Հա

Համայնք

02/06/2018 - 15:00

Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակի առիթով՝ Հանրապետական մաղթանք, դրօշի օրհնութիւն եւ հոգեհանգստեան արարողութիւն

Հայաստանի Առաջին Հանրապետութեան հարիւրամեակի առիթով, թւականիս՝ յունիսի 1-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում ս. պատարագի ընթացքում, տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք, դրօշի օրհնութիւն եւ յաւարտ ս. պատարագի հոգեհանգստեան արարողութիւն:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հայաստանի Առաջին Հանրապետութեան հարիւրամեակի առիթով, թւականիս՝ յունիսի 1-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում ս. պատարագի ընթացքում, տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք, դրօշի օրհնութիւն եւ յաւարտ ս. պատարագի հոգեհանգստեան արարողութիւն:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութիւնը նախագահեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Եկեղեցում Հ. Բ. Ը. միութեան պատւի կանգնած սկաուտների շարքերից, ՀՀ Եռագոյն դրօշը եկեղեցի բերւեց ՀՀ դեսպանութեան մշակութային կցորդ Սահակ Եղիազարեանի ձեռամբ եւ Հանրապետական մաղթանքի ընթացքում օրհնւեց թեմակալ առաջնորդի միջոցով ս. պատարագի ընթացքում եւ երգչախումբը հնչեցրեց «Մեր Հայրենիք» օրհներգը: Ընթացքում թեմակալ առաջնորդը քարոզելով, ընդգծեց, որ սրանից 100 տարի առաջ հրի ու սրի մատնւած Արարատեան դաշտում հայ ժողովուրդը Սարդարապատում, Ղարաքիլիսայում ու Բաշ Ապարանում կենաց ու մահու պայքարով եւ իր հաւատքով նոր կեանքի հեռանկար բացեց եւ այսօր Արարատեան դաշտը յոյսի կենտրոն է: Թեմակալ առաջնորդը անդրադառնալով Հայաստանի վերջին իրադարձութիւններին, նշեց. «Այսօր մենք որպէս ազգ, ուր որ կանք, որեւէ մէկ ժամանակահատւածից առաւել հպարտանալու առիթ ունենք: Մենք Հայաստանում արար աշխարհին ապացուցեցինք, որ կարելի է իշխանափոխութիւն եւ հոգեփոխութիւն ստեղծել առանց բռնութեան եւ արիւնի եւ պատիւ մեր ժողովրդին ու ղեկավարութեանը»: Թեմակալ առաջնորդը անդրադառնալով Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին, նշեց. «100-ամեակի այս տարւայ ընթացքում մեզանից իւրաքանչիւրի նւիրական պարտականութիւնն է ճանաչել մեր պատմութիւնը եւ յատկապէս վերջին 200 տարւայ պատմութիւնը եւ այն ժամանակ կը համոզւենք, որ Եռագոյնը իսկապէս արիւնի եւ սարսափի միջից յառած դրօշ է»:

Ս. պատարագի աւարտին թեմակալ առաջնորդը կատարեց հոգեհանգստեան յատուկ արարողութիւն՝ Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի, Սարդարապատի եւ միւս վայրերում տեղի ունեցած ճակատամարտերում զոհւած հայ նահատակների հոգու խաղաղութեան համար:

Կրօնական արարողութեանը ներկայ էին՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը եւ դեսպանութեան դիւանագիտական ներկայացուցիչները, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչը, «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիրը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով ժողովուրդ:

Վերջում Սրբազան Հայրը օրհնւած դրօշը յանձնեց դեսպանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։