Հա

Համայնք

31/12/2017

Ժամանակի խորհուրդը

Աստւածաստեղծ մարդը ինքն է, որ իր գործերով, իրագործումներով, գաղափարական աշխարհով ժամանակը արժեւորելու է, որովհետեւ ժամանակը ինքը մարդուն սովորեցնում է կեանքի արժէքը։

Տօնական այս օրերին, երբ ողջ քրիստոնեայ աշխարհը նոր հեռանկարով, յոյսով, տեսիլքով ու խանդավառութեամբ պատրաստւում է դիմաւորելու Նոր տարին, արդեօք երբեւիցէ մտածում է նաեւ մարգարէի խօսքերի վրայ, ըստ այնմ կողմնորոշւելու համար։

ՍԵՊՈՒՀ  ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

Առաջնորդ Թեհրանի հայոց թեմի

 

Անժամանակ ժամանակի տիեզերքը, իր ողջ բովանդակութեամբ, գոյաւորող, արարող Աստւած, իր մարգարէի միջոցով ազդարարում եւ միաժամանակ զգուշացնում է մարդ էակին ասելով.-

«Արդարեւ, մարդու կեանքը խոտի է նման,

Ծաղկում է այնպէս, ինչպէս վայրի ծաղիկը,

Երբ խորշակը փչում է նրա վրայ,

Այլեւս դադարում է գոյութիւն ունենալուց,

Նրա տեղն անգամ չես իմանայ» (Սղ. 102:15-16),

ապա անմիջապէս յիշեցնում է.-

«Սակայն, Տիրոջ հոգածութիւնն անվախճան է,

Իր արդար վարմունքը մշտական է

Իրենից ակնածողների հանդէպ,

Նրանց հանդէպ, որոնք հաւատարիմ են իր ուխտին

Եւ չեն մոռանում գործադրել իր հրահանգները» (Սղ. 102:17-18)։

Ժամանակի անհունութեան մէջ ստեղծւած մարդ արարածի առաջ երկու ճանապարհ է բացւած. մէկը նման «ծաղկի, բուսնել, աճել եւ ապա խորշակահար ու փոթորկեալ անհետանալ առանց հետք թողնելու եւ երկրորդ՝ ապաւինել Աստծու հոգածութեան ու հաւատարիմ մնալ իր ուխտին, գործադրելով իր հրահանգները»:

Խորազննին քննութեամբ տեսնում ենք, որ իրօք կեանքում կան ժամանակաւոր, արագօրէն անհետացող բաներ եւ կան նաեւ եղելութիւններ, ճշմարտութիւններ, արժէքներ, որոնք կանդրանցնեն ժամանակը։

Կեանքի այս երկու տարածքների գիտակցութեամբ է, որ Սողոմոն իմաստունը մեզ յուշում է, որ կեանքում. «Ամէն բանի ժամանակը կայ, եւ աշխարհում ամէն գործ ունի իր ժամանակը…» (Ժղ.3:1)։ Սողոմոն իմաստունն ակնարկելով Աստծու ստեղծագործութեան ասում է. «Ես իմացայ, որ այս ամէնը ինչ Աստւած է արել, պիտի մնայ յաւիտեան (14), քանի որ ամէն բանի ժամանակը կայ, եւ ժամ ու ժամանակ կայ բոլոր գործերի համար» (17)։

Աստւածաստեղծ մարդը ինքն է, որ իր գործերով, իրագործումներով, գաղափարական աշխարհով ժամանակը արժեւորելու է, որովհետեւ ժամանակը ինքը մարդուն սովորեցնում է կեանքի արժէքը։

Տօնական այս օրերին, երբ ողջ քրիստոնեայ աշխարհը նոր հեռանկարով, յոյսով, տեսիլքով ու խանդավառութեամբ պատրաստւում է դիմաւորելու Նոր տարին, արդեօք երբեւիցէ մտածում է նաեւ մարգարէի խօսքերի վրայ, ըստ այնմ կողմնորոշւելու համար։

Մարդկային պատմութիւնը, ընդորում եւ հայոց պատմութիւնը, գեղեցկօրէն վկայում են այն իրողութեան, որ բոլոր նրանք, ովքեր Աստծու ուխտին հաւատարիմ գործեցին, այսինքն իրենց յարաբերութիւններով, սիրով լի բարեգործութիւններով, գթութեան եւ ողորմածութեան խորհրդով արժեւորեցին իրենց կեանքը, դառնում են քաղաքացի յաւիտենականութեան։

Եկեղեցու պատմութիւնը - ընդհանուր եւ հայոց - գեղեցիկ վկայարանն է պատմական այս ճշմարտութեան։ Եկեղեցական հայրեր, հաւատացեալներ, սպասաւորներ Քրիստոսով վերանորոգւած ու կենսաւորւած ապրեցին, ստեղծագործեցին, իրենց կեանքը վերածեցին սիրոյ ու զոհողութեան շտեմարանի եւ երբեմն էլ նահատակութեան խորհրդով ժամանակը նւաճեցին։

Մեր ժողովրդի վերջին հարիւրյիսուն տարիների կեանքը եղաւ տառապալից, նա քայլեց մահւան ստւերի կողքով առանց յուսահատութեան եւ արիացեալ ոգով կերտեց իր անկախութիւնը, հիմքը դնելով իր պետականութեան, որի հարիւրամեակը ազգովի տօնելու ենք 2018 թւականի ամբողջ տեւողութեան։

Զօրութեան, անվհատութեան աղբիւրը Աստծու խօսքն է, որ մեր ժողովրդի կեանքում վերածւել է կեանքի ու գործի։ Պօղոս առաքեալն ասում է. «Ամէն մէկը, ով միացել է Քրիստոսին, նոր արարած է, նա այլեւս այն չէ, ինչ որ նախապէս էր, որովհետեւ ամբողջութեամբ նորոգւեց։ Եւ այս նորոգումը գալիս է Աստծուց» (Բ. Կր. 5:17-18)։

Աստւածորդին իր կեանքի օրինակով մեզ պատգամում է լինել սիրոյ եւ զոհողութեան օրինակ, այլ խօսքով, լինել բարեսէր, բարեգործ, հաւատարիմ իր կոչման ու առաքելութեան։ Աստծու նորոգիչ ու բիւրեղացնող խօսքը լուսաւորում է մարդու միտքն ու հոգին եւ նրան առաջնորդում է կառչելու այնպիսի արժէքներին, որոնք յաւերժաբոյր են ու անդրանցնում են ժամանակն ու տարածութիւնը։ Ահա թէ ինչու Պօղոս առաքեալը յուշում է մեզ ասելով. «Մի ընդօրինակէք այս աշխարհի մարդկանց վարմունքը, այլ նոր մարդ եղէք նորոգւած մտքերով, որպէսզի իմանալով Աստծու կամքը՝ ձեր փորձառութեամբ ընտրէք լաւը, այսինքն՝ ինչ որ բարին է, ինչ որ ընդունելի է նրան եւ կատարեալ» (Հռ. 12։2)։

Աշխարհն ու աշխարհայինը, անցաւորն ու անանցը կան իբրեւ իրողութիւններ, մարդ է լինում, որ կարողանում է անանց ապրումներով իր կեանքը կենսաւորել, մարդ էլ կայ, որ ինքն իրեն յանձնում է անցաւոր ու աշխարհային կեանքի եւ այդ կեանքից բխող ապրումներին։ Առաջին խումբը դառնում է յաւիտենականութեան քաղաքացի, իսկ երկրորդը՝ ընկնում աշխարհային ու անցաւոր հոգսերի, ապրումների մէջ եւ չորացած խոտի նման անհետ կորչում է։

Նոր տարին, այն պահն է, երբ աստւածաստեղծ մարդը կոչւած է իմաստօրէն ինքն իրեն քննի, վերատեսի իր յարաբերութիւններն ու գործերը յարաբերաբար իր Արարչին, որ Աւետարանի բառերով. «Աստւած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին որդուն տւեց, որպէսզի նա, ով հաւատում է նրան, չկորչի, այլ յաւիտենական կեանք ունենայ» (Յհ. 3:16)։

Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան մարտահրաւէրը իւրաքանչիւր քրիստոնեայի առաջ ցցւած այն է, թէ նա ո՞ր ճանապարհն է ընտրելու։ Փորձութիւնը կարող է փորձառութեամբ զինել մարդուն եւ նրան առաջնորդել ճիշտ կողմնորոշման, այլ խօսքով աստւածահաճ կեանքի ընթացքում։

Այսօրւայ յարաշարժ եւ աներեւակայելի կանխատեսումներով փոփոխութեան ենթարկւող աշխարհում մարդ արարածը եւ յատկապէս քրիստոնեան կոչւած է իր ամուր ու հաստատ հաւատքով, գաղափարական աշխարհով ու վերատեսելով, վերադասաւորելով իր կեանքը քայլ պահել ժամանակի հետ, որպէսզի չքշւի առաջացած փոփոխութիւնների հոսանքից եւ խորշակահար հողմերից։

Նոյնն է պարագան ազգերի ու ժողովուրդների կեանքը. մարդկային քաղաքակրթութեան պատմութիւնը վկայում է, որ հայն ու Հայաստանը հակառակ անասելի դժւարութիւնների, նեղութիւնների ու տագնապների կարողացել են շարունակել կեանքը միշտ կառչած մնալով անանցաւորին-յաւերժին եւ իրագործել այնպիսի գլուխ-գործոց աշխատանքներ, որոնցով այսօր ողջ աշխարհը օրհնւում է։

Գիտակից մեր հայրերի անցեալի կեանքի, կոչւած ենք բոլորս սիրով, հաւատքով, յոյսով, եղբայրութեամբ, բարութեամբ, աղօթասիրութեամբ, բարեգործութեամբ, ներողամտութեամբ, միութեամբ ու միասնականութեամբ, խոնարհութեամբ, պարտականութեան գիտակցութեամբ, համբերութեամբ եւ արդարութեամբ նորոգելու մենք մեզ իբրեւ մեկնակէտ նոր ու պայծառ կեանքի։

1 յունւարի 2018

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։