Հա

Համայնք

20/05/2018 - 09:50

Հոգեւոր համերգ նւիրւած՝ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման եւ կառուցման 45-ամեակին

Թւականիս հինգշաբթի, 17 մայիսի երեկոյեան թեհրանահայերի համար լիովին տարբեր մի մթնոլորտ էր ստեղծւել, քանի որ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցին տօնական ու զւարթագին մի ուրոյն իրավիճակում էր գտնւում, իր գրկում սեղմած ունենալով հաւատացեալ զաւակների մի հոծ բազմութիւն, որոնք եկել էին վայելելու ու ըմբոշխնելու Նրա կառուցման եւ օծման 45-ամեակին նւիրւած աննախադէպ հոգեւոր համերգն ու ընդհանուր ներկայացումը։

Մարդկային ընկերութիւնը առողջ փոխ-յարաբերական կեանքի մէջ պահող կարեւորագոյն ազդակը համարւում է՝ անկեղծ եւ սրտբաց երկխօսութիւնը։ Նոյնն է նաեւ Աստւած-մարդ, մարդ-Աստւած յարաբերական կեանքի պարագային։ 

Մարդ արարածը գիտակից թէ անգիտակից միշտ էլ ի բնէ կարիքն է ունեցել կենդանի հաղորդակցութեան եւ յարաբերութեան մէջ մտնելու իր Արարիչ Հօր Աստծու հետ. Եւ դա դրսեւորել է բազում պաշտամունքային եւ ծիսակատարական կերպերով, որոնցից կարեւորագոյնը հաւաքական տիպի նոյն հաւատի եւ վարդապետութեան առումով միասիրտ եւ միահոգի դաւանութեան արտայայտութիւնն է, ինչը կոչւում է եկեղեցի ու եկեղեցական կեանք։ 

Ահա թէ ինչու քրիստոնէական կրօնի հաստատման առաջին իսկ րոպէից նրա հետեւորդները կոչւեցին եկեղեցի, այսինքն՝ նոյն հաւատի հիմնադրին եւ այն կատարելագործողին Յիսուս Քրիստոսին հաւատացողների ժողով կամ հաւաք։ Այդ եկեղեցու մասին կարդում ենք Առաքեալների Գործերը գրքի երկրորդ գլխում իսկ, որտեղ գրքի հեղինակը՝ Ղուկաս Աւետարանիչ նկարագրում է առաջին դարի եկեղեցու, այսինքն՝ հաւատացեալների հաւատի, հոգեւոր ու եկեղեցական կեանքը, թէ ինչպէս ամէն օր հաւաքւում էին եւ առաքեալներից սովորում ճշմարիտ քարոզութիւնն ու վարդապետութիւնը եւ ապա մասնակցում էին հացը կտրելու, այսինքն՝ պատարագի սուրբ Հաղորդութեան արարողութեանն ու աղօթքներին։

Աստիճանաբար, երբ քրիստոնեայ հաւատացեալների թիւը աճ է արձանագրում՝ առընթեր նաեւ կարիք է զգացւում աւելի մեծ հաւաքավայրերի կառուցման, որպէսզի մեծաթիւ հաւատացեալները այնտեղ հաւաքւելով՝ կարողանային իրենց հաւատի պաշտամունքը կատարել։ Որը աստիճանական զարգացումով քարեղէն եկեղեցիների կերպն ստացաւ, իւրաքանչիւր ազգի պատկանողը իրեն յատուկ ճարտարապետական կառոյցով ու նկարագրով։ 

Այս առումով Հայաստան աշխարհն ու հայ ժողովուրդը անմասն չմնացին սոյն ճշմարտութիւնից եւ կրկնակիօրէն հպարտանում է այն յատկանիշով, որը իբրեւ առանձնաշնորհում է տրւած իրեն կարծէք Վերին Նախախնամութեամբ։ Հայը ոչ միայն առաջին ազգը եղաւ երկիր մոլորակի վրայ քրիստոնէութիւնը իբրեւ պետական կրօն հռչակելու եւ ընդունելու այլեւ առաջինն եղաւ նաեւ ողջ աշխարհում 301 թւին քարեղէն հրաշակերտ Էջմիածին տաճարը կառուցելու, որը մինչեւ այսօր դարերի միջից անշարժ կանգնած իբրեւ հաւատի յուշակոթող վկայում է հայի անկաշկանդ եւ ուղղափառ հաւատին եւ նրա խորը կառչւածութեանը, որ ունի հանդէպ Քրիստոս Աստծուն, ճշմարտութեանը, հոգեւոր ու ազգային եւ մշակութային արժէքների ինչպէս նաեւ հայրենիքի, յաւերժութեան ու յաւիտենականութեան։ 

Թւականիս հինգշաբթի, 17 մայիսի երեկոյեան թեհրանահայերի համար լիովին տարբեր մի մթնոլորտ էր ստեղծւել, քանի որ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցին տօնական ու զւարթագին մի ուրոյն իրավիճակում էր գտնւում, իր գրկում սեղմած ունենալով հաւատացեալ զաւակների մի հոծ բազմութիւն, որոնք եկել էին վայելելու ու ըմբոշխնելու Նրա կառուցման եւ օծման 45-ամեակին նւիրւած աննախադէպ հոգեւոր համերգն ու ընդհանուր ներկայացումը։ 

Համերգը կազմակերպւել էր Ս. Սագիս եկեղեցու եկեղեցական խորհրդի կողմից հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի։  Համերգախումբը կազմւել էր «Զւարթնոց» երգչախմբի անդամներից եւ Թեհրանի եկեղեցիների երգեցիկ խմբերից ընտրւած որոշ անդամ-անդամուհիներից։ Գեղարւեստական ղեկավարն էր՝ Էդիկ Թամրազեանը։ 

Համերգին իրենց ուրախ մասնակցութիւնը բերեցին նաեւ «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի երգչախմբի փոքրիկները։ 

Համերգին ներկայ էին հայ Կաթողիկէ եւ հայ Աւետարանական եկեղեցիների առաջնորդն ու հոգեւոր հովիւ՝ վերապատւելիները, Թեհրանում Հայաստանի դեսպանատան անձնակազմը, խորհրդարանի պատգամաւոր՝ Կարէն Խանլարեանը, Ազգային իշխանութեան պատգամաւորական Ժողովի, Կրօնական եւ Թեմական խորհրդների եւ Հաշւեքննիչ մարմնի անդամները, արժանապատիւ քահանայ հայրերը, առաքինազարդ քոյրերը, «Ալիք» Հաստատութեան ներկայացուցիչը, բարերաներ, եկեղեցական խորհուրդների եւ միութիւնների ներկայացուցիչներ, հանգամանաւոր հիւրեր, հրաւիրեալներ եւ մեծ թւով հաւատացեալներ։ 

Թափօրի ընկերակցութեամբ առաջնորդ Սրբազան Հայրը հիւրերի հետ եկեղեցի առաջնորդւելուց յետոյ օրւայ ներկայացումը սկսւեց «Հայր մեր» Տէրունական աղօթքի եկմալեան տարբերակի աքապելլա երգակցութեամբ։ Որից յետոյ յանուն Ս. Սարգիս առաջնորդանիս մայր եկեղեցու եկեղեցական խորհրդի Անի-Քրիստի Սարկաւագուհի Մանւէլեան ընթերցեց բացման խօսքը։ Բացման խօսքից յետոյ համաձայն ծրագրին յաջորդաբար եւ անընդմիջաբար շուրջ մէկ եւ կէս ժամ տեւողութեան հնչեցին մեր եկեղեցու շարականներից քառաձայնի վերածւած ամենագեղեցիկ գոհարներից մի քանիսը, մէջ ընդ մէջ ասմունքներով ու մեներգներով համեմւած ու գունազարդւած։ 

Բարձրորակ նեկայացումը խոր տպաւորութիւն էր թողած եւ հոգու վայելք էր ընծայած ներկաներին, որոնք աննկարագրելի գոհունակութեամբ եւ երախտագիտական զգացմունքներով ողողուն դուրս եկան եկեղեցուց։ 

Հոգեւոր համերգային ծրագիրը ընդգրկում էր հետեւեալ կարգը.- 

Էլպիս Ֆերահեան մանկապարտէզի երգչախումբ հինգ երգեր՝ «Հայր մեր», «Սուրբ Աստւած», «Ուրախ կառուսել», «Ուրախ առաւօտ» եւ «Քաջն Վարդան»։ 

Ապա երգչախումբը՝ «Եկեղեցին Հայկական», «Օրհներգ Հայրապետական» եւ «Փառք քեզի»։ 

Ապա տկն. Կարինէ Մուրադեանը միայնակ երգեց Աստւածածնայ նւիրւած «Վարանիմ ի մեղաց» տաղը, երգեհոնի ընկերակցութեամբ՝ Արին Աւանէսեանի։ Յետոյ տիկին Այրինա Նորաւեանը զգայացունց ոճով ասմունքեց Միսաք Մեծարենցի «Արդի Մարդու Հայր մերը»։ Որից յետոյ Արին Աւանէսեան երգեհոնի ընկերակցութեամբ նւագեց երկու կտոր մին Արա Պարթեւեանի մշակած՝ «Միայն Սուրբը» եւ Ժորժ Կառվարենցի «Աւէ Մարիա»-ն։ Դրանից յետոյ երգչախումբը կատարեց՝ «Էջմիածին» եւ «Ի վեհ բարձանց» երգերը, եւ ապա օրդ. Օտէթ Մուրադեան միայնակ երգեց Աստւածամօր նւիրւած՝ «Խնկի ծառին նման ես» երգեհոնի ընկերակցութեամբ։ 

Նրան յաջորդեց Արտոյտ Զոհրաբեանի ասմունքը դարձեալ Միսաք Մեծարենցից՝ «Կիրակմուտքը», որի հետ անակնկալ մասնակցեց առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար եպս. Աշգարեանը ասմունքին զուգահեռ երգելով կիրակնամտի «Լոյս Զուարթը»։ Դրանից յետոյ տկն. Օֆիկ Մելիքեանը երգեհոնի ընկերակցութեամբ միայնակ երգեց Աստւածամօր նւիրւած «Մայր եւ Կոյս աղախին Քրիստոսի» երգը։ Ապա երգչախումբը գեղեցիկ կերպով մեկնաբանեց՝ Ներսէս Շնորհալու «Սիոնի Որդիք» շարականը։ 

Յետոյ եկեղեցու դաս հրաւիրւեց առաջնորդ Սրբազան Հայրը, որ այդ առիթով իր սրտի խօսքն ուղղի ներկաներին։ Նա ողջունելուց յետոյ ներկաներին իր խօսքում անդրադարձաւ եկեղեցու յոյժ կենսական դերակատարութեանը ընդհանրապէս ժողովրդի կեանքում եւ ի մասնաւորի հայ ազգի պատմութեան մէջ։ Նա վեր բերեց բարերարների եւ բարերարութեան արժէքը յիշեցնելով եկեղեցում հնչած քարոզի այն բաժինը, ընդ որում երանի՜ է տրւում եկեղեցի շինողաց։ Նրա առընթեր աւելի կարեւորութեամբ շեշտեց նաեւ եկեղեցու պահպանութեան աշխատանքը, ասելով թէեւ երանելի՜ են եկեղեցի շինողները բայց նոյնքան երանելի՜ են ու կարեւոր նաեւ շինւած եկեղեցիները պահպանողները եւ նրանց պայծառութեան համար աշխատողները։ 

Առաջնորդ Սրբազան Հայրը իր խօսքի աւարտին մեծապէս գնահատեց Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհուրդի անդամներին, թէ ձեռնարկի կազմակերպման, թէ գրքոյկի պատրատման եւ թէ ընդհանրապէս իրենց տարած անշահախնդիր ու եկեղեցանւէր աշխատանքների ու ծառայութեան համար։ Նա նաեւ անակնկալ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ս. Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պատւեց ու զարդարեց լամբակը Էդիկ Թամրազեանի առ ի գնահատանք նրա հայ մշակոյթի, երգի ու երաժշտութեան մարզում աւելի քան 30 տարիներ կատարած աշխատանքին, ով իր կարգին իր շնորհակալութիւնն ու երախտագիտութիւնը յայտնեց առաջնորդ Սրբազան Հօրը սոյն պատիւին արժանացմանը համար։ Այդ առիթով նաեւ առաջնորդ Սրբազան Հայրը առ ի գնահատանք եւ երախտիք տիար Գրիգոր Ալեքսանեանի կատարած մեծ բարերարութեանը, ով երկու հսկայակերտ խաչքարեր նւիրել էր Ս. Սարգիս եկեղեցուն մին նրա կառուցման եւ օծման 45-ամեակի առիթով իսկ միւսն էլ Հայաստանի առաջին Հանրապետութեան 100-ամեակի առիթով. նրան նւիրելով խաչատիպ մի յուշանւէր, մաղթելով խաչի պահպանութիւնը, օրհնութիւնն ու զօրութիւնը թէ իր եւ թէ իր ընտանիքի անդամների կեանքում։ 

Օրւայ հոգեւոր համերգը աւարտւեց երգչախմբի կողմից հնչեցւած «Կիլիկիա» երգով։

Յիշելու արժանի է, որ Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու Եկեղեցական խորհուրդը այդ ուրախ եւ տօնելի առիթով մի գրքոյկ էր պատրաստած «Թեհրանի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու կառուցման 45-ամեակ» անունով, որտեղ գեղեցիկ, շատ դիպուկ եւ ամփոփ կերպով ներկայացւած է Թեհրանի թեմի պատմականը, հանգրւանային զարգացումը, մինչեւ Առաջնորդարանի եւ Ս. Սարգիս եկեղեցու կառուցումն ու օծումը հասնելով մինչեւ մեր օրերը։ Գրքում տեղ գտած է նաեւ 45 տարիների ընթացքում եկեղեցում ծառայած քահանայ հայրերի եւ եկեղեցական խորհրդների անդամների անւանացանկը, ինչպէս նաեւ բարերարների ու նւիրատուների անունները իրենց նւիրած սպասների նկարագրականով ու նկարներով հանդերձ։ Գիրքը աշխատասիրել է օր. Անահիտ Յովսէփեանը։ 

Սոյն գրքոյկը Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի կողմից նւիրւեց բոլոր ներկաներին։ Իսկ համերգի աւարտին էլ տեղւոյն Եկեղեցական խորհուրդը եկեղեցու բակում յատուկ հիւրասիրութիւն էր պատրաստել։ 

Թ.Հ.Թ.  Կրօնական խորհուրդ

Image Gallery

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։