Հա

Համայնք

Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2017 10:25

Թեհրանի հայոց թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմինը հանդիպեց Էմամ Խոմէյնիի օժանդակութիւնների կոմիտէի ներկայացուցիչներին

Երեքշաբթի՝ նոյեմբերի 14-ի առաւօտեան Թեհրանի հայոց թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմնի (ԿՕՄ) հրաւէրով Էմամ Խոմէյնիի օժանդակութիւնների կոմիտէի ներկայացուցիչների մասնակցութեամբ, նիստ գումարւեց Թեհրանի հայոց ազգային առաջնորդարանում:

«alikonline.ir» - Երեքշաբթի՝ նոյեմբերի 14-ի առաւօտեան Թեհրանի հայոց թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմնի (ԿՕՄ) հրաւէրով Էմամ Խոմէյնիի օժանդակութիւնների կոմիտէի ներկայացուցիչների մասնակցութեամբ, նիստ գումարւեց Թեհրանի հայոց ազգային առաջնորդարանում: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Հանդիպմանը մասնակցում էին Էմամ Խոմէյնիի օժանդակութիւնների կոմիտէի սոցիալական աշխատողների գերատեսուչ՝ Համիդռեզա Էլահին, նոյն կոմիտէի ներկայացուցիչներ՝ Մեհդի Էսմայիլին եւ ֆաթեմէ Թէյմուրին, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի անդամ եւ ԿՕՄ-ի հետ կապ՝ Սերոժ Մատթէոսեանը, ԿՕՄ-ի ատենապետ՝ Մուշեղ Ծատրեանը, փոխատենապետ՝ Հրայր Աբդալեանը եւ ԿՕՄ-ի ներկայացուցիչներ՝ Ալիս Դիլանչեանն ու Մայիս Մինասեանը:

Հանդիպման սկզբում ԿՕՄ-ի ատենապետ Մուշեղ Ծատրեանը որոշ բացատրութիւններ ներկայացրեց մարմնի կողմից իրականացւող աշխատանքների, նպաստ ստացողների թւի, նաեւ օժանդակութիւնների ընթացքի մասին, որը ներառում է կանխիկ նպաստներ, բժշկական օժանդակութիւններ, բնակարանի վարձ, դպրոցական աշակերտների թոշակների վճարում եւ այլն:

Այնուհետեւ Թեմական խորհրդի կապ՝ Սերոժ Մատթէոսեանն անդրադարձաւ Էմամ Խոմէյնիի օժանդակութիւնների կոմիտէի պատասխանատուների հետ նախկին հանդիպմանն ու ցաւով նկատեց, որ պայմանաւորւածութիւնների գործադրման հարցը, թէ կոմիտէի եւ թէ Թեմական խորհրդի կողմից անուշադրութեան է մատնւել:

Հանդիպման ժամանակ պրն. Էլահին անդրադարձաւ կոմիտէի աշխատանքների ընթացքին ու դիմողներին ներկայացւող ծառայութիւններին, որոնց մէջ են մտնում կանխիկ օժանդակութիւնները, վարկ ստանալու հարցում օժանդակութիւնը, յատուկ աշխատանքի ստեղծման համար տրամադրւող վարկերը, բժշկական պարագաները, մոլիների հարցերին վերահասութիւն տալը եւ այլն:

ԿՕՄ-ի անդամների կողմից կոմիտէի ներկայացուցիչներին փոխանցւեցին հետեւեալ դիմումները՝

- Կարիքաւորներին բուժման քարտերի տրամադրում

- Կարիքաւորների ժամանակաւոր բնակեցում

- Յատուկ հիւանդութեամբ տառապողներին օժանդակութիւն ցուցաբերել

- Մոլիների ընտանիքի անդամներին նաեւ մոլի անձին բուժման ուղղութեամբ օժանդակութիւն ցուցաբերել

- Տօնական օրերին կանխիկ նպաստների վճարում

- Նորապսակներին տան կահոյքով ապահովել

- Մինչեւ 20 միլիոն թուման աշխատանքի ստեղծման վարկի տրամադրում

- 2-ից 5 միլիոն թուման առանց տոկոսադրոյքի շտապ վարկի (قرض الحسنه) յատկացում

- Անաշխատունակ անձանց օժանդակութիւնների յատկացում

Հանդիպման աւարտին ԿՕՄ-ի կողմից պահանջ ներկայացւեց, որպէսզի Էմամ Խոմէյնիի օժանդակութիւնների կոմիտէն պաշտօնապէս ճանաչի ԿՕՄ-ին:

Հանդիպմանը մասնակից պետական պատասխանատուները, ներկայացւած խնդրանքները կոմիտէին փոխանցելու, դրանց իրականացման ուղղութեամբ ջանք գործադրելու եւ այսուհետ այդ կապակցութեամբ պատասխանատու լինելու դրական խոստում տւեցին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։