Հա

Համայնք

23/04/2018 - 14:20

«ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ՝ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի ծրագիր ոչ-հայ լսարանի համար

Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի ծրագրերի շարանում, Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ երէկ, ապրիլի 22-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր դասախօսական գեղարւեստական միջոցառում՝ ոչ-հայ լսարանի համար:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի ծրագրերի շարանում, Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ երէկ, ապրիլի 22-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր դասախօսական գեղարւեստական միջոցառում՝ ոչ-հայ լսարանի համար:

Իրանի պետական հիմնով մեկնարկած միջոցառմանը «ՀՈՒՍԿ»-ի անունից բացման խօսքով հանդէս եկաւ Սարինէ Թորոսեանը, օրւայ դասախօսն էր համալսարանի դասախօս, իրաւաբան եւ փաստաբան դոկտ. Մոհամմադ Ռեզա Ազիմին, ով անդրադարձաւ ցեղասպանութիւնների քաղաքա-իրաւաբանական եւ հասարակական հետեւանքների մասին: Հրաւիրւեց արտայայտւելու Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, ով անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան հարցով Հայաստանի քաղաքական դիրքորոշման եւ աշխարհում ու տարածաշրջանում այսօր տիրող բարդ իրավիճակի մասին, ընդգծեց, որ վերջին մէկուկէս տասնամեակի ընթացքում Հայաստանի պաշտօնական արտաքին քաղաքականութեան մէջ Ցեղասպանութեան խնդիրը արձանագրւած է, որպէս Հայաստանի արտաքին պետական քաղաքականութեան կարեւորագոյն ուղղութիւններից մէկը:

Իսլ. խորհրդարանի պատգամաւոր եւ խորհրդարանի դատական յանձնաժողովի անդամ դոկտ. Մոհամմադ Ջաւադ Ֆաթհին մեծարելով Ցեղասպանութեանը զոհ գնացած մէկուկէս միլիոն հայերի եւ 750 հազար ասորիների յիշատակը ընդգծեց, որ իւրաքանչիւր Աստւածային կրօն դատապարտում է մարդու սպանութիւնը: Միջազգային յարաբերութիւնների իրանական միութեան գլխաւոր տնօրէն դոկտ. Զիա Սաբուրին եւս ըստ կրօնական եւ իրաւաբանական հիմունքների, դատապարտելի համարեց մարդկանց սպանութիւնը: Ելոյթների աւարտին Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը յոյս յայտնեց, որ Հայոց Ցեղասպանութեանը առնչւող միջոցառումները եւ դատապարտանքը կատարւի ոչ միայն հայութեան կողմից իրականացւող միջոցառումների ընթացքում, այլեւ այլ ծրագրերի միջոցով եւս: Ընթացքում ցուցադրւեց փաստա-վաւերագրական տեսաֆիլմեր, իսկ վերջում ազգային-ժողովրդական երգերով հանդէս եկաւ Հայաստանի Թաթուլ Ալթունեանի անւան երգի-պարի պետական անսամբլը:

Միջոցառմանը ներկայ էին Իսլ. խորհրդարանի պատգամաւորներ, կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորներ, Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու Սայիդ Թաղաւին, Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան դիւանագիտական կազմը, Հայաստանից ժամանած հիւրեր, ազգային իշխանութեան, միութիւնների եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչները, իրանցի մտաւորականներ եւ զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչներ: Սրահում կազմակերպւել էր լուսանկարների ցուցահանդէս, իսկ վերջում ընդունելութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։