Հա

Համայնք

25/01/2018

42-րդ շրջանի Համադպրոցական խաղերը նւիրւած՝ Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին

Մեծ թւով հայրենակիցների եւ աշակերտ-աշակերտուհիների մասնակցութեամբ երէկ, յունւարի 24-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում մեկնարկեց 42-րդ շրջանի Համադպրոցական խաղերը, որը այս տարի նւիրւել է Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Մեծ թւով հայրենակիցների եւ աշակերտ-աշակերտուհիների մասնակցութեամբ երէկ, յունւարի 24-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում մեկնարկեց 42-րդ շրջանի Համադպրոցական խաղերը, որը այս տարի նւիրւել է Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին: 

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Մարզական միութեան նախաձեռնութեամբ իւրաքանչիւր տարի կազմակերպւող մարզախաղերի այս շրջանին մասնակցել են շուրջ 700 աշակերտ-աշակերտուհիներ, որոնք մրցակցելու են զանազան մարզաձեւերում: Տէրունական աղօթքով եւ Իրանի պետական ու կազմակերպութեան հիմներով մեկնարկած խաղերի բացման հանդիսութեանը «Արարատ»-ի սկաուտները ծածանեցին Իրանի եւ կազմակերպութեան դրօշները: Բացման շքեղ հանդիսութիւնը զուգորդւած էր ելոյթներով, գեղարւեստական կատարումներով, մարզական ցոյցերով, մասնակից աշակերտ-աշակերտուհիների շքերթով եւ խաղերը խորհրդանշող ջահի բոցավառմամբ: 

Գեղարւեստական կատարումներով հանդէս եկան «Զարթօնք» պարախմբի սաները, ղեկավարութեամբ Լոռետա Աւետիսեանի, «Արարատ» պարախմբի սաները՝ ղեկավարութեամբ Անահիտ Աւետեանի եւ «Մարիամ» հաստատութեան երգչախումբը՝ Գիտա Փիազաքի ղեկավարութեամբ: Իսկ մարզական ցոյցերը իրականացրին «Գիւլբենգեան» դպրոցի պատանի եւ երիտասարդ տեկւանդոյի մարզիկները եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան ժայռամագլցողները:

Օրւայ խօսքը փոխանցեց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Մարզական միութեան վարչութեան նախագահ Հարմիկ Շահնազարեանը, կարեւորելով յիշեալ խաղերը դաստիարակչական դիտանկիւնից: Մարզիկ-մարզուհիների սրահում մուտքից յետոյ խաղերը խորհրդանշող ջահը դահլիճ բերեցին Փիւնիկ Առաքելեանը եւ Արգին Քարիմեանը, ապա Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ օրհնւեց ջահը եւ հրավառութեամբ այն բոցավառւեց: Իրաւարարների եւ մասնակից մարզիկների երդումները ընթերցեցին Արբի Գալստեանը եւ Մինէ Մարտիրոսեանը:

Ընթացքում ներկաներին ողջոյնի խօսք ուղղեցին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան վարչութեան նախագահ Գէորգ Վարդանեանը, Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը եւ աւարտին իր օրհնութեան խօսքը փոխանեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։