Հա

Համայնք

11/04/2018

«Ալիք» օրաթերթի տնօրէն. «Թերթի գնի թանկացման դէմն առնելը անհնար է դարձել»

Խօսքը ոչ-աւել, ոչ-պակաս թերթի ապրած գնաճի մասին է: Ֆարւարդին ամսւայ մեկնարկով «Ալիք»-ն իր ընթերցողին է գտնում արդէն իսկ սահմանւած նոր գնով՝ 1500 թումանով նախկին՝ 1000-ի փոխարէն:

Երկրում առկայ տնտեսական ճգնաժամի ստւերում, յատկապէս, երբ համապատասխան օրգանները հրապարակաւ յայտարարել են, որ այլեւս դադարեցւած է «տպագիր մամուլը սուբսիդաւորող ծրագրի» իրականացումը, թերթ հրապարակելը ոչ այլ բան է քան «ճիշտ սխալ»:

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ - Խօսքը ոչ-աւել, ոչ-պակաս թերթի ապրած գնաճի մասին է: Ֆարւարդին ամսւայ մեկնարկով «Ալիք»-ն իր ընթերցողին է գտնում արդէն իսկ սահմանւած նոր գնով՝ 1500 թումանով նախկին՝ 1000-ի փոխարէն:

Երկրում առկայ տնտեսական ճգնաժամի ստւերում, յատկապէս, երբ համապատասխան օրգանները հրապարակաւ յայտարարել են, որ այլեւս դադարեցւած է «տպագիր մամուլը սուբսիդաւորող ծրագրի» իրականացումը, թերթ հրապարակելը ոչ այլ բան է քան «ճիշտ սխալ»:

Մեկնաբանութիւնները մի կողմ թողնելով արժէ նշել, որ փոխաբերական իմաստ կրող այդ «ճիշտի» ճշմարտացիութիւնը համայնքային առումներով շնչառութեան պէս մի բան է: Իսկ «սխալի» մասին արդէն ոչ մի խօսք, քանի որ հրատարակւող բոլոր թերթերը միաժամանակ յայտնւել են բաժանորդներ չկորցնելու, սոցցանցերի գոյութեան մարաթոնի, եւ բնականաբար, եկամուտների առումով «չբերութեան» իրողութեան առջեւ...

Սա այն դէպքում, երբ արդիականացումը քաղաքացուն ուղեկցում է տեղեկատւական դաշտից անպակաս մնալու «ընտրութեան» գնալուն, ինչի համար նա ինքնակամ է վճարում համացանցային ծառայութիւնների համար: Նման պայմաններում տպագիր մամուլի հարթակը շարունակում է տրամաբանւել նրա արժանահաւատութեան հաշւին, եւ որ կարեւորն է՝ շրջանառութեան դրւող նիւթերի պատասխանատւութեամբ:

Այնուամենայնիւ, նշւած իրականութիւնների մէջ կայ մի պարզ ճշմարտութիւն: Այն, որ «Ալիք»-ի ներկայութիւնը համաձուլւած է համայնքս մարմնաւորող բոլոր շերտերի էութեան հետ, ինչը թոյլ է տալիս արձանագրելու ծագած տագնապի անյաղթահարելի չլինելու փաստը, եւ այն, որ այդ ճանապարհը անցնելու ենք միասին:

«Ալիք»-ի ապրած հերթական գնի թանկացման մասին ընթերցողս արդէն իսկ տեղեկացւել է նախօրօք, երբ իրանական նախորդ տարին դեռ չէր հասցրել գլորւել լիովին: Խնդիրն ինչպէս ընթերցողի, նոյնպէս էլ օրաթերթիս համար շարունակում է մնալ օրակարգում: Ինչի շուրջ թեման շօշափող զրոյցով դիմեցինք թերթիս տնօրէն Արա Շահնազարեանին:

 

Հ.- «Ալիք»-ի վերջին  թանկացումից ցայսօր ինչքա՞ն ժամանակ է անցել:

Պ.- Ճիշտ մէկուկէս տարի: Սա այն դէպքում, երբ միւս թերթերը- պարսկալեզու օրաթերթերի մասին է խօսքը- միեւնոյն ժամանակ, երբ իրագործւեց մամուլի սուբսիդաւորման ծրագիրը, շարունակեցին թանկացւած գներով կրպակ իջնել: Ծրագրի իրականացումով դարձեալ նրանց մօտ այդ 1000-ը միանգամից բարձրացաւ 1500 թումանի:

 

Հ.- «Ալիք»-ի դէպքում ձեր նշած սուբսիդները ինչքանո՞վ էին նպաստաւոր:

Պ.- Հնարաւոր դարձաւ բաժանորդներին մատակարարւող ծառայութիւնները կատարել կէս գնով, իհարկէ, բնականաբար, յօգուտ բաժանորդի: Այսինքն՝ բաժանորդին առաքւող թերթը իրացւում էր 50 տոկոս զեղջով, ինչը փակում էր պետականօրէն յատկացւող սուբսիդային ծրագիրը: Մեզ համար առաւել հասկանալի է, որ մամուլին հասցւած վերջին շոկը կապւած սուբսիդների դադարեցման հետ, նոյն թափով զգալի է նաեւ ընթերցողի համար:

 

Հ.- Տպաքանակը սպառողների քանի՞ տոկոսն են կազմում բաժանորդները:

Պ.- Աւելի քան 70 տոկոսը: Արժէ նշել, որ սուբսիդաւորման ծրագրի իրականացման արդիւնքներից մէկը բաժանորդների քանակական աճն էր, ինչի արդիւնքում շուրջ 600 նոր հասցէներով յաւելում ապրեց մեր բաժանորդների ցուցակը:

 

Հ.- Ինչքան գիտենք, սուբսիդաւորման դադարեցումը խնդիր է, որից կարող են տուժած լինել իրանական բոլոր թերթերը: Միւս թերթերի դէպքում առաջացած բացը փորձ է արւում մասամբ փակել գովազդներով ու նմանատիպ լուծումներով: Ի՞նչն է խանգարում «Ալիք»-ին վարւելու նոյնկերպ:

Պ.- Փակագծերն այդ առումով քիչ չեն, որոնք բացելն ու ընթերցողների հետ անկեղծանալը սխալ չես համարի: Նախ նշեմ, որ գովազդների ամենաեկամտաբեր տեսակը պետական օրգանների կամ բանկային «յայտարարութիւններն» են, որոնք ըստ էութեան պէտք է հաւասարապէս բաժին ընկնեն բոլորին: Սակայն, իրականում նման բան տեղի չունեցաւ: Եւ չասելու համար, որ համոզւած եմ՝ սա արդար մօտեցումների առումով մեծ բացթողում է, կը սահմանափակւեմ հէնց այսքանով: Իսկ այլ «յայտարարութիւնների» ու գովազդների պահով դա ուղղակիօրէն կապւած է մեր համայնքի ծաւալի ու քանակի, ինչպէս նաեւ ընթերցաշուկայում թերթիս լսարանի ազդեցութեան սահմանների հետ: Իհարկէ, չէի ասի, որ տուժել են բոլոր թերթերը, քանի որ սուբսիդաւորման նախագծի մեկնարկային շրջանում կային թերթեր, որոնք հակադրւում էին ծրագրին: Պատճառը երեւի պարզ է, նրանք առանց այդ էլ օգտւում են նման միջոցներից ու հնարաւորութիւններից, իսկ նախագծի իրականացումը նրանց կարող էր խանգարել մրցակցային դաշտում դիրքերը վտանգելու կամ այլ առումներով:

 

Հ.- Ինչպիսի՞ն սահմանւեց 1500 թումանը՝ թւաբանական տրամաբանութեան հաշւարկներով:

Պ.- Թողէք կրկնութիւն չթւայ, եթէ ասւի պետական միջոցներով իրականացւած սուբսիդային ծրագրի դադարեցումը մի կողմից, իսկ թղթի շուկայական գնի 70 տոկոսանոց աճը (դա մինչեւ դոլարի գնի վերջին թանկացումն էր) միւս կողմից, այլ ելք չթողեց նոր հաշւարկների գնալուց բացի: Սկսենք այստեղից, որ թերթի հատավաճառից գոյացող գումարը միայն ի զօրու է ծածկելու դրա ինքնարժէքի ընդամենը 75 տոկոսը, մնացած 25 տոկոսը թերթը փորձում է ինքը սուբսիդաւորել: Մեր մօտեցումն այսպիսին է, որ ամէն ինչ պէտք է անել, որ բաժանորդների կենսազամբիւղում շարունակի իր տեղն ունենալ հայկական մամուլը: Մեզ համար սա շարունակում է մնալ օրակարգի ամենաթէժ անկիւնը:

 

Հ.- Պարզորոշենք թւերն ու գումարները: Թերթի դիմաց ինչքա՞ն պիտի վճարի բաժանորդը:

Պ.- Նախ հատավաճառի մասին. ընթերցողը հատավաճառի դիմաց վճարում է 1500 թուման: Իսկ բաժանորդների դէպքում գանձումները կատարւում են երկու ամիսը մէկ՝ նախկին կարգով: Այդպէս, իւրաքանչիւր բաժանորդ մէկ ամսւայ դիմաց վճարելու է 40 հազար, եւ քանի որ երկու ամիսը մէկ է գանձումը կատարւում, ընդհանուր գումարը կազմելու է 80 հազար թուման: Հաւատացած լինելով, որ պէտք է պահել թափանցիկութեան շունչը, շարունակեմ, որ տարւայ արձակուրդայինները ներառած, միջին հաշւով իւրաքանչիւր ամսւայ կտրւածքով լոյս է տեսնում թերթի 23 համար. այսինքն բաժանորդից առաքման դիմաց գանձւում է գրեթէ աննշան մի գումար:

 

Հ.- Հայահոծ քաղաքամասերից (Սասունի) բաժանորդների մօտ կայ մտահոգութիւն կապւած թերթը ուշ ստանալու կամ առաքումը ուշացած իրականացնելու հետ:

Պ.-  Խնդիրը շուտով կարգաւորւելու է: Փորձ է արւելու այդօրինակ բացերը նւազագոյնի հասցնել, յատկապէս, երբ կայ թանկացմանը յաջորդող պատճառահետեւանքային անխուսափելի շրջանը:

 

Հ.- Ինչի մասին է խօսքը:

Պ.- Կան դէպքեր, երբ լսարանի որոշակի հատւածի աչքին մարսելի չէ նոր գնի հետ կապւած իրականութիւնը: Ասեմ նաեւ, որ դա հասկանալի է: Բայց, կուզենայի տեղեկացնել, որ որեւէ որոշման գնալուց առաջ ուրախ կը լինենք, եթէ ընթերցողը դիմի թերթիս տնօրէնին: «Ալիք»-ը պատրաստ է լսելու բաժանորդներին, այսինքն՝ իր լսարանին: Հաւատացած եմ, որ անլուծելի խնդիր չկայ այստեղ: Եթէ որեւէ մէկի վրայ ծանր է թւում սահմանւած ամսավճարի չափը, ապա միասին կարող ենք յաղթահարել խնդիրը, որպէսզի հայագիր մամուլը շարունակի իր տեղն ունենալ հայի օջախում: Սա խնդիր է, որի մասին նոր ենք բարձրաձայնում: Ասեմ նաեւ, որ մենք այն մեր ուսերին ենք կրում արդէն նոյեմբերի վերջից ցայսօր: Բոլոր ջանքերն ուղղւած են եղել թերթի թանկացման դէմն առնելու, փորձել ենք տպարանի աշխատանքներով իրականացնել սուբսիդաւորման բացը:

 

Հ.- Առաքման ծախսերի հետ կապւած ձեր նշումները գուցէ մի քիչ այլ են հնչում: Այնպէս, որ մայրաքաղաքում կան հայահոծ շրջաններ, իսկ դրանց կողքին էլ՝ սակաւ թւով հայերով բնակեցւած հատւածներ, որոնք իմիջիայլոց գտնւում են որոշակի հեռաւորութեան վրայ:

Պ.- Փորձել ենք անփոփոխ լինի բոլոր տեղերում թերթի գինը: Դա արդէն ժամանակը ցոյց կը տայ: Ուղղակի խնդրանքս այն է լինելու, որ եթէ ցրիչների կողմից յաւելեալ գումար պահանջւի եւ դրան համաձայն չլինի ընթերցողը, ապա մեզ տեղեակ պահելն այդ մասին ամենաճիշտ քայլը կը լինի:

 

Հ.- Սա բոլոր թերթերի խնդիրը կարող է լինել: Միւս թերթերը ո՞նց վարւեցին նմանօրինակ իրավիճակում:

Պ.- Որպէս օրինակ, լաւագոյն պայմաններ ունեցող թերթերից՝ «Համշահրի»-ն, դեռ արձակուրդների գնալուց առաջ է անցել նոր գնային ռեժիմի: «Համշահրի»-ն հատավաճառը իրականացնում է 100 տոկոս թանկացրած՝ 1000-ով: Միւս թերթերը լոյս են տեսնում 1500-ից 2500 թումանով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։