Հա

Համայնք

19/05/2018 - 16:10

Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»

Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով թւականիս մայիսի 17-ին եկեղեցու յարկի տակ կազմակերպւել էր «Հոգեւոր համերգ»-երեկոյ:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով թւականիս մայիսի 17-ին եկեղեցու յարկի տակ կազմակերպւել էր «Հոգեւոր համերգ»-երեկոյ:

Իւրայատուկ եւ անզուգական կատարմամբ երեկոյի կազմակերպումը իրականացրել էր Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհուրդը, վայելելով Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հովանաւորութիւնը: Հոգեւոր երգերը հնչեցին Էդիկ Թամրազեանի ղեկավարութեամբ «Հայ կին» միութեանը կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» եւ Թեհրանի եկեղեցիների երգեցիկ խմբերի անդամներից կազմւած համատեղ երգչախմբի կատարմամբ ինչպէս նաեւ «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի սաների մասնակցութեամբ, ղեկավարութեամբ Արփինէ Յարութիւնեանի: Միջոցառմանը բացման խօսքով հանդէս եկաւ Անի Քրիստի սրկ. Մանուէլեանը, որն անդրադարձաւ եկեղեցու պատմական տւեալներին, հոգեւոր երգերի մենակատարմամբ ելոյթ ունեցան Կարինէ Մուրադեանը, Օդետ Մուրադեանը եւ Օֆիկ Մելիքեանը, ընկերակցութեամբ Արին Աւանէսեանի դաշնամուրային կատարումների, ով նաեւ հանդէս եկաւ առանձին կտորների իրականացմամբ: Ասմունքային առանձին կատարումներով ելոյթ ունեցան Այրինա Նորաւեանը եւ Արտոյտ Զոհրաբեանը՝ վերջնիս հոգեւոր տաղերի կատարմամբ ընկերակցեց Տ. Մակար եպս. Աշգարեանը: Հանդիսութեանը հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ընդգծելով. «Եկեղեցու տօնակատարութիւնը, հիմնադրութեան եւ օծման տօնակատարութիւնը պատմական իրողութիւն լինելով հանդերձ, ներշնչման եւ զօրացման աղբիւր է մեզանից իւրաքանչիւրի համար»: Թեմակալ առաջնորդը կարեւորեց այն իրողութիւնը, որ եկեղեցու քարեղէն կառոյցը ոգեղինանում է ժողովրդի ներկայութեամբ: Թեմակալ առաջնորդը գնահատանքով անդրադարձաւ եկեղեցու օծման շրջանից իր ծառայութիւնը եկեղեցուն ցուցաբերած Տ. Վարազդատ աւագ քահանայ Քեշիշեանին, եւ Եկեղեցու խորհրդին, միջոցառումը նախաձեռնելու կապակցութեամբ: Ընթացքում թեմակալ առաջնորդի ձեռամբ Ս. Մեսրոպ Մաշտոց շքանշանով պարգեւատրւեց «Զւարթնոց» երգչախմբի խմբավար Էդիկ Թամրազեանը իր երկարամեայ անվերապահ աշխատանքի համար եւ ընթերցւեց այդ առիթով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի յղած Կոնդակը: Գնահատանքի արժանացաւ Ս. Սարգիս եկեղեցու գլխաւոր մուտքի մօտ երկու խաչքարերի բարերար Գրիգոր Ալեքսանեանը: Միջոցառմանը ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Իրանում ՀՀ դեսպանութեան աշխատակազմը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ժողովի անդամ Թովմաս Թովմասեանը, Իրանի Հայ Կաթողիկէ եւ Աւետարանական եկեղեցու հոգեւոր առաջնորդները, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ: Աւարտին եկեղեցու բակում կազմակերպւել էր ընդունելութիւն: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։