Հա

Համայնք

22/05/2018

Թէժ, բայցեւ՝ կառուցողական հանդիպում

Երկուշաբթի, մայիսի 21-ի առաւօտեան, հայոց ազգային «Ռոստոմ» դպրոցի ծնողներն ու ծնողական խորհրդի անդամները, Աշակերտական խորհրդի ներկայացուցիչների ընկերակցութեամբ բողոքի հաւաք կազմակերպելով՝ ներկայացել էին ազգային առաջնորդարանի բակում:

«ԱԼԻՔ» - Երկուշաբթի, մայիսի 21-ի առաւօտեան, հայոց ազգային «Ռոստոմ» դպրոցի ծնողներն ու ծնողական խորհրդի անդամները, Աշակերտական խորհրդի ներկայացուցիչների ընկերակցութեամբ բողոքի հաւաք կազմակերպելով՝ ներկայացել էին ազգային առաջնորդարանի բակում:

Ծնողներն այսպիսով փորձում էին բողոքարկելով Պատգամաւորական ժողովի որոշումը (կապւած դպրոցը փակելու մասին տարածած յայտարարութեանը), պարզաբանում պահանջել ազգային իշխանութեան պատասխանատուներից:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը ծնողներին առաջնորդարանի ժողովարան հրաւիրեց, որտեղ սպասւում էր թէժ քննարկում-հանդիպում: Լսարանում ծնողներին դիմաւորեցին Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ Ժոզէֆ Մեհրաբեանը, Կրթական խորհրդի ատենապետը, ինչպէս նաեւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում աշակերտները ձեռքերում պարզած պահում էին «Մենք պահանջում ենք «Ռոստոմ» դպրոցը» գրութեամբ պաստառը:

Ծնողների ելոյթները չսահմանափակւեցին միայն Կենտրոն քաղաքամասում միակ ազգային դպրոցը փակելու որոշմանը: Նրանց կարծիքով «Ռոստոմ»-ը չի կարելի տեսնել միայն որպէս՝ կրթօջախ, այլ այն համայնքային առումով համարւում է քաղաքամասը միաւորելու նշանակութեամբ մշակութային կենտրոն:

Ելոյթներ ունեցան նաեւ ներկայ աշակերտները. աշակերտների կողքին ներկայ էին նաեւ հայոց լեզւի ուսուցչուհին ու դպրոցի փոխտնօրէնը:

Թեմական խորհրդի ատենապետի պատասխան ելոյթն ուղղւած էր հիմնահարցին լուծումներ առաջարկելու մեխանիզմներին, որտեղ նա փորձեց տրամաբանել ե՛ւ բիւջետային, ե՛ւ նւազագոյնի հասած աշակերտութեան քանակի հարցը: Ռոբերտ Բեգլարեանի կարծիքով սրանք միմեանց լրացնող յատկանիշ լինելուց բացի, պէտք է նաեւ ընդունելի լինեն երկրի Կրթադաստիարակչութեան նախարարութեան կողմից սահմանւած նւազագոյն շեմին:

Անկախ հարցերին տրւող պատասխաններից, ծնողների կողմից շարունակւում էր նախորդ հարցերը հնչեցւել, սակայն այս անգամ շատ աւելի թէժացւած ու դժգոհ:

Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ Ժոզէֆ Մեհրաբեանն իր հերթին նշեց, որ ՊԺ-ի ընդունած որոշումը կատարւած երկարատեւ քննարկումների ու ուսումնասիրութիւնների արդիւնք էր, որտեղ նոյնիսկ հաշւառւած են նախակրթարան օղակից տարրական փոխադրւող աշակերտների վիճակագրութիւնն ու դպրոցներում նրանց տեղաբաշխումը:

Նա կարեւորեց այն փաստը, որ «Ռոստոմ» դպրոցի կազմւած 6 դասարաններից երկուսը ունեցել է 7-ից պակաս աշակերտ, իսկ այս տարի արդէն իսկ առաջին դասարանի հարցն էր մնում անորոշ: Նա իր խօսքն հիմնաւորեց նախակրթարաններում սովորող աշակերտների թւային պատկերով:

ՊԺ-ի ատենապետը նաեւ շեշտեց, որ Պատգամաւորական ժողովի որոշումները բխում են համայնքի ընդհանուր կարողութիւններից եւ վիճակագրական տւեալների հետ համապատասխանեցւած՝ թւային պատկերներից, որոնք հարկադրում են, որպէսզի բոլոր կառոյցները մեր իրականութեանը համապատասխանեցնել:

Նա նշեց, որ տւեալները ստիպում են մտածելու այն մասին, որ աշակերտների թւային պատկերի նւազման հետ ինչ քայլեր կարելի է ձեռնարկել՝ չարեաց փոքրագոյնի հասնելու համար:

Այդ կապակցութեամբ, նա մէջբերելով՝ ակնարկեց նոյն քաղաքամասում գործող «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի սաների քանակի մասին, որոնց ստւար մասն արդէն իսկ արձանագրութեան համար չեն փորձել դիմելու «Ռոստոմ» դպրոցի առաջին դասարան:

Նա այսպիսով նշեց, որ եթէ նոյն ձեւաչափով փորձ արւի «Սասուն» կամ «Ահարոնեան» մանկապարտէզներից երեխաներին իրենց քաղաքամասից դուրս գտնւող դպրոց տեղափոխել, ապա մէկ այլ դպրոցը պահելու հաշւին փակման վտանգի առջեւ ենք կանգնեցնելու -երեւի- «Շանթ»-ը կամ «Նայիրի»-ն:

Նիստի ընթացքում ելոյթ ունեցաւ նաեւ Կրթական խորհրդի ատենապետ Անետ Բաղդասարեանը, ով փորձեց պատասխանել դպրոցի կրթական մակարդակը շօշափող հարցերին: Նա նաեւ նշեց, որ կրթամակարդակի բարձրացումն ամէն ինչով կախում ունի աշակերտութեան քանակի հետ, քանի որ համապատասխան նախարարութիւնը իր լաւագոյն ուսուցիչներին տրամադրում է, իրենց (նախարարութեան) շեշտմամբ՝ մեծաքանակ աշակերտներ ունեցող դասարաններին ու դպրոցներին:

Աշակերտների թւի մասին ծնողների բարձրացրած հարցադրումները շարունակում էին մնալ արծարծւած թեմաների առանցքում: Ծնողները դժգոհում էին, որ նոյնիսկ այս դէպքում, եթէ գործի անցնեն ու նոր աշակերտներ ընդգրկեն ցուցակին, հաղորդագրութիւնը թերթով հրապարակելուց յետոյ, դժւար թէ հնարաւոր լինի մարդկանց վստահութիւնը վերականգնել:

Շուրջ 4 ժամ տեւողութեամբ հանդիպման աւարտին ծնողական խորհրդի ներկայացուցիչները, մի քանի այլ գործին հետամուտ ծնողների հետ միասին փորձեցին ընդհանուր յայտարարի գալու եզրեր գտնել ազգային իշխանութեան պատասխանատուների հետ:

Այս մասին պարզաբանումներ տալու համար դիմեցինք պրն. Մեհրաբեանին, ով նշեց, որ հանդիպումն անցել է կառուցողական, թէժ ու դրական մթնոլորտում, որի արդիւնքների ու որոշումների կապակցութեամբ շուտով յայտարարութեամբ հանդէս կը գայ ազգային իշխանութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։