Հա

Համայնք

13/05/2018 - 15:00

Դոկտ. Կարէն Խանլարեանը Սիրիա կատարած այցի եւ տարածաշրջանային խնդիրների մասին պատասխանել է «Ալիք»-ի հարցերին

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութեան եւ դրան յաջորդած ու փոխկապակցւած իրադարձութիւնների մասին իրանական ԶԼՄ-ներում արձագանգների պակասը փորձագէտները պայմանաւորում են միմեանց զուգադիպող եւ միաժամանակ տեղի ունեցող մի քանի այլ իրադարձութիւններով: Նոյն կտրւածքով առաջին տեղում կարելի է տեսնել ԱՄՆ-ի ԲԱՐՋԱՄ-ից դուրս գալու միակողմանի յայտարարութիւնն ու դրան յաջորդած դիւանագիտական լարւած վիճակը:

«Հայաստանում տեղի ունեցածը բեկումնային ազդեցութեամբ դասական յեղափոխութիւն էր, ամենաքաղաքակիրթ մեթոդներով»

 

«ԱԼԻՔ» - Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութեան եւ դրան յաջորդած ու փոխկապակցւած իրադարձութիւնների մասին իրանական ԶԼՄ-ներում արձագանգների պակասը փորձագէտները պայմանաւորում են միմեանց զուգադիպող եւ միաժամանակ տեղի ունեցող մի քանի այլ իրադարձութիւններով: Նոյն կտրւածքով առաջին տեղում կարելի է տեսնել ԱՄՆ-ի ԲԱՐՋԱՄ-ից դուրս գալու միակողմանի յայտարարութիւնն ու դրան յաջորդած դիւանագիտական լարւած վիճակը:

Սակայն, որպէս տարածաշրջանային, ինչպէս նաեւ երկկողմ յարաբերութիւններում վստահելի գործընկեր Հայաստանը Իրանի համար շարունակում է մնալ ռազմավարական նշանակութեամբ բարեկամ երկիր: Այս կապակցութեամբ, արդէն իսկ երեւան է գալիս, ինչպէս սոցիալական ցանցերում, նոյնպէս էլ Հայաստանեան մամուլի էջերով հրապարակումները, կապւած ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինեանին ուղղւելիք Իրանի Իսլ. Հանրապետութեան այրերի շնորհաւորական ուղերձի ուշացումը: Այս եւ տարածաշրջանում տեղի ունեցող այլ կարեւոր իրադարձութիւնների մասին հարցերով, դիմեցինք Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանին: Յիշեցնենք, որ իրանահայ պատգամաւորը մէկ շաբաթ առաջ է վերադարձել Սիրիայից, ուր գտնւում էր պաշտօնական այցով:

Խորհրդարանում Իրան-Հայաստան բարեկամութեան խմբի անդամ պատգամաւորը պատասխանելով վերջերս Սիրիա կատարած իր այցի նպատակի մասին հարցին նշեց, որ այցի շրջանակներում Իրանի Իսլ. Հանրապետութեան Մեջլիսի յատուկ պատւիրակութիւնը հանդիպումներ է անցկացրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, Սիրիայի խորհրդարանի նախագահի, նոյն երկրի ազգային Անվտանգութեան խորհրդի պետի, ինչպէս նաեւ Սիրիայի խորհրդարանի արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի անդամների հետ: Այցի ընթացքում իրանական պատւիրակութիւնը հասցրել է ծանօթանալ նաեւ Դամասկոսի Ջոբար քաղաքամասին, որը 7-ամեայ հակամարտութեան բերումով գրեթէ ամբողջապէս աւերւած վիճակում է գտնւում:

Պատգամաւորը տեղեկացրեց նաեւ, որ հանդիպել է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդին ու հայ համայնքի պատասխանատուներին:

Պատւիրակութեան կազմի մասին Կարէն Խանլարեանը մեզ յայտնեց, որ այցը կատարւել է Մեջլիսում անվտանգութեան հարցերով յանձնաժողովի անդամների ընկերակցութեամբ:

Հայաստանի Հանրապետութիւնում տեղի ունեցած իրադարձութիւնների մասին Իրան-Հայաստան բարեկամութեան խմբի անդամը ընդգծում է, որ տեղի ունեցածը դասական առումով քաղաքական յեղափոխութիւն կարելի է համարել, իր բոլոր ատրիբուտներով: «Այն ստեղծւեց, ընթացաւ, եւ յաջողութեամբ պսակւեց ամենաքաղաքակիրթ մեթոդներով: Այդ յեղափոխութեանը յաջողւեց բեկումնային ու շրջադարձային ազդեցութիւնը գործել նորանկախ Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքի վրայ»,- նշում է պատգամաւորը:

Իսկ այն մասին, թէ ԶԼՄ-ներում, յատկապէս հայաստանեան մամուլի էջերում, արդէն իսկ շօշափելի են դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին ուղղւելիք Իրանի շնորհաւորական ուղերձի ուշացման հարցը, պատգամաւորն այն կապակցւած է տեսնում ԲԱՐՋԱՄ-ից դուրս գալու մասին Դոնալդ Թրամփի յայտնի յայտարարութեան հետ, ինչի զուգադիպումը թերեւս մի քիչ յետաձգել է շնորհաւորանքի ուղերձը:

Դոկտ. Կարէն Խանլարեանը յաւելեց, որ հաշւի առնելով Իրանի համար բարեկամ եւ հարեւան երկրում ստեղծւած իրավիճակի կարեւորութիւնը ուղերձի ուշացման մէջ, որեւէ միտում կամ յետին նպատակ չի տեսնում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։