրան բնորոշ հեռանկարային ծրագիրը:

ՊԺ-ի թէժ քննակումներն աւարտւեց երկու ցանկերով, որից յետոյ Պատգամաւորական ժողովի դիւանը եւ Թեմական խորհուրդը լսելով ՊԺ-ի մտահոգութիւնները եւ յայտնած տեսակէտները կազմեցին հետեւեալ բանաձեւը. «Հայաստանում գտնւող թեմապատկան 10 հեկտար հողատարածքը վաճառել 4 ԱՄՆ դոլար քառակուսի մետրի դիմաց: Վաճառքը իրագործելուց յետոյ յանձնարարւում է Թեմական խորհրդին ՊԺ-ի տնտեսական յանձնաժողովի հետ համագործակցաբար, ստացած գումարի սահմաններում մինչեւ 6 ամիս Իրան-Հայաստան յարաբերութեան զարգացման ծիրում որեւէ նախագիծ ներկայացնել Պատգամաւորական ժողովին»: Բանաձեւին կողմ քւէարկեցին 24, դէմ՝ 10, ձեռնպահ՝ 3, որի արդիւնքում հաստատւեց ներկայացւած բանաձեւը:

Եզրափակիչ ելոյթում Սրբազան Հայրը գնահատելով բոլոր պատգամաւորների նախանձախնդրութիւնը եւ ՊԺ-ի շահագրգիռ քննարկումները յայտնեց. «Ընդհանրապէս հաւաքականութեան մէջ կայ մեծամասնութիւն, որոնք իրենց ձայնը տալով ընթացքի մէջ են դնում որոշումները»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։