Հա

Համայնք

06/05/2018 - 11:00

Զոյգ խաչքարերի օծում-օրհնութիւն Թեհրանում

Թւականիս, ուրբաթ 4 մայիսի յետմիջօրէի ժամը 5:00-ին Ազգային իշխանութեան, Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի, Թեմական խորհրդի, ՀՀ 100-ամեակի յանձնախմբի, միութիւնների, եկեղեցիների Եկեղեցական խորհրդների եւ հրաւիրեալների ներկայութեամբ, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, քահանայ հայրերի մասնակցութեամբ, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու մուտքին զետեղւած զոյգ հսկայ խաչքարերի օծման-օրհնութիւնը կատարեց:

Քրիստոնէական կրօնի գլխաւոր նշանը, որով յատկանշւեց Նա իր զօրութեամբ, անյաղթահարելիութեամբ ու խորհրդով, եղաւ ու կը մնայ իր հաւատքի հիմնադրին ու այն կատարելագործողին՝ Յիսուս Քրիստոսի խաչը, որի վրայ յօժարակամ իր անձի պատարագումով եւ արեան յղումով խորտակեց չարի իշխանութիւնը եւ մահւան շղթաները փշրելով՝ փրկութիւն ապահովեց համայն մարդկութեան, նրանց, ովքեր հաւատքով ընդունում էին եւ պիտի ընդունէին նրա կատարածը: 

Նոյն խաչի նշանն իր բացարձակ զօրութեամբ ներգործեց նաեւ Հայաստան աշխարհի եւ ամբողջ հայութեան կեանքում, այն օրից, երբ Յիսուսի Ս. Աւետարանի կենսարար լոյսը ծագեց ու շողաց մեր հայրենիքի երկնակամարի վրայ ու ճառագայթելով՝ թափանցեց իւրաքանչիւր հայու հոգու ու սրտի մէջ հասնելով մինչեւ իր էութեան խորքը եւ այնտեղ կնքելով իր դրոշմը: 

Այո խաչը հայերի համար դարձաւ ոչ միայն պարծանքի առարկայ, այլեւ կեանքի, զօրութեան, ներշնչումի, մահւան վրայ ծիծաղելու եւ յաւիտենականութեան կառչելու ներուժ, եւ ոչ միայն դրանով յատկանշւեց իր հաւատքի կեանքը, այլեւ դրան շաղախւեց մեր նկարագիրը, ինքնութիւնը, պատմութիւնը, արւեստը, մշակոյթը, գրականութիւնն այն աստիճանի ներկապակցւեցինք խաչի խորհրդին, կերպին եւ զօրութեան, որ նա կարծես դարձաւ հայու ոգին, կեանքը, մշակոյթը եւ ինքնուրոյն դիմագիծ ներկայանալու յատկանիշը, որով այսօր, աշխարհով մէկ հայը ճանաչւում է իր հրաշակերտ խաչքարերով, այնպիսի մի իրողութիւն, որ միայն հայը կարող է մտայղանալ, երկնել ու ծնունդ տալ եւ ստեղծագործել այնպիսի մի աստւածատուր պարգեւ, որ իբրեւ գերագոյն առանձնաշնորհում վկայում է հայի, Խաչեալի ու խաչի հանդէպ ունեցած երկիւղը, սէրը, հաւատքն ու պաշտամունքը: 

Առ այդ, թւականիս, ուրբաթ 4 մայիսի յետմիջօրէի ժամը 5:00-ին Ազգային իշխանութեան, Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի, Թեմական խորհրդի, ՀՀ 100-ամեակի յանձնախմբի, միութիւնների, եկեղեցիների Եկեղեցական խորհրդների եւ հրաւիրեալների ներկայութեամբ, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, քահանայ հայրերի մասնակցութեամբ, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու մուտքին զետեղւած զոյգ հսկայ խաչքարերի օծման-օրհնութիւնը կատարեց: 

Յիշեցնենք, որ զոյգ խաչքարերի նւիրատուն է ազնիւ եւ բարեպաշտ պրն. Գրիգոր Ալէքսանեանը: Խաչքարերից առաջինը նւիրել է Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման եւ անւանակոչութեան 45-ամեակին, իսկ երկրորդը՝ Հայաստանի առաջին հանրապետութեան եւ պետութեան հաստատման 100-ամեակին: 

Աստւածաշնչական, Առաքելական նամակների ու Աւետարանի հատւածի ու աղօթքների ընթերցումներից յետոյ «Առաքելոյ Աղաւնոյ» շարականի երգեցողութեամբ Առաջնորդ Սրբազան Հայրը Միւռոնաթափ աղաւնուց Ս. Միւռոնը սրւակի մէջ երեք անգամ հեղելուց յետոյ, չորս հանգրւաններով օծեց զոյգ խաչքարերը «Ամէն Ալէլուիա» երգի ընկերակցութեամբ: 

Օրհնութիւնից յետոյ, Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձաւ խաչի ու Ս. Նշանի եւ խաչքարերի ունեցած խոր իմաստի ու զօրութեան եւ դերակատարութեան մասին հայկական պատմութեան ողջ հոլովոյթում: Նա իր գոհունակութիւնը յայտնեց այդ պատմական դէպքի համար, թէ ինչպէս զոյգ խաչքարերը գալիս էին բացայայտելու եւ վկայելու այն ճշմարտութիւնը, որ եկեղեցին իր հաստատման առաջին իսկ պահից թեւ ու թիկունք է եղած իր պետականութեան, ազգին ու ժողովրդին, ինչպէս նաեւ՝ զօրութեան աղբիւր եւ օրհնութիւն: Նա իր խօսքում յատուկ կերպով գնահատեց խաչքարերի նւիրատուն՝ Գրիգոր Ալէքսանեանին, իր կատարած մեծապէս յատկանշական նւիրատւութեան ու բարերարութեան համար, մաղթելով իրեն եւ իր ընտանիքի անդամներին առողջ, երջանիկ, յաջող եւ աստւածային օրհնութիւններով լեցուն կեանք: Իր խօսքում, Սրբազան Հայրը գնահատեց նաեւ խաչքարերի քանդակող վարպետ՝ պրն. Արտեոմին, ով Հայաստանից եկել էր այդ առիթով: 

Իր խօսքում Սրբազան Հայրը գնահատեց նաեւ զոյգ երկրների դեսպաններին, դեսպանատան անձնակազմին, որոնց համագործակցութեան շնորհիւ խաչքարերն առանց որեւէ դժւարութեան եւ հեզասահ ընթացքով Հայաստանից անցել էին զոյգ սահմանները եւ ապահով հասել ու տեղաւորւել էին եկեղեցու բակում: 

Արարողութեանը մասնակցեց նաեւ Փարիզից հիւրաբար, որպէս ուխատաւոր եկած առաջնորդական փոխանորդ՝ հոգշ. Տ. Գրիգոր աբղ. Խաչատուրեանը: Սրբազան Հայրն իր խօսքում թէ Հայր Սուրբին եւ թէ իր հետ եկած շուրջ 30 ուխատաւորներին ողջունեց եւ ընդունելի ուխտաւորութիւն մաղթեց: 

Ի վերջոյ Սրբազանը յիշեցրեց, որ խաչքարերը Ս. Միւռոնի օծումով դադարում են իրենց նիւթական վիճակից եւ դառնում են աստւածային զօրութեամբ օծուն ներգործող իրականութիւն, որոնք իրենց մէջ ներառում են մեր անցեալը, ներկան եւ գալիք հզօր ու պայծառ ապագան: 

Աւարտին Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհուրդը հիւրասիրութիւն էր պատրաստւած ներկաների համար: 

Թղթակից

Յարակից լուրեր

  • Հոգեհանգստեան արարողութիւն
    Հոգեհանգստեան արարողութիւն

    Կիրակի, 21 յուլիս 2019-ի առաւօտեան, յաւարտ ս. եւ անմահ պատարագի, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցաւ յատուկ հոգեհանգստեան արարողութիւն, 2009 թւականի 15 յուլիսին Թեհրան-Երեւան օդանաւային դժբախտ արկածին զոհ գնացած անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար։

  • Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին մասնակցում է Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդը
    Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին մասնակցում է Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդը

    Ասիայի Եկեղեցիների խորհուրդը ընդգրկում է Ասիայի բոլոր եկեղեցիները, որոնք գործում են աւելի քան 22 երկրների մէջ, ներառեալ Իրանը։ Իրանի հայոց եկեղեցին, 2010 թւականի ապրիլից մաս է կազմում սոյն խորհրդին եւ իր գործօն մասնակցութիւնն է բերում նրա աշխատանքներին։ Յայտնենք, որ 2018-ի յուլիսին սոյն խորհրդի Գործադիր վարչութիւնը իր տարեկան ժողովը գումարեց Անթիլիասում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի տնօրինութեամբ եւ հրաւէրով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի։ Սեպուհ արքեպիսկոպոսը 2010-ից սկսեալ Գործադիր վարչութեան անդամ է։

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն, այսօր, կիրակի, 14 յուլիս 2019-ի վաղ առաւօտեան ժամերին մեկնեց Կամբոջիա - Փնոմ Փէն, մասնակցելու Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան հերթական ժողովին՝ 16-19 յուլիս 2019-ին:

  • Ուխտագնացութիւն դէպի Արաք
    Ուխտագնացութիւն դէպի Արաք

    Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն Սրբեր՝ Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի կատարւեց թւականիս 11 եւ 12 յուլիս օրերի ընթացքին։

  • «Հայ կին» միութեան Վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում
    «Հայ կին» միութեան Վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում

    Երեքշաբթի, 2019 թւականի յուլիսի 9-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Հայ կին» միութեան նորընտիր Վարչութեան անդամներին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։