Հա

Համայնք

Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2017 12:30

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութիւնն այցելեց ազգային առաջնորդարան

Երէկ` դեկտեմբերի 12-ի կէսօրին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն ընդունեց ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարեանին եւ նրա գլխաւորած պատւիրակութեանը, որին մաս էին կազմում ԱԺ պատգամաւորներ՝ Աղւան Վարդանեանը, Կորիւն Նահապետեանը, Վահէ Էնֆիաջեանը եւ Նիկոլ Փաշինենաը:

«alikonline.ir», Ս. Ֆարմանեան - Երէկ` դեկտեմբերի 12-ի կէսօրին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն ընդունեց ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարեանին եւ նրա գլխաւորած պատւիրակութեանը, որին մաս էին կազմում ԱԺ պատգամաւորներ՝ Աղւան Վարդանեանը, Կորիւն Նահապետեանը, Վահէ Էնֆիաջեանը եւ Նիկոլ Փաշինենաը:

Հանդիպմանը ներկայ էին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Սպահանի ու հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, Թ.Հ.Թ. առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչներ:

Առաջնորդ Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց հիւրերին, իր ուրախութիւնը յայտնելով նրանց՝ Իրանում գտնւելու առթիւ եւ յաջողութիւն մաղթեց պատւիրակութեանը: 

Վահրամ Բաղդասարեանն էլ իր հերթին շնորհակալութիւն յայտնեց ընունելութեան համար: Նա ողջունելով տարբեր մակարդակներում Իրանի եւ Հայաստանի միջեւ ձեւաւորւած սերտ յարաբերութիւնները, վերահաստատեց՝ իրանական կողմի հետ յարաբերութիւնները զարգացնելու հայկական կողմի պատրաստակամութեան մասին, այնուհետեւ ներկայացրեց պատւիրակութեան անդամներին՝ նշելով նրանց պաշտօնները:

Վահրամ Բաղդասարեանն անդրադառնալով պատւիրակութեան կատարած հանդիպումներին ընդգծեց. «Հանդիպումների ընթացքում քննարկւել են հայ-իրանական համագործակցութեան բազմաշերտ հարցեր, մասնաւորապէս փոխգործակցութիւնը տնտեսութեան, էներգետիկայի, արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան ոլորտներում»:

Վահրամ Բաղդասատեանը անդրադառնալով Իրան-Հայաստան յարաբերութիւնների հետագայ զարգացումների հեռանկարին ասաց. «Դեռ անելիքներ կան, յատկապէս՝ առեւտրատնտեսական, էներգետիկ եւ զբօսաշրջութեան ոլորտներում»:

Սրբազան Հայրն էլ իր հերթին անդրադառնալով երկու երկրների եւ ժողովուրդների մշակութային եւ քաղաքակրթական պատմական յարաբերութիւններին նշեց. «Պատահական չէ, որ այսօր Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայաստանի յարաբերութիւնները զարգանում են բազմակողմանի կերպով հիմնւած փոխադարձ սիրոյ, յարգանքի եւ շահաւէտ ռազմավարութեան վրայ»։

Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանն էլ անդրադառնալով իրանահայութեան ներդրումներին Իրանում, յայտնեց. «Ոչ ոք չի կարող ժխտել այն իրողութիւնը, որ չափազանց մեծ է եղել իրանահայութեան դերը Իրանի արդիականացման հարցում, որն այսօր մենք վայելում ենք երկու պետութիւնների յարաբերութիւնների զարգացման գործընթացում»: Դեսպանը յստակեցրեց. «Հայաստան-Սփիւռք կապը շարունակելու է զարգանալ եւ մնալ ամուր, յատկապէս համայնքների եւ յարակից կառոյցների գործունէութեամբ»:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանն էլ ողջունելով Սրբազան Հօրը, կարեւորեց Իրանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերւած տնտեսական պայմանաւորւածութիւնների իրագործումը: Նա յայտնեց. «Եկեղեցու դերը իրապէս բացառիկ է մեր ժողովրդի կեանքում»: Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան փոխ յարաբերութիւններին նա ասաց. «Այստեղ էլ Հայ Առաքելական Եկեղեցու դերը կարեւորւած է, քանի որ եկեղեցին այն վայրն է որտեղ հաւաքւում է՝ համայնքը»:

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռոբերտ Բեգլարեանն էլ իր հերթին ողջունելով տարբեր մակարդակներում երկու երկրների միջեւ ձեւաւորւած սերտ յարաբերութիւններն ասաց. «Հայ-իրանական յարաբերութիւնները խարսխւած են մի կողմից երկու ժողովուրդների հարուստ պատմական անցեալի, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրութիւնների, միւս կողմից՝ արդէն վերջին տասնամեակների ընթացքում ձեւաւորւած հարեւան երկրների միջեւ հաստատւած ջերմ եւ բարիդրացիական միջպետական կապերի վրայ, որի զարգացումը կը նպաստի երկու պետութիւնների զարգացմանը»:

Բեգլարեանն կարեւորելով երկկողմ տնտեսական յարաբերութիւնների զարգացումը ընդգծեց. «Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնների զարգացման հիմքում ընկած է նաեւ իրանահայ համայնքի դերը»: Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետը յոյս յայտնեց, որ երկկողմ զարգացումներն բացառիկ հնարաւորութիւններ կը ստեղծի հէնց իրանահայ համայնքի համար:

Հանդիպման վերջում երկու կողմերը փոխանակեցին յուշանւէրներ այնուհետեւ այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի եւ աղօթեցին:

Յիշեցինենք որ, ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութիւնը Իրան կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Իսլ. խորհրդարանի նախագահի, խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի, տնտեսական հարցերի, էներգետիկայի, արտաքին յարաբերութիւնների եւ պաշտպանութեան յանձնաժողովների ղեկավարների հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։