Հա

Համայնք

Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2017 15:00

«Talk show»՝ որտեղ հանդիպեցին տարածաշրջանային լեզուն եւ գաղափարը

Դիսկուրսերաներ, վերլուծութիւններ, «Talk show»-ների հիմնական սկզբունքներից մէկը հանդիսանում է՝ սոցիալ-քաղաքական համատեքստի ուսումնասիրութիւնը, որի ընթացքում կոտորակւում են տարբեր թեմաներ, բացւում են դրանց ամենատարբեր ծալքերը, փորձ է արւում հնարաւորինս հարթել անորոշութիւնները եւ մտքերի դիսկուրսի արդիւնքում ձեւաւորել քննարկւող թեմայի հետ կապւած որոշակի պատկեր:

Դիսկուրսերաներ, վերլուծութիւններ, «Talk show»-ների հիմնական սկզբունքներից մէկը հանդիսանում է՝ սոցիալ-քաղաքական համատեքստի ուսումնասիրութիւնը, որի ընթացքում կոտորակւում են տարբեր թեմաներ, բացւում են դրանց ամենատարբեր ծալքերը, փորձ է արւում հնարաւորինս հարթել անորոշութիւնները եւ մտքերի դիսկուրսի արդիւնքում ձեւաւորել քննարկւող թեմայի հետ կապւած որոշակի պատկեր:

Իսկ ինչ վերաբերւում է Մերձաւոր Արեւելքին այսօր բոլոր քաղաքական ուժերը եւ քաղաքագէտները գիտակցում են տարածաշրջանում ընթացող զարգացումների կարեւորութիւնը:

Հէնց այս համատեքստում էլ տեղի ունեցաւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ «Հայ Դատը տարածաշրջանային վերջին իրադարձութիւնների համատեքստում» խորագրով, «Հայ Դատն այսօր» 13-րդ խորհրդաժողովին հետեւած «Talk show»-ն, որը կոչւած էր լոյս սփռելու Իրաքեան Քուրդիստանում ծաւալւող իրադարձութիւնների ամենատարբեր ծալքերի վրայ, պարզելու դրանց արմատները, դրդապատճառները, էութիւնը եւ զարգացման հնարաւոր ընթացքն ու միտումները, եւ մանաւանդ՝ դրանց ազդեցութիւնը Հայ Դատի, Հայաստանի եւ հայութեան վրայ:

«Անկախ Քուրդիստանը, տարածաշրջանային քարտէզի փոփոխութիւնն ու դրանց ազդեցութիւնը Հայ Դատի հոլովոյթի վրայ» խորագրով «Talk show»-ն վարեց Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախկին նախագահ, «alikonline»-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանը, իսկ քննարկմանը մասնակցում էին «Հայ Դատն այսօր» 13-րդ խորհրդաժողովի զեկուցաբերներից ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերով գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը, ԵՊՀ միջազգային յարաբերութիւնների եւ դիւանագիտութեան ամբիոնի վարիչ, ԵՊՀ Հայագիտական կենտրոնի հայ-քրդական առնչութիւնների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսեանը, քաղաքագէտ, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցութիւնների վերլուծական կենտրոն»-ի տնօրէն Ստեփան Գրիգորեանը, ԵՊՀ իրանգիտութեան ամբիոնի դասախօս Արմէն Իսրայէլեանը, Պոլսում տպագրւող «Ակօս» պարբերականի հայերէն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկեանը եւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

Արամ Շահնազարեանը «Talk show»-ն բնութագրեց որպէս «մտքերի պինգ-պոնգ»՝ յստակեցնելով, թէ Իրաքի հիւսիսում ընթացող իրադարձութիւնների հնարաւոր արդիւնքները ոչ մէկին յայտնի չեն: Նա ասաց. «Անկասկած, նման պայմաններում, երբ ողջ արեւելքը վերածւել է ակտիւ հրաբուխի, ժայտքելու վտանգը կայ ու նման պարագաներում խօսել՝ իրադարձութիւնների յստակ զարգացման մասին, եթէ ոչ անհնար, ապա չափազանց դժւար է»՝ աւելացնելով, որ «Talk show»-ի ընթացքում, այնուամենայնիւ, փորձ կարւի ինչ-որ արդիւնքի հասնել:

Թէ ինչու որպէս «Talk show»-ի թեմա ընտրւեց հէնց Իրաքեան Քուրդիստանը, Արամ Շահնազարեանը նշեց, որ դեռեւս Պարսից ծոցի առաջին պատերազմին յաջորդած տարիներին, եւ մասնաւորաբար 2003-ից սկսեալ Քուրդիստանում տեղի ունեցող իրադարձութիւնները ինչ-որ ձեւով վերածւել են Մերձաւոր Արեւելքի քաղաքական կացութեան ընդհանուր բաղադրիչի, որոնց նշանակութիւնն առաւել կարեւորւեց յատկապէս անկախութեան հանրաքւէից յետոյ:

Ըստ նրա՝ Իրաքեան Քուրդիստանի վեջին իրադարձութիւնները խոր հետք են թողել Մերձաւոր Արեւելքում ուժերի յարաբերակցութեան վրայ, տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ազդեցիկ ուժերին ստիպել են վերադիրքաւորւել եւ փոխել են տարածաշրջանում մինչ այդ ընդունւած խաղի կանոնները:

Միացեալ, անկախ Քուրդիստանի ստեղծման հեռանկարներն ու հնարաւորութիւնները եւ դէպի ուր է գնալու այն հարցմանը, առաջինը պատասխանեց Սետփան Գրիգորեանը՝ նշելով. «Կիրականացւի այն, թէ ոչ դժւար է ասելը, սակայն՝ որ քրդերը շատ մեծ շանսեր ունեն ստանալ անկախութիւն դա ակնյայտ է»:

Ստեփան Գրիգորեանի համոզմամբ տարածաշրջանային նորովի զարգացումների ձեւաւորման վրայ մեծ ազդեցութիւն ունեն գերտէրութիւնները: Նա յայտնեց. «Այսօր ԱՄՆ-ի յենարանը Թուրքիան չէ, նրանք ե՛ւ Իրաքում ե՛ւ Քուրդիստանում աշխատում են քրդերի հետ, եւ այնպէս էլ վերահսկում են տարածքը»:

Վահրամ Պետրոսեանը պատասխանելով, նոյն հարցին, Միացեալ Քուրդիստանի ձեւաւորումը անհաւանական համարեց, իսկ՝ անկախ Քուրդիստանինը՝ հնարաւոր:

Կիրօ Մանոյեանն էլ կիսելով Վահրամ Պետրոսեանի կարծիքը, կարեւորեց Իրաքեան Քուրդիստանում առկայ տարաձայնութիւնները եւ քաղաքական վէճերը, ինչն էլ համարեց հետագայ զարգացումների անորոշութեան պատճառը: Նրա կարծիքով Հայաստանն այս հարցում նախքան որեւէ դիրքորոշում ընդունելը պէտք է սպասի՝ տեսնելու, թէ ինչպիսին կը լինեն Իրաքեան Քուրդիստանի հետագայ քայլերը եւ զարգացումները:

Ըստ Կարէն Խանլարեանի. «Անհաւանական է Իրաքեան Քուրդիստանի հանրաքւէի միջոցով միջազգային սուբիեկտ դառնալը, իսկ ինչ վերաբերւում է անկախացման գաղափարական հասկացողութեանը, ապա դա հնարաւոր է»: Նա իր պատասխանը յստակեցրեց հետեւեալ կերպ. «Ոչ կայ անկախ Քուրդիստան, ոչ էլ մօտ ապագայում տեսանելի կը լինի»:

«Ակօս»-ի հայկական բաժնի խմբագիրն էլ անհաւանական համարելով Քուրդիստանի անկախացումը՝ քուրդ ժողովրդին նմանեցրեց հայերի եւ անկախացման հանրաքւէն, մեկնաբանեց, որպէս համընդհանուր եւ չձեւաւորւած ազգային կամք՝ յայտնելով. «Դժբախտաբար միջազգային հանրութիւնը որդեգրում է սահմանների անփոփոխութեան սկզբունքը եւ դէմ է ազգերի կամքի դրսեւորման սկզբունքին»:

Անդրադառնալով Քուրդիստանի անկախութեան ազդեցութեանը տարածաշրջանի վրայ Կարէն Խանլարեանն ասաց. «Իրանի քրդերն ազգային իմաստով աւելի բարձր մակարդակի վրայ են գտնւում: Նրանք աւելի լաւ են ընկալում թէ՛ իրանական լեզուն եւ թ՛է մշակոյթը, ինչը նոյնը չէ Թուրքիայի քրդերի մօտ: Նոյնը վերաբերւում է նաեւ Իրանի քրդերի դաւանականութեանը, ինչը Իրանը չի փորձել ոչնչացնել, չարգելելով օրինակ Քուրդիստան անւանումը»: Կարէն Խանլարեանը աւելացրեց. «Իրանը վաղուց ի վեր ձեւաւորել է դիւանագիտական, քաղաքական եւ տնտեսական յարաբերութիւններ Իրաքեան Քուրդիստանի հետ, որն հիմնւած է Իրաքի հողային ամբողջականութեան կոնտեքստում»:

Իրանագէտ Արմէն Իսրայէլեանն անդրադառնալով Արամ Շահնազարեանի ուղղած հարցին ընդգծեց. «Հարցը կայանում էր ներքրդական միասնութեանը, որն կրում էր թոյլ բնոյթ՝ դրսեւորելով չձեւաւորւած համընդհանուր կամքը»:

Բարզանիականներին անդրադառնալիս Վահրամ Պետրոսեանը ուշադրութեան է հրաւիրում նաեւ նրա վրայ, որ կար ոչ միայն նախագահի ինստիտուտի լեգալացման, այլեւ մի շարք խնդիրներ, մասնաւորապէս Քիրկուկի խնդիրը: «Անկախութեան հանրաքւէն ուժեղացրեց բարզանիականների դիրքերը»,- կարծում է Վահրամ Պետրոսեանը:

Ըստ Պետրոսեանի՝ Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ հիւպատոսութիւն բացելու վերաբերեալ քննարկումները վաղուց էին ընթանում: Հիւպատոսութեան բացումը սկզբունքային որոշում է, այն էականօրէն կը նպաստի Հայաստանի ու Քուրդիստանի ռեգիոնալ կառավարութեան յարաբերութիւնների զարգացմանը:

Նրա խօսքով՝ այս հիւպատոսութեան հետ կապւած քրդական կողմը մեծ յոյսեր է կապում, բազմաթիւ քուրդ գործիչների շրջանում Հայաստանի հետ կապւած դիսկուրսը բաւական դրական է:

«Քուրդիստանի ռեգիոնալ կառավարութիւնը Հայաստանը դիտարկում է նաեւ տարածաշրջանի համատեքստում: Դրանից բացի, կարեւորում է տնտեսական գործօնը: Մեծ յոյսեր են կապում ներդրումների հետ, նոյնիսկ նշում են բնագաւառներ, որտեղ Հայաստանը կարող է օգտակար լինի: Կարեւորում են առողջապահական համակարգը, համագործակցութեան եզրեր են փնտրում գիւղատնտեսութեան բնագաւառում: Նախանշում են համագործակցութիւն կրթական ոլորտում, հազարաւոր քրդեր պատրաստ են գալ Հայաստան կրթութիւն ստանալու»,- ասաց Վահրամ Պետրոսեանը` նշելով, որ ընդհանուր առմամբ Հայաստանը դրական իմիջ ունի: Այժմ Հայաստանի խնդիրն է աշխատել այդ ուղղութեամբ:

Կիրօ Մանոյեանի կարծիքով` Քուրդիստանի անկախացումը կարող է ընդհանուր ապակայունացման յանգեցնել տարածաշրջանում: «ՀՀ սահմանից ուղիղ գծով նոյնիսկ 300 կմ. չկայ մինչեւ Իրաքի Քուրդիստան, դրա համար ապակայունացումը վտանգաւոր կը դառնայ մեր տարածաշրջանի համար, եթէ սկսւեն մեծածաւալ ռազմական գործողութիւններ, որի մասնակիցը կը դառնան տարբեր պետութիւններ, եւ իսկապէս ապակայունացումը կը հասնի մեզ շատ արագ»,- նշեց Մանոյեանը:

Թէ ինչպէս պէտք է դիտարկել տարածաշրջանային գործընթացը Հայ Դատի պահանջատիրութեան պայքարի համատեքստում Իրանի իսլ. խորհրդարանի հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը յայտնեց որ հողի տէրը նա է, ով առաջինն է բնակւել դրա վրայ: Նա յաւելեց. «Միջազգային իրաւունքի տեսանկիւնից ունենք հզօր զէնք, որն է Վուդրօ վիլսոնի իրաւարար վճիռը, որն օրէնք է համարւում ԱՄՆ-ում»:

Համաձայն Խանլարեանի՝ «Արեւմտեան Հայաստանի տարածքները աներկբայօրէն Հայաստան է»: Թէ ինչ կանենք այդ հողերի հետ նա պատասխանեց. «Դա պէտք է ճշտի Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը»:

Վահրամ Պետրոսեանը վերջում ընդգծեց, որ անհրաժեշտ է, որպէսզի ՀՀ-ն հանդէս գայհամընդհանուր հայեցակարգով, որտեղ կը կազմակերպի սցենարային մոդելներ հայ-քուրդական յարաբերութիւնների հարցով:

Եւ այսպէս աւարտւեց «Հայ Դատն այսօր»-ի «Talk show»-ն, որը եզրափակւեց «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսեանի ելոյթով, ով բարձր գնահատեց Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի գործունէութիւնը եւ կարեւորեց երիտասարդների իրազեկումը: ՀՅԴ Բիւրոյի անունից էլ խօսեց Կիրօ Մանոյեանը՝ բարձր գնահատելով քննարկւած թեմաները:

Ռեպորտաժը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

«alikonline.ir»

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։