Հա

Համայնք

24/05/2018 - 13:00

Մեր հին ու նոր` 50-ամեայ «Հայկաշէն»-ը

«Այն, ամէնը ինչ կայ «Հայկաշէն»-ում, դժւար թէ հնարաւոր լինի աշխարհում գտնել միաժամանակ, որեւէ այլ հայկական համայնքում»,- նման կարծիքի է Հայ Կաթողիկէ համայնքի Թեմական խորհրդի անդամ Կարինէ Խալաթեանը: 

«Այն, ամէնը ինչ կայ «Հայկաշէն»-ում, դժւար թէ հնարաւոր լինի աշխարհում գտնել միաժամանակ, որեւէ այլ հայկական համայնքում»,- նման կարծիքի է Հայ Կաթողիկէ համայնքի Թեմական խորհրդի անդամ Կարինէ Խալաթեանը: 

Արդէն տասնամեակներ է, որ գարնանը, ինչու չէ, նաեւ, այլ արձակուրդներին այցելուների հոսքի մեծացմանը զուգահեռ, պահանջարկի տեմպային աճ է գրանցւում «Հայկաշէն»-ում: 

«Հայկաշէն»-ը մեր համայնքի հանրային-հասարակական նշանակութեան միջավայրերից մէկն է, որը յատկապէս առանցքային նշանակութիւն ունի իրանահայութեան հանգիստը կազմակերպելու գործում: Եւ ինչպէս բոլոր հասարակական նշանակութեան վայրերը, այն նոյնպէս խնդիր ունի բաւարարելու այցելուների պահանջարկը, որի լուծումը յատկապէս պայմանաւորւած է տւեալ կենտրոնի, այս դէպքում՝ «Հայկաշէն»-ի տրամադրութեան ներքոյ գտնւող հնարաւորութիւնների եւ ռեսուրսների հետ: 

Անվիճելի փաստ է, որ «Հայկաշէն»-ի ներկայ հնարաւորութիւնները ինչ-որ տեղ չեն բաւարարում եղած պահանջարկի, եւ դրան հետեւած խնդիրների կարգաւորման համար: 

Եւ հէնց դա էլ հասարակութեան մօտ առաջացնում է որոշակի խնդիրներ, հարցադրումներ եւ, բնականաբար դժգոհութիւններ, որոնք միշտ չէ, որ 100 տոկոսվ «ճշմարտացի» են, կամ հակառակը՝ 100 տոկոսվ «անճիշտ»: 

Այդ հարցերի պատասխանը ստանալու, «ճշմարտացի»-ների եւ «անճշտութիւններ»-ի ողջ պատկերը հասարակութեանը ներկայացնելու համար զրուցեցինք Հայ Կաթողիկէ համայնքի Թեմական խորհրդի անդամներ Կարինէ եւ Մելինէ Խալաթեանների հետ՝ համոզւած լինելով, որ հասարակական նշանակութեան կենտրոնների խնդիրների, դրանց պահպանման եւ ղեկավարման հետ կապւած դժւարութիւնների կարգաւորման գործում առանցքային նշանակութիւն ունի հասարակութեան եւ տւեալ կենտրոնի ղեկավարութեան միջեւ օրգանական կապի հաստատումը, որը մեծապէս նպաստում է խնդիրների արտացոլման, առկայ հիմնահարցերի վեր հանման գործում, ինչու չէ, նաեւ, հասարակութեանն այդ գործընթացի անմիջական մասնակիցն ու «գործընկեր»-ը դարձնելու գործում: 

Սա յատկապէս կարեւոր է այն առումով, որ նման կապի բացակայութիւնը, եւ դրա արդիւքնում առաջացող տեղի կամ անտեղի հարցականները յաճախ կարող են ստւերել կատարւած աշխատանքն ու հիմնական գաղափարները, որոնց իրականացմանն են կոչւած հանրային-հասարակական կենտրոնները: 

 

«Հայկաշէն»-ը՝ «կնճռոտւած» 

Հասարակական նշանակութեան կենտրոնները նման են կենդանի օրգանների: Ժամանակի սրընթաց ընթացքն անխուսափելիօրէն իր հետքն է թողնում դրանց թէ՛ արտաքին տեսքի, եւ թէ՛ որակի վրայ: 50-ամեայ «Հայկաշէն»-ը նոյնպէս բացառութիւն չէ: Նրա շատ շինութիւնները վաղուց կորցրել են իրենց երբեմնի շքեղ տեսքն ու յարմարաւէտութիւնը, եւ վերանորոգութեան կարօտ են զգում: Խօսքը հիմնականում վերաբերում է հանրային օգտագործման շինութիւններին, որոնք արձակուրդային սեզոնների ընթացքում վարձով են տրւում ցանկացողներին: Այլապէս սեփական ամառանոցների պահպանման հարցը դրանց սեփականատէրերի խնդիրն է, եւ մեր զրոյցի շրջանակներից դուրս: 

Կարինէ Խալաթեանին ներկայացնում ենք խնդիրը, եւ այն դժգոհութիւնները, որոնք առկայ են վարձակալութեան տրւող սենեակների յարմարաւէտութեան եւ որակի հետ կապւած:

«Իհարկէ, «Հայկաշէն»-ը 50 տարիների ընթացքում շատ է կնճռոտւել, եթէ նա խօսելու հնարաւորութիւն ունենար կասէր դրա մասին: «Հայկաշէն»-ն ինչպէս հասարակական ցանկացած կառոյց, ունի խնդիրներ` կապւած տւեալ կառոյցի գոյութեան, զարգացման, առաջընթացի հետ: Ներկայիս մեր գերխնդիրը հէնց՝ աւանի պահպանումն է: «Հայկաշէն»-ի պահպանումը մեզ համար գերխնդիր է, ինչն իր հերթին ենթադրում է Կաթողիկէ համայնքի պատշաճ մակարդակով գործունէութիւն: Այո՛, այս ճանապարհին մենք բախւում ենք շատ դժւարութիւնների:

«Հայկաշէն»-ի գրեթէ շատ կէտերում վերանորոգման եւ այլ աշխատանքների անհրաժեշտութիւն կայ, սակայն, դրանք, դանդաղում են գումարների բացակայութեան պատճառով: 

Իսկ այս գործընթացն աւելի է վատթարացել երկրում տնտեսական ճգնաժամի պատճառով, տւեալ պարագայում աւանի սպասարկման որակի բարձրացման համար անհրաժեշտ ծախսերը ստիպւած են «մրցակցել» աւելի հրատապ խնդիրների հետ»,- ասաց Կարինէ Խալաթեանը:

 

Ճանապարհներն էլ են «կնճռոտւած» 

Մենք փորձում ենք մեր զրուցակիցներին ներկայացնել բոլոր այն խնդիրներն ու դժգութիւնները, որոնք այսպէս կամ այնպէս շրջանառւում են ժողովրդի մօտ: Դրանցից մէկը հէնց այսպէս կոչւած «կնճիռներ»-ի շարքից է՝ ճամբարի փողոցների վիճակը: 

«Մենք զբաղւում ենք ընդհանուր օգտագործման տարածքների պահպանման, վերանորոգման եւ շահագործման հարցերով:

Նկատի ունենալով օրւայ ծախսերն ու թանկացումներն փորձում ենք ամէն տարի նորոգութիւններ անել։ Փորձում ենք «Հայկաշէն»-ի բոլոր մասերն էլ վերանորոգել հնարաւորութիւնների շրջանակներում: Ընտրւում են այն տարածքները, որոնք անյապաղ վերանորոգման կարիք ունեն կամ վթարայնութեան խնդիր կայ»,- ասաց Կարինէ Խալաթեանը: 

Իսկ հարցի շարունակութեան, թէ ինչ է արւում աւանի փողոցներում կուտակւող եւ լճացող ջրերի խնդրի կարգաւորման համար նա պատասխանեց. «Այո, հէնց վերջին շրջանի (Խօսքը Նոռուզի արձակուրդների նախօրեակի մասին է-ԽՄԲ.) նորոգութիւններից է եղել «Հայկաշէն»-ի փողոցներից մէկի ներքին վնասւած ջրային ցանցը, որտեղ առատ ջուր էր կուտակւում եւ լճանում: Բոլորովին վերջերս վերանորոգումներից յետոյ ջրանցկի միջոցով փողոցում հաւաքւած ջուրը տեղափոխւում է ծով»։ 

Միւս հարցը, որը ցանկացանք քննարկել այն էր, թէ վերանորոգումների հիմնախնդիրը ինչ տեսանկիւնով է քննարկւում, եւ ինչն է առաւել չափով հետաքրքրում եւ ինչու:

Մեր զրուցակիցները պատսխանեցին. 

«Մեզ համար թիւ մէկ խնդիրը համարւում է «Հայկաշէն»-ի ներքին անվտանգութեան ապահովումը, եւ յետոյ՝ տարածքի պատշաճ պահպանումը եւ օգտագործումը:

Այո՛, հնարաւոր էր ջրային ցանցի վերանորոգման նոյն գումարով վերանորոգել ճեմարանը կամ ուրիշ շէնքերի պատերը, սակայն առաջնահերթութիւնը տւեալ պարագայում տրւեց կենցաղային հարցերին:

Ծրագրերում կայ նաեւ «Հայկաշէն»-ի դէպի ծով նայող արտաքին պատի կառուցումը։ Տեղի քաղաքապետարանի հրամանով պէտք էր «Հայկաշէն»-ի պատը 16 մետր յետ տանել, սակայն իշխանութիւնների եւ քաղաքապետարանի հետ ունեցած երկար բանակցութիւնների արդիւնքում մեզ յաջողւեց 16 մետրն իջեցնել մինչեւ 4.5 մետրի։ Պատի կառուցման համար հարկաւոր է բաւականին մեծ ֆինանսական ռեսուրս։

Այդ առիթով խորհրդակցական նիստեր ունեցանք «Հայկաշէն»-ի վիլլայատէրերի հետ, որոնց թւում կային ճարտարապետները: Նրանց խորհուրդները բաւականին դրական ազդեցութիւն ունեցաւ գործընթացում»,- ասացին նրանք՝ նշելով Ռազմիկ Նազարեանի, Ռազմիկ Մարգարեանի, Հրաչ Ղարախանեանի, Վաչիկ Գրիգորեանի եւ Ժորժիկ Աղայեանի անունները:

 

 

Կաթողիկէ համայնքի հիմնական ֆինանսական ռեսուրսը՝ «Հայկաշէն»-ը 

«Հարկ եմ համարում նշել, չնայած մեծ ծախսերի, Կաթողիկէ առաջնորդարանի հիմնական եկամտաբեր աղբիւրն «Հայկաշէն»-ն է: Դժբախտաբար ոմանք պատկերացում են, որ «Հայկաշէն»-ի բոլոր եկամուտները պէտք է ծախսել հէնց «Հայկաշէն»-ի վրայ, սակայն դա այդպէս չէ: 

Այս ամբողջ 50 տարիների ընթացքում պարծենում ենք առ այն, որ Կաթողիկէ համայնքը երբեք որեւէ նիւթական օժանդակութիւն չի ստացել դրսից։

50 տարի չենք ունեցել անվտանգութեան խախտում ու դա մեզ համար եւս ուրախութեան առիթ է։

Այո՛, պէտք է եղած խնդիրները փարատել, սակայն այդ բոլորն կարօտ են նիւթական հնարաւորութիւնների։

Ուրախանալու առիթ է նաեւ այն որ, «Հայկաշէն»-ն ի սկզբանէ չունէր ե՛ւ գազի եւ էլեկտրաէներգիայի ե՛ւ խմելու ջրի առանձնացած համարկարգ: Խնդիրը վերջին տարիներին Կաթողիկէ առաջնորդարանի, ինչպէս նաեւ վիլլայատէրերի աջակցութեամբ յաջողւեց կարգաւորել: Արդէն ամէն առանձնատուն ունի էլեկտրականութեան եւ ջրի առանձին հաշւիչ»,- նշեց Կարինէ Խալաթեանը:

 

Սպասարկման մակարդակի տարբերակւած մօտեցում. հնարաւոր, թէ՝ անհնար 

Մենք նկատել տւեցինք, որ սպասարկման ոլորտում ընդունւած է տարբերակւած մօտեցման սկզբունքի կիրառումը: Վճարւած գումարի չափով պայմանաւորւած մակարդակ:

«Հայկաշէն»-ում նման մօտեցման կիրառման հնարաւորութեան մասին մեր հարցին Մելինէ Խալաթեանը պատասխանեց. 

«Ո՛չ, դա անհնար է, «Հայկաշէն»-ը հիւրանոց չէ։ Մենք չենք էլ պատրաստւում հիւրանոցային սպասարկման հնարաւորութիւններ ստեղծել, քանի որ աւանի հիմնադիրների նպատակը երբեք հիւրանոցային համալիր ստեղծել չի եղել: Ու մենք էլ երբեք չենք պատրաստւում ժողովրդին բաժանել տարբեր մակարդակների»:

 

Ո՞ւ մ է պատկանում հանրային-հասարակական վայրը 

Հանրային-հասարակական վայրերի հետ կապւած միշտ էլ առաջնային է եղել այն հարցադրումը, թէ իրականում դրանք ում են պատկանում:

Եթէ առաջնորդւենք այն սկզբունքով, որ դրանց փաստացի եւ իրական տէրն ի վերջոյ հասարակութիւնն է, ապա կարեւորւում է դրանց պահպանման գործընթացում հասարակութեան ներկայութեան եւ գործօն մասնակցութեան ապահովումը: Մեզ հետաքրքրեց, թէ քայլեր ձեռնարկւե՞լ են արդեօք հասարակութեան ներգրաււածութիւնը եւ գործօն մասնակցութիւնը «Հայկաշէն»-ի պահպանման գործում:

«Մեզ համար առաջնահերթութիւնը կապն է վիլլայատէրերի հետ։ Այդ թւում կան անձնաւորութիւններ, ովքեր մեզ օգնում եւ աջակցում են տարբեր աշխատանքներում: Համոզւած ենք նա, ով ցանկութիւն ունի օգնելու՝ օգնում է, իսկ ով էլ չի ցանկանում երբեք էլ չի մօտենում։ Կան մարդիկ որոնք «հանրային շահ»-ը, ստորադասում են իրենց շահերին եւ պակաս կարեւոր են համարում:

Իսկ ժամանակաւոր վարձակալողների պարագայում այս տարի փորձում ենք կազմակերպել հանրային հարցում՝ նրանց տեսակէտներին եւ առաջարկներին ծանօթանալու համար»,- ասաց Կարինէ Խալաթեանը:

 

Նոյն Ժանրից. Իրեն «տէր» զգացողի վերաբերմունքը՝ հանրային կենտրոնի եւ հանրային սեփականութեան նկատմամբ 

Եթէ քեզ համարում ես հանրային-հասարակական նշանակութեան որեւէ կենտրոնի, մեր թեմայի դէպքում՝ «Հայկաշէն»-ի փաստացի «տէր»-ը, ուրեմն դա ենթադրում է «տէր» կանգնելու գիտակցական որոշակի մակարդակ եւ պատասխանատւութեան եւ պարտաւորւածութեան զգացողութիւն: Բայց արի ու տես, որ մեզ մօտ յաճախ կաղում, կամ էլ իսպառ բացակայում է հէնց այս կողմը՝ պատասխանատւութեան եւ պարտաւորութեան զգացողութիւնը, որը լուրջ վնասների պատճառ է դառնում: 

«Ամէն սեզոնին հսկայական գումարներ է ծախսւում աւանի կրած վնասների վերանորոգման համար, որոնք ծագում են մարդկային «սխալներ»-ի շնորհիւ:

Օրինակ ասեմ, «Հայկաշէն»-ում կան վարձակալութեան համար նախատեսւած սենեակներ, որոնք համալրւած են էլեկտրական զովացուցիչներով: Նոյն զովացուցիչների հեռակառավարման վահանակներն յաճախ կորում են։ Թէ ո՞նց պատասխանը միանշանակ է. մարդիկ «շփոթւում» են ու տանում:

Ոմանք էլ «սխալմամբ» խաղավայրի ճօճանակներն են քանդում, կամ նոյն «սխալն» են թոյլ տալիս ջարդելով աթոռները, սենեակների կահ-կարասին:

Բայց դէ խորապէս համոզւած ենք, որ նոյն «սխալւողներին» չի կարելի տարածել հասարակութեան բոլոր ներկայացուցիչների մակարդակում»,- ասում է Կարինէ Խալաթեանը:

Անսահմանափակ ազատութեան եւ հասարակական կարգ ու կանոնի արանքում 

Հասարակական կարգ ու կանոնի պահպանումը ենթադրում է որոշակի օրէնքներ, որոնք սահմանափակում են հանրային-հասարակական միջավայրերն օգտագործողների ազատութիւնը: Հէնց դա էլ առաջացնում է օգտատէրերի դժգոհութիւնը, քանզի նրանք, երեւի թէ առանց բացառութեան ձգտում են բացարձակ ազատութեան: 

Փաստ է, որ «Հայկաշէն»-ի հնարաւորութիւնների օգտատէրերի մեծամասնութիւնը բողոքում է տարածքում առկայ որոշակի կանոններից ու սահմանափակումներից: Կարելի է յատկապէս առանձնացնել գիշերը տարածքում զբօսնելու ժամերի սահմանափակումը կամ ծովափից օգտւելու հնարաւորութեան բացակայութիւնը: 

«Գիտէք ծովափը «Հայկաշէն»-ի սեփականութիւնը չէ եւ «Հայկաշէն»-ին չի պատկանում: Ծովափից օգտւելու սահմանափակումը պայմանաւորւած է հէնց դրանով:

Իսկ տարածքում գիշերային զբօսանքի ժամերի սահմանափակման հետ կապւած. մի մոռացէք որ «Հայկաշէն»-ը չունի իր ներքին անվտանգութեան համակարգը, հետեւաբար պէտք է ունենայ ներքին կարգապահութեան կանոններ։ Այդ սահմանափակումը պայմանաւորւած է հէնց դրանով:

«Հայկաշէն»-ում էլ ազատութիւն գոյութիւն ունի այնքան ժամանակ, քանի դեռ չի վնասում միւսներին: Մենք յաճախ առաջնորդւում ենք «չվնասելու» սկզբունքով դուք ազատ էք անել այն, ինչ ուզում էք, պայմանով, որ դա չի վնասում այլոց: Իսկ ազատութիւնն էլ լաւ է բայց իր սահմաններում»,- նշում է Մելինէ Խալաթեանը:

 

Նոր քայլեր եւ նախաձեռնութիւններ՝  սպասարկման որակի բարելաւման համար 

Առկայ բոլոր դժւարութիւններով հանդերձ, հանրութեան տրամադրւող սպասարկման մակարդակի բարելաւումը միշտ էլ մնում է «Հայկաշէն»-ի ղեկավարութեան ուշադրութեան կենտրոնում:

Մեր այն հարցին, թէ այս տարւայ Նոռուզի արձակուրդներին նմանատիպ ի՞նչ նոր նախաձեռնութիւններ են եղել: Կարինէ Խալաթեանը պատասխանեց. 

«Այո, հասարակութեան համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով մշակւած ծրագրերը շատ են:

Նոռուզի արձակուրդներին ճաշարանը վերսկսել է աշխատել: Վարձու տրւող սենեակների համար գնել ենք 250-ից աւելի նոր աթոռներ, իսկ մահճակալների հին ներքնակները փոխարինւել են ամբողջովին նոր ներքնակներով: 

Իսկ հասարակութեան խոցելի խաւի համար միշտ էլ ունեցել ենք ծրագրեր. օրինակ նահատակների ընտանիքների, կարիքաւորների կամ անձնուրացների համար կացարանների վարձակալութեան սուբսիդաւորումը։

Այսպիսով, փորձում ենք հաւասար պայմաններ ստեղծել հասարակութեան բոլոր խաւերի համար, որպէսզի բոլորի համար «Հայկաշէն»-ը հասանելի դառնայ»:

 

Կարինէ Խալաթեանն աւելացրեց, որ այս տարի Նոռոզի արձակուրդների ժամանակ «Հայկաշէն»-ում հանգստացողների համար Ծաղկազարդի տօնի առիթով կազմակերպւել է ուրախ դաշտահանդէս, ինչպէս նաեւ Ճրագալոյցի առիթով՝ ուրախ երեկոյ, որի ընթացքում նաեւ տօնել են «Հայկաշէն»-ի 50-ամեակը, իսկ ֆարւարդինի 12-ին նահանգային եւ քաղաքային պատասխանատուների մասնակցութեամբ նշել են Իրանի Իսլամական Հանրապետութեան օրն ու «Հայկաշէն»-ի հիմնադրման 50-ամեակը:

 

«alikonline»-ի կողմից 

Այս զրոյցը փորձ էր ներկայացնելու իրանահայ համայնքի ժամանցային կարեւոր կենրոններից մէկի՝ «Հայկաշէն»-ի հետ կապւած հնարաւորինս բոլոր խնդիրները:

«Հայկաշէն»-ի վերաբերեալ, հասարակութեան մօտ կային բազմաթիւ հարցերի եւ որոշակի դժգոհութիւնների կուտակում, որոնք նիւթի սկզբում նշւած «ճշմարտութիւն»-ների եւ «անճշտութիւն»-ների թեմայից էին: Դրանք հիմնականում պայմանաւորւած էին թեմայի կապակցութեամբ, հեռակայ կարգով հասարակական նման երկխօսութեան բացակայութեամբ:

Սա մեր հանրային-հասարակական կեանքի գլխաւոր բացթողումներից մէկն է, որը հանրային-հասարակական կեանքը կարգաւորող կենտրոնների գործունէութեան հետ կապւած միշտ էլ որոշակի խնդիրներ է առաջացնում՝ հասարակութեան մօտ յաճախ սխալ մեկնաբանութիւնների, հետեւութիւնների եւ եզրակացութիւնների պատճառ դառնալով:

«alikonline»-ը շարունակելու է լուսարձակի տակ պահել նման կարեւորութեան թեմաները, կատարելով մամուլի՝ հասարակութեան իրազեկման նրա հարցերին հնարաւորինս սպառիչ պատասխան տալու պարտաւորութիւնը:

Իսկ թէ ինչու նիւթերի եւ ռեպորտաժների այս շարքը մեկնարկեցինք հէնց «Հայկաշէն»-ով, կար միայն մէկ պատճառ. դա Նոռոզի արձակուրդներն ու այս սեզոնին «Հայկաշէն»-ի նկատմամբ պահանջարկի եւ հետաքրքրութեան բնական բարձրացումն էր:   

Նիւթը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Խմբագրեց՝ Ա.Շ.-ն

Յարակից լուրեր

  • Թեհրանահայ անձնուրացները Հայկաշէնում
    Թեհրանահայ անձնուրացները Հայկաշէնում

    Թեհրանի հայոց թեմի Անձնուրացների յանձնախմբի դիմումին ընդառաջելով, Թեհրանի Հայ Կաթողիկէ համայնքի Թեմական խորհուրդը, Հայկաշէնի հանգստավայր հրաւիրեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի անձնուրացների, ազատորդիների եւ նահատակ զինւորների ընտանիքներին չորս օրեայ հանգիստ անցկացնելու համար:

  • Շրջագայութիւն՝ դէպի Հայկաշէն
    Շրջագայութիւն՝ դէպի Հայկաշէն

    Թւականիս չորեքշաբթի, օգոստոսի 24-ի առաւօտեան ժամը 5-ին, Թեհրանի Հայ Կաթողիկէ առաջնորդարանի շրջափակում բազմաթիւ հայ ընտանիքներ էին հաւաքւած՝ ճամբրուկները մի անկիւնում շարած: Նրանք լուսաբացի կիսախաւարում ստւերների նման միմեանց հանդիպելով, ուրախութեամբ ողջունում ու ջերմ համբուրւում էին:

  • ԱԿՆԱՐԿ - Հայկաշէն աւանը
    ԱԿՆԱՐԿ - Հայկաշէն աւանը

    Հայոց Հայկաշէն աւանը գտնւում է Իրանի հիւսիսում, Կասպից ծովի ջրեզերքներից մէկում՝ Ռոյեան շրջկենտրոնի եւ Նուր քաղաքի միջեւ:
    Այն կառուցւել է 1970 թւականին՝ Թեհրանի Հայոց Կաթողիկէ առաջնորդարանին Վատիկանի կողմից տրամադրւած գումարով, Իրանի Հայ Կաթողիկէ առաջնորդարանի, նոյն համայնքի ժողովրդապետ բարեյիշատակ Տ. Ներսէս ծ. վրդ. Թոսունեանի (1939-2014) նախաձեռնութեամբ ու գեղատեսիլ եւ օդասուն մի համապարփակ եւ բարձրադիր հողամասի վրայ:

  • ՇԱՀԻՆՇԱՀՐ - Երիտասարդական բանակում՝ Հայկաշէնում
    ՇԱՀԻՆՇԱՀՐ - Երիտասարդական բանակում՝ Հայկաշէնում

    Շահինշահրի Համայնքային վարչութեան նախաձեռնութեամբ, 2015 թ. օգոստոսի 4-ից 10-ը, համայնքիս երիտասարդ-երիտասարդուհիների համար հնգօրեայ բանակում էր կազմակերպւել Հայկաշէնում:
    Բանակումը նւիրւած էր Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին, որի հիմնական նպատակն էր միաժամանակ խորացնել համայնքի երիտասարդ-երիտասարդուհիների միջեւ առկայ կապը եւ ընդլայնել նրանց հաղորդակցութեան ոլորտը՝ նոր շունչ եւ նոր երանգ տալու նպատակով:

  • Մէկշաբաթեայ համագումար՝ Թեհրանի հայոց դպրոցների Կրօնի եւ Կիրակնօրեայ դպրոցների ուսուցիչների
    Մէկշաբաթեայ համագումար՝ Թեհրանի հայոց դպրոցների Կրօնի եւ Կիրակնօրեայ դպրոցների ուսուցիչների

    Միջեկեղեցական հրատարակութեան գրասենեակի կողմից կազմակերպւած Թեհրանում Կրօնի ու Կիրակնօրեայ դպրոցների ուսուցիչ-ուսուցչուհիների տարեկան մէկշաբաթեայ համագումարի բացումը տեղի ունեցաւ Կասպից ծովի ափին՝ Հայկաշէնում, կիրակի, սեպտեմբերի 7-ի երեկոյեան ժամը 8-ին:
    Սոյն համագումարին մասնակցում էին շուրջ 30 հոգի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։