Հա

Համայնք

Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2017 13:20

Հեռուստամարաթոն՝ նւիրւած «Բերքառատ Արցախ» ծրագրին

25-ամեակը բոլորած «Հայաստան» Համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպւող 20-ամեայ անցեալով հեռուստամարաթոնը, որի նպատակն է Հայաստանում եւ Արցախում հրատապ համարւող հարցերի կարգաւորման, ի խնդիր համայն հայութեան նպաստների հաւաքագրումը եւ այդ լաւագոյնս  ծառայեցնելը ի շահ այդ հարցերի, որոնց կարգաւորումը պահանջում է համահայկական մասնակցութիւն:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - 25-ամեակը բոլորած «Հայաստան» Համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպւող 20-ամեայ անցեալով հեռուստամարաթոնը, որի նպատակն է Հայաստանում եւ Արցախում հրատապ համարւող հարցերի կարգաւորման, ի խնդիր համայն հայութեան նպաստների հաւաքագրումը եւ այդ լաւագոյնս ծառայեցնելը ի շահ այդ հարցերի, որոնց կարգաւորումը պահանջում է համահայկական մասնակցութիւն:

Այդ նպատակով, երէկ՝ նոյեմբերի 22-ի երեկոյեան, Թեհրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատունը կազմակերպել էր հանդիպում՝ համայնքի հոգեւոր եւ քաղաքա-հասարակական դէմքերի եւ ինչու չէ բարերարների հետ: «Մեր հայրենիք» օրհներգով սկիզբ առած միջոցառմանը Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը ողջունելով ներկաներին, անդրադարձաւ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի անցած ուղուն եւ ընդգծեց, որ հաւաքի նպատակն է ամփոփել նախորդ տարւայ  անցած ճանապարհի արդիւնքները  եւ խօսել առաջիկայ անելիքների եւ ծրագրերի մասին: Դեսպանը ընդգծեց. ««Հայաստան» Համահայկական հիմնադրամը աշխարհում բազմաթիւ կառոյցներ ունի՝ 20 երկրներում եւ աւելի քան 23 քաղաքներում մշտապէս գործող կառոյցներ կան, բայց իրանեան կառոյցը դրանց շարքում լաւագոյն արդիւնքն է ցուցաբերել եւ լաւագոյն վերաբերմունքը դրսեւորած կառոյցներից է, որին նպաստող գործօններ կան, որոնցից կարեւորագոյնը համայնքի սէրն է դէպի համահայկական բոլոր ծրագրերը»: Դեսպանը յաւելեց նաեւ, որ «Հիմնադրամը ի պաշտօնէ ղեկավարում է ՀՀ նախագահը եւ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամները ներկայացնում են ողջ հայութիւնը, Հայաստանի, Արցախի եւ բոլոր համայնքների եկեղեցական, հասարակական եւ մի խօսքով բոլոր կառոյցները ներկայացւած են  հիմնադրամում»:

Հանդիպմանը հրաւիրւեց արտայայտւելու Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ով ընդգծեց. «Հաւատքը մեզ մեր իրական կեանքին եւ մեր առաքելութեանը անքակտելիօրէն միացնող մտածողութիւն է» եւ հաւաստեց, որ այս հաւատքով կարելի է իրականացնել անկարելին: Թեմակալ առաջնորդը նշեց, որ մեր նահատակների արեան գնով ձեռք բերւած անկախ հայրենիքը, համահայկական ջանքով պիտի օրէցօր բարգաւաճի եւ շէնանայ եւ կոչ ուղղեց բոլորին՝ իրենց լուման բերել այս աշխատանքին:

Միջոցառմանը հիմնադրամի ծաւալած շինարարական աշխատանքների մասին զեկոյց ներկայացրեց հիմնադրամի ներկայացուցիչ Արին Քարիմեանը, ընդգծելով, որ հեռուստամարաթոնը այս տարի եւս մեկնարկելու է նոյեմբերի 23-ին եւ հաւաքագրւող գումարը ուղղւելու է «Բերքառատ Արցախ» ծրագրի իրականացմանը, որի նպատակն է խորքային հորերի կառուցումը եւ արեւային էներգետիկայի օգտագործումը»: Ընթացքում ցուցադրւեց տեսաֆիլմ ցայսօր կատարւած աշխատանքների մասին: Միջոցառմանը հայրենասիրական երգերով հանդէս եկաւ Ռայիսա Աւանէսեանը եւ կազմակերպւել էր ընդունելութիւն: Հանդիպմանը ներկայ էին՝ նաեւ Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ եւ բարերարներ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։