Հա

Համայնք

13/05/2018 - 09:10

Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի ոգեկոչում «Սարդարապատ» քաղաքամասում

Կիրակի, ապրիլ 22-ի երեկոյեան Թեհրանի Հայ մշակութային «Սարդարապատ» միութեան հաւաքատեղիում, նշւեց Մեծ Եղեռնի 103-րդ տարելիցի առիթով կազմակերպւած ոգեկոչումը:

Կիրակի, ապրիլ 22-ի երեկոյեան Թեհրանի Հայ մշակութային «Սարդարապատ» միութեան հաւաքատեղիում, նշւեց Մեծ Եղեռնի 103-րդ տարելիցի առիթով կազմակերպւած ոգեկոչումը:

Հանդիսութիւնը միասնաբար կազմակերպել էին «Սարդարասապատ» քաղաքամասի Սբ. Վարդանանց եկեղեցու խորհրդի Հայ մշակութային «Սարդարապատ» եւ «Հայ կին» միութեան կից «Անի» միութիւնները: Ներկայ էր շրջանի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը։

Հանդիսութիւնը բացւեց մի կարճամետրաժ տեսաժապաւէնով, որը պատրաստել էր Թեհրանի հայոց միջնակարգ դպրոցի աշակերտուհի Էլինա Մարգարեանը:

Այնուհետեւ տկն. Ժանետ Բալասանեանը, բացման խօսքը ասաց, որի մէջ նշում էր նաեւ 1915 թւականի Ապրիլի արհաւիրքի մասին տեղեկութիւններ:

Հաղորդավարն ապա հրաւիրեց օրւայ բանախօս՝ «Սարդարապատ» միութեան նախագահ պրն. Վարդան Դաւթեանին:

Բանախօսն իր խօսքի մէջ ակնարկեց, որ թէեւ խորհրդանշաբար 1915 թւականի Ապրիլի 24-ին ենք նշում Ցեղասպանութեան թւականն սակայն քոչւոր Թուրքերը 1800 թւականից արդէն կազմակերպում էր հաւաքական եւ անհատական կոտորածներ, թալանումներ, որոնց հայերը դիմադրում էին ինքնապաշտպանութեան գրոհումներով:

Նա հանգամանօրէն խօսելով Ցեղասպանութեան ծալքերի մասին, եւ ապա նշեց այդ Ցեղասպանութեան իրաւական եւ դատական կողմերի մասին:

Ապա հրաւիրւեց վաստակաւոր երգիչ պրն. Զօրիկ Ֆարհադեանը, որը կատարեց «Իզէն հայր» եւ երկու ուրիշ յեղափոխական երգեր, որոնք ազդեցին ներկաներին։

Այնուհետեւ ցուցադրւեց 13 րոպէ տեւողութեամբ մի փաստավաւերագրական տեսաժապաւէն, որը պատրաստել էր Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոնը («ՀՈՒՍԿ»):

Ձեռնարկը շարունակւեց պրն. Զօրիկ Ֆարհադեանի երկու ուրիշ մեներգներով եւ երկու պարմանուհու ասմունքներով:

Նարէ Ղուկասեանը կատարեց Պարոյր Սեւակի «Ղօղանջ եղեռնական»-ը իսկ Վանէ Տէր-Պետրոսեանը՝ Պարոյր Սեւակի «Անլռելի զանգակատուն»-ը:

Վերջում բոլորը յոտնկայս երգեցին «Սարդարապատ»-ը:

Բեմը Զարդարւած էր Ցեղասպանութեան խորհրդանշով պաստառներով եւ Ծիծեռնակաբերդի մանրակերտ արձանով:

Ձեռնարկի վերջում ներկաները հիւրասիրւեցին օշարակով եւ խմորեղէնով։

Կազմակերպիչ յանձնախմբի անդամներն էին՝ Էդւարդ Աբրահամեանը, Իւէտ Այւազեանը, Քլոդէթ Տէր-Յովսէփեանը եւ Ալինա Բաբախանեանը։

Հայ մշակութային «Սարդարապատ» միութեան
Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։