Հա

Համայնք

%PM, %15 %506 %2018 %14:%Մրտ

«Րաֆֆի» համալիրի դատական գործի հետքերով՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետը պարզաբանում է գործի ընթացակարդը

Թեհրանի Սասուն քաղաքամասում գտնւող Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի դէմ յարուցւած կալւածային դատական գործը նոյն միութեան հասցէին յղւած տեղեկագրով յայտարարւել է փակւած ի շահ հայցւորի: Այլ լեզւով գործը փակւել է Վճռաբեկ դատարանի կայացրած որոշմամբ, որի համաձայն՝ վիճայարոյց տարածքի զբաղեցրած միութիւնը ոչ միայն պէտք է հրաժարւի իր օրէնքով ամրագրւած  շէնք-շինութիւնից, այլ նաեւ կատարի հատուցման համար անհրաժեշտ քայլերը:

«ԱԼԻՔ», Հատիս - Թեհրանի Սասուն քաղաքամասում գտնւող Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի դէմ յարուցւած կալւածային դատական գործը նոյն միութեան հասցէին յղւած տեղեկագրով յայտարարւել է փակւած ի շահ հայցւորի: Այլ լեզւով գործը փակւել է Վճռաբեկ դատարանի կայացրած որոշմամբ, որի համաձայն՝ վիճայարոյց տարածքի զբաղեցրած միութիւնը ոչ միայն պէտք է հրաժարւի իր օրէնքով ամրագրւած  շէնք-շինութիւնից, այլ նաեւ կատարի հատուցման համար անհրաժեշտ քայլերը:

Այս կապակցութեամբ դիմել ենք Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանին, ով ստացւած տեղեկագրի, ինչպէս նաեւ փակւած գործը դատական ատեանների օրակարգ վերադարձնելու առնչութեամբ, ելքերի որոնումը տեսնում է օրէնքով ամրագրւած պատասխանատուի՝ Սպորտի եւ երիտասարդութեան նախարարութեան  անմիջական մասնակցութեան մէջ:

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը տեղեկացրեց, որ  չորեքշաբթի, մարտի 14-ին  Իրանի Սպորտի եւ երիտասարդութեան նախարարութիւնում տեղի է ունեցել   նոյն նախարարութեան իրաւական հարցերով գերատեսուչ՝ Ֆալլահի եւ պրն. Բեգլարեանի միջեւ հանդիպում: Հանդիպմանը  ներկայ  են  եղել նաեւ Թեմական խորհրդից իրաւաբան Զօրիկ Կարապետեանը  եւ «Րաֆֆի» համալիրի  վարչութեան անդամ՝ Վիգէն Մանդանին:

Բեգլարեանը հանդիպման արդիւնքները  գնահատելով դրական, նշեց, որ քննարկւել են դատավճիռը կասեցնելու  ուղղութեամբ համագործակցութեան եզրերը, ինչի արդիւնքում կարելի է սպասել  նախարարութեան  կողմից գործին միջամուխ լինելու  կամքը:

Նա յաւելեց, որ նախարարութեան իրաւական հարցերով գլխաւոր պատասխանատուն տեղեկացւած էր գործի ընթացքից, ով նշել է, որ նախարարութիւնը սատարելու է  խնդրին արդարացի լուծում տալու  գործին:   

Խորհրդարանի իրանահայութեան նախկին պատգամաւորը անդրադառնալով դատավճռի մասին տեղեկագրի հարցին նշեց, որ այն (փաստաթուղթը) Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդ է ներկայացւել,  երբ  ընդամենը երկու օր ժամանակ էր մնում գործադրման համար դատավճռի ուժ ստանալուն: «Իսկ մենք, արդէն երկու օրւայ ընթացքում հասցրեցինք կապ հաստատելու, առաջինը՝ Սպորտի եւ երիտասարդութեան նախարարութեան իրաւական հարցերով գերատեսչի, երկրոդ՝ խորհրդարանում նոյնանուն յանձնաժողովի անդամ՝ պրն. Բէթ Քոլիայի հետ: Նոյնը արեցինք նաեւ խորհրդարանում դատական իշխանութեան ներկայացուցիչ՝ պրն. Ռահիմի դէպքում, ում իրազեկելով  հարցի էութեան, ինչպէս նաեւ պարունակող նրբութիւնների մասին, փորձեցինք համապատասխան ելքեր որոնել, լուծումներ գտնելու առնչութեամբ»,-նշեց պրն. Բեգլարեանը:

Այն հարցին, թէ նման իրավիճակներում, երբ արդէն գործը  Վճռաբեկ  դատարանում փակւած է  համարւել, այն էլ  հայցւորի օգտին, ի՞նչ միջոցներ կան գործը կրկին  օրակարգ վերադարձնելու համար, Թեմական խորհրդի ատենապետը նշեց, որ նոյն օրը,  ինչ տեղեկացանք այս փաստի մասին Սրբազան Հայրը նամակ յղեց Իրանի դատական  իշխանութեան նախագահ այաթ. Լարիջանիին՝ գործին վերանայելու հնարաւորութիւն տալու խնդրանքով: «Սա խօսում է այն մասին, որ կառչելով սահմանադրութեամբ  ամրագրւած թիւ 447 օրինագծին՛ կարելի է նախարարի  միջամտութեամբ դիմում ներկայացնել Դատական իշխանութեան ղեկավարին, գործը Գերագոյն դատարանում վերանայելու եւ հետապնդումներն ու վճիռը դադարեցնելու  խնդրանքով»,- նշեց Ռոբերտ Բեգլարեանը, միաժամանակ յուշելով, որ նման գործընթացների իրականացումը ենթադրում է մի քիչ երկար ժամանակ եւ համբերատարութիւն:

Պրն. Բեգլարեանը տեղեկացրեց նաեւ այն մասին, որ «Րաֆֆի»-ի կալւածի սեփականութիւնը հաստատելու դատական գործի մեկնարկը տրւել է դեռ 1393 թւականին, իսկ այդ ընթացքում, ցաւօք,  դուրս գրւած փաստաթղթերը, այնպէս ինչպէս հարկն է, չեն հաւաքագրւել, կամ նոյնիսկ  հաւաքագրւած լինելու դէպքում դարձեալ դրանց ձեռնահասութիւն չի ունեցել «Րաֆֆի» համալիրի վարչութիւնը: «Սա խօսում է այն մասին, որ նոր փաստաբանի դիմելու դէպքում նոյնիսկ, նա հնարաւորութիւն չի ունենալու գործին ծանօթանալ, քանի որ ըստ էութեան գործը փակւած է դատարանում»,-նշեց պրն. Բեգլարեանը:

Թեմական  խորհրդի ատենապետը ընդգծեց, որ առկայ դժւարութիւններից անկախ  փորձ է արւել, հնարաւորութեան սահմաններում, հաւաքագրւած փաստաթղթերը ուսումնասիրել եւ գործի մանրամասներին ծանօթանալ, ինչով զբաղւում է Թեմական խորհրդի անդամ՝ իրաւաբան  Զօրիկ Կարապետեանը:

«Ուղղակի, բանը նրանում է, որ ժամանակին, երբ մարմնամարզութեան կազմակերպութիւնը դեռ նախարարութեան լիազօրութիւններով ասպարէզ չէր իջել այսօրինակ մարզահրապարակներին գրանցւելու համար դիմում էր ներկայացւել  նոյն կազմակերպութեան ցուցակում գրանցւելու համար: Այսպիսով «Րաֆֆի»-ն եւս ընդգրկւեց շինարարական աշխատանքներ իրականացնելու համար ցանկագրւող մարզահամալիրների շարքը: Իսկ շինարարական աշխատանքների աւարտին յաջորդած մարզահամալիրների աճուրդից, ինչն իրականացւում էր  ժամանակի մարմնամարզութեան կազմակերպութեան կողմից, պրն. Գէորգ Վարդանի ջանքերով հնարաւոր եղաւ բացառել «Րաֆֆի»-ն: Այդպիսով «Րաֆֆի»-ն գրանցւեց, որպէս Սպորտի եւ երիտասարդութեան նախարարութեանը ենթակայ կալւած, որը վարձակալութեան պայմանագրային գործարքով շարունակեց իր մարզական-մշակութային աշխատանքները մուծւող վարձավճարի դիմաց»,- յիշեցրեց Թեմական խորհրդի ատենապետը:

«Մեր խօսքն էլ կառուցւած է նոյն տրամաբանութեան վրայ. Այն, որ եթէ տւեալ կալւածի համար պատասխանատու է կամ այն գտնւում է համապատասխան նախարարութեան տիրոյթում, ապա ինչու է դատական գործը յարուցւել «Րաֆֆի»-ի դէմ եւ ո՛չ թէ նախարարութեանը: Սա մէ՛կ, իսկ երկրորդ՝ եթէ նախարարութիւնը նոյն հարցով դատարան է կանչւել կամ գործը հետեւել է իր փաստաբանի միջոցով, ապա ինչու այդ մասին  տեղեակ չի պահել միութեան վարչութեանը, որպէս  վարձակալող կողմ»,- նշեց պրն. Բեգլարեանը:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետը եզրափակելով զրոյցը նշեց. «Գործն իր արդար լուծումը  կարող է գտնել միայն այն դէպքում, եթէ ներկայացւած հայցը եւ դրան յաջորդած վճիռը ճիշտ հասցէատէր ունենայ, այն է՝ Իրանի Սպորտի եւ երիտասարդութեան նախարարութիւնը»:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։