Հա

Համայնք

23/05/2018 - 14:20

Հայաստանի վերջին իրադարձութիւնները՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Վիգէն Բաղումեանի հետ հասարակական հանդիպման առանցքային թեմա

Հայաստանի վերջին իրադարձութիւնների զարգացման ընթացքը, կուսակցութիւնների դերակատարութիւնը, շարժման դրդապատճառները եւ արդիւնքները այն հիմնական թեմաներն էին, որոնք շօշափւեցին ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանի հետ հասարակական հանդիպման ընթացքում:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հայաստանի վերջին իրադարձութիւնների զարգացման ընթացքը, կուսակցութիւնների դերակատարութիւնը, շարժման դրդապատճառները եւ արդիւնքները այն հիմնական թեմաներն էին, որոնք շօշափւեցին ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանի հետ հասարակական հանդիպման ընթացքում:

Երէկ՝ մայիսի 22-ի երեկոյեան, Հ. Մ. «Սիփան» միութեան յարկի տակ կազմակերպւել էր հասարակական հանդիպում, որի ընթացքում ճրտգ. Վիգէն Բաղումեանը համապարփակ բացատրութիւններ փոխանցեց Հայաստանում տեղի ունեցած իրադարձութիւնների մասին: Դասախօսը ընդգծեց՝ այն ինչ տեղի ունեցաւ Հայաստանում հետեւանքն էր երկու հիմնական խնդիրների. նախ՝ ժողովրդի մօտ առկայ էր այն ընդհանուր զգացմունքը, թէ՝ հասարակութեանը հասանելի չեն օգտւելու երկրի առկայ հնարաւորութիւնները, այդ թւում տնտեսական միջոցները կամ այլն եւ մի խօսքով՝ ժողովուրդը յետ է մղւած ու արտադրութիւնների հասոյթի խոշորագոյն մասը յատկացւած է փոքրաթիւ խաւի: Իսկ երկրորդ հանգամանքը դասախօսը համարեց հետեւեալը, որ հասարակութեան մտաւոր եւ ուսանողական խաւը բողոքում էր տիրող անարդարութեան նկատմամբ եւ առգոյ կարելիութիւնների հաւասար բաժանման կապակցութեամբ: Ժողովուրդը դժգոհ էր, որ բոլորը օրէնքի դիմաց համահաւասար չեն եւ նոյն հաւասարութեամբ պարտաւորութիւնների դիմաց չեն կանգնում: Պրն. Բաղումեանը իր խօսքում նշեց, որ թէեւ անցեալում եւս Հայաստանում ժամանակ առ ժամանակ եղել են ընդվզումներ, սակայն այս անգամ շարժումը յաջողեց նախ կիրառւած մեթոդաբանութեան արդիւնքում, եւ երկրորդ, այն՝ ժամանակի պարտադրանք էր: Ըստ դասախօսի՝ մեթոդաբանութիւնը հետեւեալն էր՝ աւելի խելացի ձեւով կազմակերպել շարժումը՝ առաջ հրաւիրելով ուսանողութեանը եւ մտաւորականութեանը, որոնք ունեն իրենց իւրայատկութիւնները: Ճրտգ. Վիգէն Բաղումեանը կարեւորութեամբ անդրադարձաւ այն հանգամանքին, որ ծայր առած շարժումը բռնութիւնների չենթարկւեց եւ ընթացաւ առանց արիւնահեղութեան ու քաղաքակիրթ ձեւով, եւ ընդգծեց այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինեանը իր վստահութեան քւէն ստացաւ Ազգային ժողովի կողմից, ձեւաւորելով նոր կառավարութիւն, որին մաս են կազմում տարբեր կուսակցութիւնների անդամներ: Նա ընդգծեց, որ շուտով նշանակւելու են նաեւ մարզպետները եւ կառավարութիւնը Ազգային ժողովին է ներկայացնելու իր ծրագիրը, որը կարօտ է լինելու օրէնսդիրի հաստատմանը: Նա մանրամասն բացատրեց բոլոր այն պրոցեսները, որոնք սպասում են իրենց տրամաբանական հանգուցալուծմանը:

ՀՅԴ Բիւրոյի անդամը անդրադարձաւ շարժման իրականութեան մասով կուսակցութեան դերակատարութեանը եւ մօտեցումներին, որոնք եղել են ռազմավարական բնոյթի եւ նպատակ են հետապնդել երկիրը հեռու պահել ներքին ցնցումներից, ապահովելով երկրի անվտանգութիւնը: Նա նաեւ անդրադարձաւ նորընտիր կառավարութեան կողմից Հայաստանի արտաքին քաղաքականութեանը, կապւած Արցախի հակամարտութեան հիմնախնդրին, Ռուսաստանի, Իրանի եւ այլ երկրների հետ յարաբերութիւններին:

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է ժամանակի ընթացքում բարեփոխել սխալ բարքերը եւ քայլ առ քայլ արդիւնաւորել շարժման գաղափարական նպատակները:

Պրն. Բաղումեանը կարեւորեց նաեւ ՀՀ Ընտրական օրէնսգրքում որոշ փոփոխութիւնների անհրաժեշտութիւնը, եւ ապա խորհրդարանական ընտրութիւնների անցկացումը, ու ընդգծեց, որ այդ փոփոխութիւնները է՛լ աւելի արդար են դարձնելու ընտրութիւնները: Նա յոյս յայտնեց, որ Հայաստանի նոր կառավարութիւնը կընթանայ Հայաստանի անվտանգութեան եւ ազգային գերագոյն խնդիրների իրականացման ճանապարհով:

Վերջում ներկաներին առիթ տրւեց հարցումների եւ տեսակէտների արծարծման:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։