Հա

Համայնք

31/05/2018

«Ռոստոմ» դպրոցի մասին. Չկայացած հանդիպում

Այսօր, երբ արդէն օպտիմալացում ասւածը մեր հասարակութեան համար կենսական անհրաժեշտութիւն է, պէտք է առաւել սթափ նայենք խնդիրների հանգուցալուծման առաջադրւող պայմաններին եւ ժամանակին համընթաց հայեացքով դատենք առկայ որոշումները՝ սա անհատի կամ կառոյցի որոշում չէ, այլ յստակ ու շօշափելի իրականութիւն, որի պարզած ցուցանիշերը, ցաւօք, մեզ բոլորիս պարտադրում են գնալ կտրուկ քայլերի:

«Ալիք», Ա. Է. - Այսօր, երբ արդէն օպտիմալացում ասւածը մեր հասարակութեան համար կենսական անհրաժեշտութիւն է, պէտք է առաւել սթափ նայենք խնդիրների հանգուցալուծման առաջադրւող պայմաններին եւ ժամանակին համընթաց հայեացքով դատենք առկայ որոշումները՝ սա անհատի կամ կառոյցի որոշում չէ, այլ յստակ ու շօշափելի իրականութիւն, որի պարզած ցուցանիշերը, ցաւօք, մեզ բոլորիս պարտադրում են գնալ կտրուկ քայլերի:

Այսօր օրակարգում է «Ռոստոմ» ազգային դպրոցի հարցը եւ յագեցած երկխօսութիւնների եւ հանդիպումների արդիւնքում, անցեալ շաբաթ Պատգամաւորական ժողովը անհրաժեշտաբար նպատակայարմար գտաւ այս առիթով ձեւաւորել ժամանակաւոր յանձնախումբ, որի կազմը մեր հասարակութեանը արդէն յայտնի է: Այս առիթով եւ ընդհանրապէս այս թեմայի շուրջ ծաւալւող հարցերի մասին փորձեցինք պարզաբանումներ ստանալ Պատգամաւորական ժողովի դիւանի ատենադպիր Արմէն Հայրապետեանից, ով այսօր նաեւ այդ յանձնախմբի անդամ է:

Ժամանակաւոր յանձնախումբը, որի նպատակն է, լսել դպրոցի ծնողների եւ աշակերտների մտահոգութիւններն ու ընդհանուր համատեքստում այդ ողջ հարցերի փաթեթը արդէն ուսումնասիրւած՝ փոխանցի Պատգամաւորական ժողովին, որտեղ օրէնսդիր մարմնի համար առաւել յստակ կը լինի թէ՛ «Ռոստոմ» դպրոցը փակելուն յաջորդող նախաձեռնութիւնները, եւ թէ՛ այն, որ ինչ կունենանք արդիւնքում: Մեզ հետ զրոյցում Արմէն Հայրապետեանը յաւելեց, որ այս ամենով հանդերձ Պատգամաւորական ժողովի Կրթական յանձնաժողովը հարցը արդէն իսկ մանրամասնօրէն քննարկել է եւ դետալներով ներկայացրել ժողովի ուշադրութեանը, բայց կրկին հասարակութեան տեսակէտներին եւ դժգոհութիւններին ականջալուր լինելու նպատակով՝ կեանքի կոչւեց այս յանձնախումբը:

Մայիսի 29-ին վերը նշւած յանձնախումբը հանդիպում էր կազմակերպել ծնողների հետ: Աւելի ուշ, երբ արդէն հանդիպումը պէտք է կայանար, պարզ է դարձել, որ ծնողներից եւ աշակերտութիւնից բացի, ներկայ են նաեւ դպրոցի Բահար հասցէում գտնւող քաղաքամասի հասարակութիւնը, ովքեր յանձնախմբին պահանջ են ներկայացրել, որպէսզի դպրոցը փակելու դէպքում այն փոխակերպւի մշակութային կենտրոնի կամ հաւաքատեղիի, որի կարիքը ըստ նրանց՝ տեղի հայ հասարակութիւնը ունի: Բայց իրականութեան մէջ եթէ առարկայական դատելու լինենք, ապա այդ դէպքում կարող ենք յստակ արձանագրել, որ նոյն դերը հէնց նոյն քաղաքամասում խաղում են եւ դեռ առաւել յարմարաւէտ ու բարենպաստ պայմաններով՝ հէնց դպրոցին կից մասնաշէնքը, որտեղ արդէն իսկ տեղաւորւել են մեր միութիւններից շատերը ինչպէսեւ Հայ համալսարանականների ընդհանուր միութիւնը, որի դռները միշտ բաց են հասարակութեան առաջ:

Արդիւնքում, բնական է, ըստ պարոն Հայրապետեանի՝ հանդիպումը իր նպատակին չի ծառայել. «Կարելի է այս հանդիպումը կոչել հասարակութիւն եւ յանձնախումբ հանդիպում եւ ոչ թէ բուն հարցի էութիւնը քննարկող՝ ծնող-յանձնախումբ հանդիպում»,- յաւելեց նա:

Արմէն Հայրապետեանը ցաւով նշեց, որ նման հանդիպումներում անարդիւնաւէտ եւ աւելի վատ պատկեր է գրանցւում, երբ նման զգայուն հանդիպման ընթացքում ներկաները չեն լսում ժողովի հրաւիրածներին, այս դէպքում՝ յանձնախմբին: Օրէնսդիրի ներկայացուցիչը նշեց, որ մայիսի 29-ին կայացած հանդիպմանը ներկաները չեն ցանկացել լսել յանձնախմբի պատասխանները եւ միայն շեշտել են, որ իրենք դպրոցն են ուզում եւ որեւէ բացատրութեան առիթ չեն տւել:

Մինչդեռ, այստեղ, մենք մեր կողմից պէտք է յաւելենք, որ յաջորդ օրը օրաթերթս հեռախօսազանգ ստացաւ, որտեղ ներկաներից մէկը նշում էր, որ իրենց հարցումներին չեն պատասխանել, միայն լսել են իրենց: Երկկողմ թիւրիմացութիւններից անհրաժեշտաբար խուսափելը առողջ հասարակութեան երաշխիքը կարող է դառնալ, հետեւաբար ինչո՞ւ է առաւել լուծելի տարրական փոխհասկացողութիւնը վերածւում անհասկանալի թնջուկի, առաւել բարդացնելով առանց այն էլ լարւած առկայ իրավիճակը:  

Իրականում, ինչպէս նշեց պարոն Հայրապետեանը, հանդիպումը նախատեսւած էր, որպէսզի մենք լսէինք դպրոցի ներկայացուցիչների եւ ծնողների առաջարկները եւ խնդիրները:

«Դպրոցը ունի տեխնիկական թերութիւններ, աշակերտութեան շատ ցածր թւաքանակ, բայց ծնողները միանշանակ նշում են, որ նման պատկեր չէ. նրանց կարծիքով, որակը շատ բարձր է»,- նշում է Հայրապետեանը եւ յաւելում, որ այն ինչ որ փաստացի ապացուցւած է՝ մեր դպրոցների որակը ամբողջովին նոյնն է, բոլորի մօտ նոյն ցածր մակարդակն է տիրում:

Եզրակացնելով միտքը, նա նշեց, որ մեր երկար տարիների փորձառութիւնը մեզ տանում է դէպի դպրոցների մէկտեղում եւ կառոյցների փոքրացում: Այս օպտիմալացման գործընթացը մի տեղից պէտք է սկսւի եւ այս գործընթացը տրամաբանական է: Աղմուկը այսքան հնչեղ ձեւակերպում գուցէ ստացաւ քանի որ հասարակութիւնը տեղեակ չի ապագայ գործընթացներից: Եւ մենք հէնց այս հանդիպմանը փորձեցինք բացատրել, դժբախտաբար՝ ոչ ոք չլսեց:

Իսկ որո՞նք են միւս քայլերը. դրանք այն են, որ մենք կը կարողանանք դպրոցները միատեղելով՝ աշակերտութեան թիւ ապահովել եւ արդիւնքում մենք աւելի որակեալ ուսուցիչներ կը կարողանանք կրթօջախներում ներկայացնել:

Պարոն Հայրապետեանը իմիջիայլոց նաեւ նշեց, որ իրենք դիմել են Կրթադաստիարակչութեան նախարարութիւն եւ աւելի բարձր կենտրոններ, բոլորն էլ միակարծիք՝ պնդում են, որ արդէն բաւական է նման իրավիճակի գոյութիւը մեր դպրոցներում եւ հարցման ձեւով շեշտում, թէ որքա՞ն ժամանակ ենք դեռ նման իրավիճակը հանդուրժելու, քանի որ ինչպէս իրենք են նշում՝ այսօրւայ պայմաններում նման 5-6 հոգանոց դասարաններով եւ միաժամանակ որակեալ ուսուցիչներով ապահովելը ու նման թւաքանակի համեմատ բազմաֆունկցիոնալ դպրոցները, թանկ եւ ծախսատար «հաճոյքներ են»:

Վերջում, երբ արդէն զրոյցն աւարտել էինք, ատենադպիրը մէկ բան կարեւորութեամբ նշեց՝ որ այս օրերին Պատգամաւորական ժողովի պատգամաւորներից, ովքեր զբաղւած են այս գործի ուսումնասիրմամբ եւ հարցի լուծմանն ուղղւած քայլեր են նախաձեռնում, փաստացի թշնամական վերաբերմունքի են արժանանում դպրոցի հարցով շահագրգիռ հասարակութեան կողմից: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ, գուցէ նրա համար, որ ցանկանում ենք մեր հասարակութեան եւ յատկապէս մեր նոր սերնդի համար արժանավայել ապագայ ապահովել: «Ես կը խնդրէի դպրոցի ներկայացուցիչներին, աշակերտներին եւ նրանց ծնողներին սւիններով չընդունել մեր խօսքերը, հաւատացէ՛ք, դրանք ուղղւած են հէնց նոյն դպրոցների բարօրութեանը»:

Յարակից լուրեր

  • «Ռոստոմ» տղայոց դպրոցի ծնողական խորհուրդի այցը Սրբազան Հօրը
    «Ռոստոմ» տղայոց դպրոցի ծնողական խորհուրդի այցը Սրբազան Հօրը

    Չորեքշաբթի, 8 օգոստոս 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Ռոստոմ» տղայոց դպրոցի ծնողական խորհուրդը ընկերակցութեամբ շրջանի հոգեւոր հովիւ արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի։

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Թ. Հ. Թ. ՊԺ-ի որոշումները՝ դպրոցների վերաբերեալ բխում են մի շարք հիմնահարցերից եւ վիճակագրութիւնից: Տւեալները վկայում են, որ դժբախտաբար, ամէն տարի աշակերտութեան թիւը դպրոցներում եւ դասարաններում պակասում են:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի (ՊԺ) դիւանը, անսալով «Ռոստոմ» ազգ. տղ. տարր. դպրոցի ծնողների պահանջին եւ յարգելով նրանց նախանձախնդրութիւնը, դպրոցի պահպանման եւ զարգացման վերաբերեալ, նիստեր է գումարել Թեմական խորհրդի պատասխանատուների հետ, իսկ երէկ՝ յունիսի 13-ին եւս խորհրդակցական հանդիպում է ունեցել ՊԺ-ի Կրթական եւ միւս յանձնաժողովների նախագահների հետ:

  • Թէժ, բայցեւ՝ կառուցողական հանդիպում
    Թէժ, բայցեւ՝ կառուցողական հանդիպում

    Երկուշաբթի, մայիսի 21-ի առաւօտեան, հայոց ազգային «Ռոստոմ» դպրոցի ծնողներն ու ծնողական խորհրդի անդամները, Աշակերտական խորհրդի ներկայացուցիչների ընկերակցութեամբ բողոքի հաւաք կազմակերպելով՝ ներկայացել էին ազգային առաջնորդարանի բակում:

  • Դպրոցական աշակերտները մասնակցեցին Ս. Հաղորդութեան
    Դպրոցական աշակերտները մասնակցեցին Ս. Հաղորդութեան

    Շաբաթ եւ երկուշաբթի, 2018 թւականի փետրւարի 17-ին եւ 19-ին, Ս. Սարգիս եկեղեցում, «Ն. Գիւլբենկեան» եւ հայոց ազգային «Ռոստոմ» դպրոցների աշակերտները, Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով, մասնակցեցին Ս. Հաղորդութեան, Աստւածային շնորհներով լիցքաւորւելու:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։