Հա

Համայնք

09/05/2018 - 10:10

Երէցների միութեան մայիս ամսի հանդիպումը

Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Երէցների միութեան մայիսի ամսական հանդիպումը, մէկ շաբաթ առաջաձգումով, տեղի ունեցաւ ապրիլի 30-ին մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Բացման խօսքով հանդէս եկաւ միութեան նախագահ՝ընկեր Հարմիկ Զովէլեանը: Նա սկզբում ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ լռութեամբ յոտնկայս յարգել երէցների վաստակաւոր ընկեր, միութեան անդրանիկ նստաշրջանի վարչութեան անդամ, նորոգ հանգուցեալ՝ Ժան Աբրահամեանի յիշատակը:

Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Երէցների միութեան մայիսի ամսական հանդիպումը, մէկ շաբաթ առաջաձգումով, տեղի ունեցաւ ապրիլի 30-ին մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Բացման խօսքով հանդէս եկաւ միութեան նախագահ՝ընկեր Հարմիկ Զովէլեանը: Նա սկզբում ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ լռութեամբ յոտնկայս յարգել երէցների վաստակաւոր ընկեր, միութեան անդրանիկ նստաշրջանի վարչութեան անդամ, նորոգ հանգուցեալ՝ Ժան Աբրահամեանի յիշատակը:

Ապա միութեան երիցագոյն անդամների ներկայացման ու գնահատման ծրագրի շարանում, ընկեր Զովէլեանը ներկայացրեց ընկեր Վիգէն Մուրադեանին, ում միութենական կեանքը սկսւել է 1948 թւին, նորակազմ «Արարատ» միութեան մարզական բաժանմունքից, երբ Վիգէնը հազիւ 12 տարեկան էր: Նշենք, որ այն ժամանակ «Արարատ» միութիւնը աշխատում էր «Հայ Երիտասարդական Մշակութային Միութիւն» անունով: Ընկեր Վիգէնը տարիների ընթացքին մասնակցել է միութենական տարբեր աշխատանքներում: 1987-ին ընտրւել է «Արարատ» կազմակերպութեան Վարիչ մարմնի նախագահ, 1984-ին՝ Երէցների միութեան վարչութեան անդամ: Հանդիսացել է Հայ ճարտարապետների եւ ճարտարագէտների միութեան հիմնադիր ու վարչութեան անդամ, նաեւ Հայ համալսարանականների ընդհ. միութեան եւ Հայ ակումբի վարչութեան անդամ: Իր գործունէութեան ընթացքին արժանացել է մի շարք գնահատագրերի ու պատւոգրերի:  

Ընկեր Վիգէն Մուրադեանը մասնագիտութեամբ ճարտարապէտ, աւարտել է Թեհրանի համալսարանի Գեղարւեստի ֆակուլտետը՝ 1967 թւին: Ունի աշխատանքային հարուստ անցեալ: Իր նախագծով են կառուցւել Նոր Ջուղայի ազգային մանկապարտէզը - այժմեայ «Արարատ» միութեան կենտրոնատեղին - ու Ս. Ամենափրկիչ վանքի դիմաց գտնւող առեւտրական կենտրոնը:

Ապա բանախօսութեամբ ելոյթ ունեցաւ ընկեր Հենրիկ Խալոյեանը՝ Հայաստանի Հանրապետութեան կերտման 100-ամեակին նւիրւած իր ամփոփ խօսքով: Նա Մայիս 28-ը անւանեց «Տօների տօն», քանզի այն հանդիսացել է ազգիս գոյատեւման հիմնական կռւանն ու երաշխիքը: Նա դրւատանքով խօսեց Ցեղասպանութիւնն ապրած մեր ժողովրդի մասին, որ կարողացաւ առանց ոչնչի պետականութիւն կերտել, որը հիմնաքարն է դարձել այսօրւայ Հայաստանի: Ապա անդրադարձաւ Հայաստանի Հանրապետութեան կարճատեւ գոյութեան ընթացքին աննախադէպ ձեռքբերումներին: Բանախօսը շեշտեց, որ անկախութեան խորհուրդը մեր ժողովրդի մօտ միշտ տիրական է եղել, ապա անդրադառնալով վերջերս Հայաստանում ծաւալւած ժողովրդական շարժումին, ասաց՝ այսօր եւս մեր երիտասարդները ապացուցեցին, որ ազատատենչ նոյն սերնդի ժառանգորդներն են:

 

Ծրագրի վերջին բաժնում, արւեստագէտ Արփի Սիմրոջեանի խմբավարութեամբ, ելոյթ ունեցաւ «Արարատ» երգչախումբը, որին մասնակցում էին նաեւ օժանդակ ընկերներ: Երգչախումբը կատարեց «Կամաւորական քայլերգ», «Դէպի Հայաստան», «Երեւան» եւ «Սարդարապատ» հայրենաշունչ երգերը՝ արժանանալով ներկաների գնահատականին: Կատարումներից առաջ ընթերցւեց խմբավարի ամփոփ կենսագրականը, որից քաղւածքներ կը ներկայացնենք ստորեւ.

Արփի Սիմրոջեանը ծնւել է Թեհրանում. սովորել է «Վաչէ Յովսէփեան», «Քուշեշ» ուղեցոյց, «Մարիամեան» եւ «Մարի Մանուկեան» դպրոցներում: Դաշնամուրի դասեր է ստացել Անուշ Գրիգորեանից եւ Հրաչուհի Մակարեանից: Մասնակցել է Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Անի» երգչախմբին՝ Հրաչուհի Մակարեանի խմբավարութեամբ, ուր աշխատել է նաեւ որպէս խմբավարի օգնական: Մասնակցել է նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Սեւան» երգչախմբին՝ Գուրգէն Մովսիսեանի խմբավարութեամբ: Վերջինիս հետ նաեւ խմբավարական պարապմունք է անց կացրել: Հարմոնիայի դասեր է ստացել Ժոզէֆ Յովհաննիսեանից, սովորել է Թեհրանի կոնսերւատորիայում, իսկ երաժշտական բարձրագոյն կրթութիւնը ստացել է Երեւանի Կոմիտասի անւան պետական կոնսերւատորիայում եւ աւարտել՝ խմբավարութեան մասնագիտութեամբ, գերլիսանսի աստիճանով 2015 թւականին:

Արփի Սիմրոջեանը երաժշտութիւն է դասաւանդել հայոց մանկապարտէզներում, դպրոցներում ու միութիւններում: Խմբավարել է Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան, Հ. Ուս. «Չարմահալ» միութեան «Անի» մանկապատանեկան եւ «Անահիտ» միութեան «Քնար» մանկապատանեկան երգչախմբերը: Ներկայիս «Արարատ» երգչախմբից բացի, խմբավարում է Հ.Հ.Ը.Մ.-ի «Տաւիղ» ու Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախմբերը եւ հայ երաժշտութիւն դասաւանդում Թ.Հ.Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացներում:

Վերջում ջերմ ընդունելութեամբ հիւրասիրւեցին ներկաները եւ նշւեցին մայիս ամսի Երէցների տարեդարձները:

(Նիւթը յանձնեց ընկեր Էդւարդ Յարութիւնեանը)

Հ. Մ. «Արարատ» Կ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։