Հա

Համայնք

Կիրակի, 03 Դեկտեմբերի 2017 08:15

Հարցազրոյց «Արարատ» երգչախմբի ղեկավար՝ Արփի Սիմրոջեանի հետ

Հ. Մ.«Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ «Արարատ» երգչախմբի 2017 թ.-ի ելոյթը առիթ հանդիսացաւ որ հանրութեան հետ կապը նոյեմբերի 28-ին մտերմիկ հարցազրոյց կազմակերպի «Արարատ» երգչախմբի ղեկավար Արփի Սիմրոջեանի հետ, որը ներկայացնում ենք ամբողջութեամբ:

Հ. Մ.«Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ «Արարատ» երգչախմբի 2017 թ.-ի ելոյթը առիթ հանդիսացաւ որ հանրութեան հետ կապը նոյեմբերի 28-ին մտերմիկ հարցազրոյց կազմակերպի «Արարատ» երգչախմբի ղեկավար Արփի Սիմրոջեանի հետ, որը ներկայացնում ենք ամբողջութեամբ:

 

Հ.- Խնդրեմ ներկայացրէք Ձեզ:

Պ.- Ծնւել եմ Թեհրանում, նախնական կրթութիւնս ստացել եմ «Քուշեշ-Վաչէ Յովսէփեան» եւ «Քուշեշ» ազգային ուղեցոց դպոցներում իսկ միջնակարգը «Քուշեշ-Մարիամեան» եւ «Մարի Մանուկեան» դպրոցներում:

1984 թւականին ընդունւել եւ աւարտել եմ Թ. Հ. Թ. Հայերէնագիտական երեկոյեան եռամեայ դասընթացները: Ուսանել եմ նաեւ Ազատ համալսարանի անգրելէն լեզւի թարգմանութեան ճիւղում:

2001 թ. ընդունւել եմ «خوش نهاد پیمان» կոչւող հաստատութիւն Թեհրանի կոնսերւատորիայում, որտեղ աւարտել եմ միջազգային երգարւեստի ճիւղը:

2007 թ.-ին ընդունւել եմ Երեւանի Կոմիտասի անւան պետական կոնսերւատորիայում վոկալ տեսական ֆակուլտետի խմբավարական բաժնում եւ 2015 թ. աւարտել եմ ստանալով մագիստրատուրան (գերլիսանս):

Փոքր հասակից անդամակցել եմ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութիւնում իսկ քանի տարիներ անց Արւեստից միութիւնում‎:

 

Հ.- Ինչպէ՞ս էք սկսել Ձեր գեղարւեստական գործունէութիւնը:

Պ.- Ծնւելով արւեստով զբաղւող ընտանիքում միշտ յատուկ յարգանք եմ ունեցել արւեստի նկատմամբ:

14 տարեկանից յաճախել եմ դաշնամուրի դասի անւանի երաժիշտ եւ մտաւորական Համբարձում Գրիգորեանի աւագ դստեր Անուշ Գրիգորեան-Սարեանի մօտ, սակայն վերջինիս արտագաղթելու պատճառով դասընթացները շարունակել եմ մեր համայնքում ճանաչւած երաժշտութեան ուսուցչուհի օր. Հրաչուհի Մակարեանի մօտ, որի քաջալերանքով անդամակցել եմ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Անի» երգչախմբին, հէնց օր. Մակարեանի ղեկավարութեամբ: Այդ ընթացքում մասնակցել եմ օր. Հրաչուհու կազմակերպած սոլֆեժի դասընթացներին իսկ մի առ ժամանակ անց օր. Հրաչուհու կողմից նշանակւել որպէս խմբավարի օգնական «Անի» երգչախմբում:

Անդամակցել եմ նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի «Սեւան» երգչախմբում անւանի եւ ժամանակի պետական երգչախմբի ղեկավար հանգուցեալ պրն. Գուրգէն Մովսիսեանի խմբավարութեամբ որպէս սոպրանօ ձայնի երգչուհի: Մասնակցել եմ նաեւ պրն. Մովսիսեանի կազմած խմբավարութեան դասարաններին եւ «Սեւան» երգչախմբի ղեկավարի օգնական՝ պրն. Ժոզէֆ Յովսէփեանի կազմած հարմոնիայի դասարաններին:

Թ. Հ. Թ. Հայերէնագիտական դասընթացներին, որպէս ուսանող աշակերտել եմ արւեստաբան, երաժշտագէտ օր. Լիդա Բերբերեանի դասարաններում հայ երաժշտութեան պատմութեան զարգացումը առարկան, որի շնորհիւ աւելի եմ սկսել հետաքրքրւել, արժէքաւորել եւ ճանաչել մեր մշակութային հարստութիւնը:

Լինելով Հ.Մ.Ա.Կ.-ի սկաուտ, խմբավարել եմ Սկաուտական միութեան երգչախումբը եւ հանդէս եկել միութեան 30-ամեակին:

1982 թ. օր. Հրաչուհու խորհրդով եւ քաջալերանքով ստանձնել եմ Հ. Մ. «Նայիրի» միութեան երգչախմբի խմբավարութիւնը 13 տարի անսպառ աշխատանքով:

Աշխատել եմ «Զէյթուն» ներկայիս «Ահարոնեան» եւ «Սասուն» մանկապարտէզներում նաեւ «Արարատ» տարրական եւ ուղեցոյց դպրոցներում, որպէս երգի ուսուցչուհի նաեւ համագործակցել եմ դպրոցների եւ միութիւնների արտադասարանային եւ ամառային աշխատանքներին դարձեալ որպէս երգի ուսուցչուհի:

1988 թ. հիմնել եմ Հայ համալսարանականների ընդհ. միութեան «Տաւիղ» երգչախումբը, որը մինչ այսօր շարունակում է իր աշխատանքը:

Ստանձնել եմ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Անի» մանկապատանեկան երգչախումբը 10 տարի շարունակաբար աշխատելով:

Ղեկավարել եմ «Փոթորիկ 2» յեղափոխական երգչախումբը ու նաեւ հիմնել «Անի» միութեան «Քնար» մանկապատանեկան երգչախումբը 5 տարի տեւողութեամբ:

2011 թ.-ից ղեկավարում եմ Կրթական խորհրդի կողմից կեանքի կոչած «Նոր ձայներ» դպրոցական երգչախումբը:

Վերոյիշեալ բոլոր երգչախմբերը իրենց մասնակցութիւնն են ցուցաբերել թէ՛ հայկական, եւ թէ՛ պարսկական միջոցառումներին:

2004 թ.-ից 4 տարի դասաւանդել եմ Թեհրանի կոնսերւատորիայում, որպէս խմբերգային առարկայի դասատու:

2007-2008 ուսումնական տարեշրջանից սկսել եմ դասաւանդել Թ. Հ. Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացներում հայ երաժշտութեան պատմութեան զարգացումը առարկան, որը շարունակւում է մինչ այսօր:

Դասաւանդել եմ նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստի դպրոցում երգ-երաժշտութեան առարկան:

Իսկ արդէն 2016 թ.-ից սկսեալ աշխատում եմ Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» երգչախմբի հետ:

 

Հ.- Ինչպէս գիտենք դուք Հայաստանում էք ստացել ձեր երաժշտական մասնագիտութիւնը խնդրեմ ամփոփ բացատրել դրա մասին:

Պ.- Արդէն զգալով խմբավարական արւեստի ծարաւը եւ մասնագիտութիւն ձեռք բերելու ցանկութիւնը, մտածեցի փորձի համար դիմել Երեւանի Կոմիտասի անւան պետական կոնսերւատորիան եւ տեղեկանալ հեռակայ ուսում ստանալու համար:

Բարեբախտաբար բախտը ինձ ժպտաց քանի որ իմացայ շատ երկար տարիներից յետոյ կոնսերւատորիան որոշել է մի քանի մասնագիտութիւնների ոլորտում գումարած նաեւ խմբավարութիւն բացել հեռակայ ուսման ընթացքը եւ այդպիսով 2007 թւականին դիմելով կոնսերւատորիա ինձանից, որպէս մուտքի քննութիւն ուզեցին իմ համերգներից մի քանիսի տեսանիւթերը ընդորում ընդունւեցի Երեւանի Կոմիտասի անւան պետական կոնսերւատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի խմբավարական բաժնում: Սկզբում մէկ տարի ուսանել եմ պրոֆ. Մարիկա Եդիգարեանի մօտ որից մահից յետոյ մի քանի շրջան ուսանել եմ մայեստրօ՝ Տիգրան Հեքեքեանի դասարանում իսկ վերջին երեք տարին եւ աւարտական աշխատանքս կոնսերւատորիայի խմբավարութեան ամբիոնի վարիչ եւ Կոմիտասի անւան օպերայի ստուդիայի գեղարւեստական վաստակաշատ ղեկավար՝ պրոֆ. Յովհաննէս Միրզոյեանի դասարանում:

 

Հ.- «Արարատ»-ում ի՞նչ յանձնարարութիւններ էք ստանձնել:

Պ.- Փոքր տարիքից անդամակցել եմ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Սկաուտական միութեանը, եղել եմ աստիճանաւոր եւ յետոյ փոխանցւել կրտսերների հատւած եւ այնուհետեւ եղել խմբակի պատասխանատու իսկ բացի այդ կազմել եմ սկաուտական երգչախումբ, որը մասանակցել է միութեան 30-ամեակին:

Իսկ Արւեստից միութեան մէջ երգել «Անի» եւ «Սեւան» երգչախմբերում նաեւ եղել «Անի» երգչախմբի օգնական:

 

Հ- Ներկայիս «Արարատ» երգչախմբի փորձերը ի՞նչ օրեր, ժամեր եւ որտեղում են կայանում:

Պ.- «Արարատ» երգչախմբի փորձերը տեղի են ունենում կիրակի եւ երեքշաբթի օրերը ժամը 8-ից 10-ը բայց կան անհատներ, որոնց ձայնի վրայ պիտի աշխատանք տարւի, որոնց հետ պարապում եմ նոյն օրերը կէս ժամ նախքան ընդհանուր փորձը:

 

Հ.- Եթէ երգչախմբի առումով կան դժւարութիւններ ու մտահոգութիւններ խօսէք այդ մասին։

Պ.- Երգչախմբի ամենամեծ դժւարութիւնը մարդուժի պակասն է, որի հետեւանքով տուժում է խումբը: Մարդուժի պակասի պատճառներից մէկը արտագաղթն է, եւ անկանոն մասնակցութիւնը, իհարկէ անկանոն մասնակցութիւնները ունեն իրենց յարգելի պատճառները օրինակ համալսարանի դասարանների պատճառով ժամերը իրար զուգատիպելով անդամը չի կարողանում մի ընթացք փորձերին մասնակցել բայց միեւնոյնն է յարգելի կամ ոչ յարգելի դա արդէն խանգարում է…

Բայց ընդհանուր առմամբ կան մտահոգութիւններ այն առումով որ գնալով սերունդների մէջ նկատելի են ոչ գործունեայ լինելը եւ ամենագլխաւորը անտեղեակ լինելն է իրենց ազգից եւ մշակութային արժէքներից, մենք առանց այն որ անդրադառնանք կորցնում ենք մեր ազգային արժէքների պահպանումը ամենաակնյայտը լեզուն է սա սպիտակ ջարդի պէս է, երիտասարդների մօտ նկատւում է ոչ-հայկական բառերի գործածման ծանր կշիռը եւ դրա արդիւնքն է լինում այն, որ արդէն հայերէն բառերի իմաստն եւ տառաճանաչումը մոռացութեան է ենթարկւում, անընդհատ սէր կայ օտարազգի լեզւով երգելը եւ դա արդէն ազգային արժէքներից հեռանալու առաջին քայլերից մէկն է իսկ ինչո՞ւ է այդպէս:

Ըստ իս ամէն մի անհատ ինչքան իր ազգը եւ պատմութիւնը ճանաչի այնքան աւելի սիրտ կը ցաւեցնի:

Ես կարծում եմ մեր մշակութային ասպարէզում աշխատողների ամենակարեւոր պարտականութիւններից մէկն այն է, որ սերունդներին դաստիարակել ազգային եւ միութենական ոգով այնինչ որ մեր մեծերը մեր սերնդակիցներին սովորեցրին, յուսամ ապագայում նման քայլերի դիմելով մեր ապագայ սերունդները արթնանան եւ պահպանեն ազգային եւ մշակութային արժէքները:

 

Հ.- Խնդրեմ ընթերցողի հետ կիսւէք այս համերգի նախաձեռնութեան հետ:

Պ.- Արդէն 16 ամիս է, որ «Արարատ» երգչախմբի ղեկավարութիւնը ինձ է յանձնարարւած սկզբում միայն կենտրոնացել ենք ձայների եւ մի շարք թէորի հասկացութեամբ աշխատանքներով իսկ յետոյ քիչ-քիչ աշխատել երգչախմբային ստեղծագործութիւններ, այժմ այդ բոլորին գումարած սոլֆեժը կատարւում են զուգահեռ ձեւով:

Այս ծրագրի երգացանկը բաղկացած է 10 երգերից եւ իր բովանդակութիւնը բաժանւում է մի քանի գլուխների ներքոյ հետեւեալ կերպով.

Ուրէմն հայ երգչախմբային արւեստը ներկայացնելու համար ըստ ժամանակաշրջանի կանդրադառնանք նախ Քրիստափոր Կարա-Մուրզային, Մակար Եկմալեանի եւ Կոմիտասին, որոնցից ամէն մէկին ներկայացնելուց յետոյ երգչախմբի միջոցով կը հնչեցւի 2-3 ստեղծագործութիւններ իսկ յետոյ մի թեթեւ ակնարկ կը լինի աշուղական արւեստի եւ ժողովրդական երգերի մասին:

Այժմ ժամանակի սուղ լինելու պատճառով հնարաւոր չէ շատ թիւ կազմող երգացանկով ներկայանալ ուստի մտածեցի աւելի ճիշտ կը լինի քիչ երգելով բայց բովանդակալից ծրագրով հանդէս գալ որպէսզի երաժշտասէր ունկնդրի համար հետաքրքիր լինի:

 

Հ.- Աւելացնելիքներ եթէ կան խնդրեմ:

Պ.- Պէտք է ակնարկեմ որ երբ անդրադառնում ենք հայ երաժշտութեան պատմութեան զարգացմանը դարերի ընթացքում անդրադառնում ենք, որ դեռ հէնց հնադարեան շրջանից սկսեալ՝ 5-7-րդ դարերի ընթացքում, սկիզբ է առնում մեր հայկական նոտագրութիւնը այնինչ եւրոպական նոտագրութիւնը կազմւում է 12-րդ դարում: Իսկ հայկական խազային նոտագրութիւնը 12-րդ դարում հասնում է իր վերջնական կատարելագործման, եւ եթէ մինչ այդ խազերով նոտագրում էին միայն հոգեւոր երգեր սակայն վերածնունդի պատճառով, որն սկսւեց Հայաստանում Եւրոպայից աւելի շուտ (այսինքն Հայաստանում 12-րդ դարում իսկ Եւրոպայում 15-16-րդ), սկսւեցին ձայնագրւել նաեւ աշխարհիկ բովանդակութեամբ երգեր:

Ուրէմն մենք էլ ենք ունեցել մեր արժէքաւոր եւ զարգացած մշակութային անցեալը մեր հայ ժողովուրդը իր այն գեղջկական շրջանից դեռ աւելի դէպի վաղ շրջան երաժշտասէր է եղել իր կեանքի բոլոր ընթացքում ինչ որ արել է երգն էլ հետը սկսել, աշխատանքի ընթացքում պահի ազդեցութեան ներքոյ երգեր ստեղծել եւ սերնդէսերունդ փոխանցւել իսկ հիմա հասել է այն կէտին որ արդէն իր երգերը չի ճանաչում այսպէս ասած ձանձրացուցիչ է, հայկական ընտանիքի զաւակների պսակադրութեան հանդէս է բայց երգերի կշիռը պարսկերէն երգերն են, տարին մէկ անգամ միայն ունենք խաւարում գիշեր փոխարէն յարգենք, հէնց ճիշտ այդ օրը միութեան յարկի տակ նկարչութեան ցուցահանդէս է կազմակերպւում եւ… մեր ժողովուրդը իր կեանքի ընթացքում ունեցել է իր հաւատքը կրօնի նկատմամբ…

Սրանք բոլոր բխում են անտեղեակ լինելուց մենք պէտք է զարգացնենք մեր գիտելիքները որպէսզի պահպանենք մեր մշակոյթը դարեր շարունակ մեր ժողովուրդը եղել է յարձակումների թիրախ քայքայւել եւ նորից ոտքի կանգնել  շնորհիւ իր հարուստ մշակոյթի իսկ դրանք եթէ անուշադրութեան մատնւեն արդէն…

Ուրէմն ձեռք-ձեռքի տանք պայքարենք եւ պահպանենք մեր ազգը եւ հարուստ մշակոյթը մղելով դէպի առողջ զարգացում:

 

 

Վերջում իմ խորին շնորհակալութիւններս եմ յայտնում Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրային կապի կազմին, որը միշտ անդադար աշխատում եւ աշխոյժ գործունէութիւն է ցուցաբերում այս սուրբ յարկի տակ, որի շնորհիւ մենք տեղեակ ենք լինում կազմակերպութեան անցուդարձից:

Ուժ եւ կորով եւ յաջողութիւն Ձեզ այս դժւարին աշխատանքի համար:

 

Սիրելի Արփի մենք էլ ենք շնորհակալ, որ այս փորձերով խճողւած օրերին Ձեր ժամը տրամադրեցիք հարցազրոյցի համար: Ցանկանում ենք Ձեզ կատարեալ յաջողութիւն:

 Հ. Մ. «Արարատ» Կ.

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։