Հա

Համայնք

22/05/2018 - 15:40

Թէժ, բայցեւ՝ կառուցողական հանդիպում

Երկուշաբթի, մայիսի 21-ի առաւօտեան, հայոց ազգային «Ռոստոմ» դպրոցի ծնողներն ու ծնողական խորհրդի անդամները, Աշակերտական խորհրդի ներկայացուցիչների ընկերակցութեամբ բողոքի հաւաք կազմակերպելով՝ ներկայացել էին ազգային առաջնորդարանի բակում:

«ԱԼԻՔ» - Երկուշաբթի, մայիսի 21-ի առաւօտեան, հայոց ազգային «Ռոստոմ» դպրոցի ծնողներն ու ծնողական խորհրդի անդամները, Աշակերտական խորհրդի ներկայացուցիչների ընկերակցութեամբ բողոքի հաւաք կազմակերպելով՝ ներկայացել էին ազգային առաջնորդարանի բակում:

Ծնողներն այսպիսով փորձում էին բողոքարկելով Պատգամաւորական ժողովի որոշումը (կապւած դպրոցը փակելու մասին տարածած յայտարարութեանը), պարզաբանում պահանջել ազգային իշխանութեան պատասխանատուներից:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը ծնողներին առաջնորդարանի ժողովարան հրաւիրեց, որտեղ սպասւում էր թէժ քննարկում-հանդիպում: Լսարանում ծնողներին դիմաւորեցին Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ Ժոզէֆ Մեհրաբեանը, Կրթական խորհրդի ատենապետը, ինչպէս նաեւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում աշակերտները ձեռքերում պարզած պահում էին «Մենք պահանջում ենք «Ռոստոմ» դպրոցը» գրութեամբ պաստառը:

Ծնողների ելոյթները չսահմանափակւեցին միայն Կենտրոն քաղաքամասում միակ ազգային դպրոցը փակելու որոշմանը: Նրանց կարծիքով «Ռոստոմ»-ը չի կարելի տեսնել միայն որպէս՝ կրթօջախ, այլ այն համայնքային առումով համարւում է քաղաքամասը միաւորելու նշանակութեամբ մշակութային կենտրոն:

Ելոյթներ ունեցան նաեւ ներկայ աշակերտները. աշակերտների կողքին ներկայ էին նաեւ հայոց լեզւի ուսուցչուհին ու դպրոցի փոխտնօրէնը:

Թեմական խորհրդի ատենապետի պատասխան ելոյթն ուղղւած էր հիմնահարցին լուծումներ առաջարկելու մեխանիզմներին, որտեղ նա փորձեց տրամաբանել ե՛ւ բիւջետային, ե՛ւ նւազագոյնի հասած աշակերտութեան քանակի հարցը: Ռոբերտ Բեգլարեանի կարծիքով սրանք միմեանց լրացնող յատկանիշ լինելուց բացի, պէտք է նաեւ ընդունելի լինեն երկրի Կրթադաստիարակչութեան նախարարութեան կողմից սահմանւած նւազագոյն շեմին:

Անկախ հարցերին տրւող պատասխաններից, ծնողների կողմից շարունակւում էր նախորդ հարցերը հնչեցւել, սակայն այս անգամ շատ աւելի թէժացւած ու դժգոհ:

Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ Ժոզէֆ Մեհրաբեանն իր հերթին նշեց, որ ՊԺ-ի ընդունած որոշումը կատարւած երկարատեւ քննարկումների ու ուսումնասիրութիւնների արդիւնք էր, որտեղ նոյնիսկ հաշւառւած են նախակրթարան օղակից տարրական փոխադրւող աշակերտների վիճակագրութիւնն ու դպրոցներում նրանց տեղաբաշխումը:

Նա կարեւորեց այն փաստը, որ «Ռոստոմ» դպրոցի կազմւած 6 դասարաններից երկուսը ունեցել է 7-ից պակաս աշակերտ, իսկ այս տարի արդէն իսկ առաջին դասարանի հարցն էր մնում անորոշ: Նա իր խօսքն հիմնաւորեց նախակրթարաններում սովորող աշակերտների թւային պատկերով:

ՊԺ-ի ատենապետը նաեւ շեշտեց, որ Պատգամաւորական ժողովի որոշումները բխում են համայնքի ընդհանուր կարողութիւններից եւ վիճակագրական տւեալների հետ համապատասխանեցւած՝ թւային պատկերներից, որոնք հարկադրում են, որպէսզի բոլոր կառոյցները մեր իրականութեանը համապատասխանեցնել:

Նա նշեց, որ տւեալները ստիպում են մտածելու այն մասին, որ աշակերտների թւային պատկերի նւազման հետ ինչ քայլեր կարելի է ձեռնարկել՝ չարեաց փոքրագոյնի հասնելու համար:

Այդ կապակցութեամբ, նա մէջբերելով՝ ակնարկեց նոյն քաղաքամասում գործող «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի սաների քանակի մասին, որոնց ստւար մասն արդէն իսկ արձանագրութեան համար չեն փորձել դիմելու «Ռոստոմ» դպրոցի առաջին դասարան:

Նա այսպիսով նշեց, որ եթէ նոյն ձեւաչափով փորձ արւի «Սասուն» կամ «Ահարոնեան» մանկապարտէզներից երեխաներին իրենց քաղաքամասից դուրս գտնւող դպրոց տեղափոխել, ապա մէկ այլ դպրոցը պահելու հաշւին փակման վտանգի առջեւ ենք կանգնեցնելու -երեւի- «Շանթ»-ը կամ «Նայիրի»-ն:

Նիստի ընթացքում ելոյթ ունեցաւ նաեւ Կրթական խորհրդի ատենապետ Անետ Բաղդասարեանը, ով փորձեց պատասխանել դպրոցի կրթական մակարդակը շօշափող հարցերին: Նա նաեւ նշեց, որ կրթամակարդակի բարձրացումն ամէն ինչով կախում ունի աշակերտութեան քանակի հետ, քանի որ համապատասխան նախարարութիւնը իր լաւագոյն ուսուցիչներին տրամադրում է, իրենց (նախարարութեան) շեշտմամբ՝ մեծաքանակ աշակերտներ ունեցող դասարաններին ու դպրոցներին:

Աշակերտների թւի մասին ծնողների բարձրացրած հարցադրումները շարունակում էին մնալ արծարծւած թեմաների առանցքում: Ծնողները դժգոհում էին, որ նոյնիսկ այս դէպքում, եթէ գործի անցնեն ու նոր աշակերտներ ընդգրկեն ցուցակին, հաղորդագրութիւնը թերթով հրապարակելուց յետոյ, դժւար թէ հնարաւոր լինի մարդկանց վստահութիւնը վերականգնել:

Շուրջ 4 ժամ տեւողութեամբ հանդիպման աւարտին ծնողական խորհրդի ներկայացուցիչները, մի քանի այլ գործին հետամուտ ծնողների հետ միասին փորձեցին ընդհանուր յայտարարի գալու եզրեր գտնել ազգային իշխանութեան պատասխանատուների հետ:

Այս մասին պարզաբանումներ տալու համար դիմեցինք պրն. Մեհրաբեանին, ով նշեց, որ հանդիպումն անցել է կառուցողական, թէժ ու դրական մթնոլորտում, որի արդիւնքների ու որոշումների կապակցութեամբ շուտով յայտարարութեամբ հանդէս կը գայ ազգային իշխանութիւնը:

Յարակից լուրեր

  • Հերքում է Ռոբերտ Բեգլարեանը. ««ՇԱՍԹԱ»-ի հրապարակւած ցուցակում սխալմամբ է ընդգրկւած իմ անունը»
    Հերքում է Ռոբերտ Բեգլարեանը. ««ՇԱՍԹԱ»-ի հրապարակւած ցուցակում սխալմամբ է ընդգրկւած իմ անունը»

    Վերջին շրջանում խորհրդարանում կառավարութեան նախարարներին ուղղւած հարցադրումների արդիւնքում իրանական ԶԼՄ-ների հրապարակումներում լուսարձակի տակ են յայտնւել, յատկապէս, նախարարութիւնների գործունէութեան թափանցիկութիւնը շօշափող երեւոյթներն ու յայտարարութիւնները:

  • «Իրազեկւած համայնքի սպասելիքները մօտ են լինելու մեր կարողութիւններին»
    «Իրազեկւած համայնքի սպասելիքները մօտ են լինելու մեր կարողութիւններին»

    Տնտեսական տագնապի ծաւալները այսօր իւրաքանչիւրիս մաշկին առաւել զգալի է դարձել:

    Նոյն կապակցութեամբ ազգային իշխանութիւն-ժողովուրդ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ առաւել հնչեղ երեւաց խնայողութիւնների գնալու անհրաժեշտութեան, կարողութիւնների ու ֆինանսական հոսքերի տնօրինման, եւ մի խօսքով՝ օպտիմալացման առաջին քայլերի մասին յուշող մտքեր ու յայտարարութիւններ:

  • Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...
    Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...

    Յարգելի ընթերցող, ինչպէս անցնող շաբաթւայ ընթացքում մեր թղթակցութիւնների ընդմիջից ներկայացրինք, կայացան թեհրանահայ համայնքի եռեակ հայաշատ քաղաքամասերի քաղաքացիների հետ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի միջեւ անմիջական հանդիպում-քննարկումները:

  • Հասարակական կարծիքի դերը առկայ տնտեսա-քաղաքական գործընթացներում
    Հասարակական կարծիքի դերը առկայ տնտեսա-քաղաքական գործընթացներում

    Հասարակական կարծիքի դրսեւորումը առողջ հասարակական կեանքի ցուցանիշ է եւ սա փաստ է, որը գործնականօրէն ապացուցւած է: Այս մասին բազմիցս խօսել ենք մեր էջերում: Այսօր այդ խօսքի շեշտադրումը օրւայ հրամայական է ու ընթերցողը այսուհետեւ աւելի շատ կը մասնակցի քննարկումների եւ կը զգայ համայնքային- հասարակական հարցերի աւելի լայն անդրադարձների արծարծումը:

  • Տնտեսական ճգնաժամը եւ առանց այդ էլ «բաց»-ով փակւող մեր բիւջէն
    Տնտեսական ճգնաժամը եւ առանց այդ էլ «բաց»-ով փակւող մեր բիւջէն

    Հանդիպումների երկրորդ օրը, երէկ, երեքշաբթի, տեղի ունեցաւ «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում, որտեղ Սասուն քաղաքամասի բնակիչներն առիթ ունեցան դէմ առ դէմ, կամ ինչպէս դահլիճից հնչեց՝ եռակողմ հանդիպմանը լսելու Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների ծաւալած գործունէութեան մասին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։