Հա

Համայնք

20/12/2017 - 14:20

Սեպուհ արք. Սարգսեան. «Իրանն ապահով երկիր է, ուր քրիստոնեաները վայելում են կրօնական ազատութիւն»

Իրանն անվտանգ ու կայուն երկիր է, ուր քրիստոնեաներն ապրում են ապահով եւ վայելում են կրօնական ազատութիւն: Իսպանական «Agencia EFE» լրատւական գործակալութեան հետ զրոյցում յայտարարել է Թ.Հ.Թ. առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը:

«alikonline.ir»- Իրանն անվտանգ ու կայուն երկիր է, ուր քրիստոնեաներն ապրում են ապահով եւ վայելում են կրօնական ազատութիւն: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն իսպանական «Agencia EFE» լրատւական գործակալութեան հետ զրոյցում յայտարարել է Թ.Հ.Թ. առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը:

«Իրանում քրիստոնեաների, յատկապէս աւանդական՝ Հայոց Առաքելական, Ասորական եւ Քաղկեդոնական եկեղեցու հետեւորդների նկատմամբ հալածանքները բացառւած են: Իրանահայ համայնքում, առնւազն վերջին 100 տարւայ ընթացքում նման երեւոյթ չի նկատւել»,- ասել է Սրբազան Հայրը՝ յաւելելով, որ Իրանի իշխանութիւնները պաշտօնապէս ճանաչում են բոլոր քրիստոնեաների իրաւունքները:

Խօսելով կրօնական քարոզիչների եւ կրօնափոխ եղած անձանց ձերբակալութեան մասին, թեմակալ առաջնորդը նշել է, որ յիշեալները ձերբակալւել են երկրի օրէնքը խախտելու պատճառով, քանզի Իրանի օրէնքն արգելում է մուսուլմանների կրօնափոխութիւնը: Նա նշել է, որ դէմ է կրօնափոխութեան համար տարւող քարոզչութեանը, քանի որ, իր կարծիքով՝ բոլորը պէտք է պահպանեն իրենց ազգային եւ կրօնական ինքնութիւնը:

«Մեր գոյութիւնը պայմանաւորւած է մեր մշակութային ժառանգութեան՝ լեզւի, աւանդոյթների, սովորոյթների, եւ ընդհանրապէս հայկական ինքնութեան բաղադրիչների պահպանմամբ: Այդ իսկ պատճառով էլ հայկական դպրոցների, եկեղեցիների եւ մարզա-մշակութային միութիւնների գլխաւոր նպատակն ազգային ինքնութեան, բարոյականութեան եւ կրօնի պահպանումն է»,- ընդգծել է թեմակալ առաջնորդը:

Խօսելով իրանահայ համայնքի պատմութեան մասին, Սրբազան Հայրը նշել է, որ հայերն Իրանում ապրում են դեռեւս Քրիստոսի ծնունդից մի քանի հարիւրամեակ առաջ, եւ մշտապէս նպաստել են Իրանի հասարակական կեանքի վերելքին եւ երկրի բարգաւաճմանը:

Նա յատուկ ընդգծել է, որ Իրանը տարածաշրջանի կայուն եւ անվտանագ եզակի երկրներից մէկն է: Անդրադառնալով արտագաղթի երեւոյթին, Սրբազան Հայրը նշել է, որ քրիստոնեաները եւ ըդհանրապէս Մերձաւոր Արեւելքի ժողովրդներն արտագաղթում են առաւել ապահով վայրեր գտնելու նպատակով:

«Արտագաղթող հայերից շատերն Իրանում ապրել են բարեկեցիկ կեանքով: Ինձ զարմացնում է այն հանգամանքը, որ երբ նրանցից հարցնում եմ արտագաղթի պատճառների մասին, չունեն որեւէ պատասխան»,- ասել է թեմակալ առաջնորդը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։