Հա

Համայնք

19/06/2018 - 14:40

Խորհրդակցական հանդիպում՝ «Րաֆֆի» համալիրում

Երկուշաբթի, յունիսի 18-ի երեկոյեան, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրում նոյն միութեան դատական գործի առնչութեամբ տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում՝ Սասուն քաղաքամասում գործող միութիւնների ու Եկեղեցական խորհրդի ներկայացուցիչների մասնակցութեամբ:

«ԱԼԻՔ» - Երկուշաբթի, յունիսի 18-ի երեկոյեան, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրում նոյն միութեան դատական գործի առնչութեամբ տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում՝ Սասուն քաղաքամասում գործող միութիւնների ու Եկեղեցական խորհրդի ներկայացուցիչների մասնակցութեամբ:

Հանդիպման դրդապատճառների մասին «Րաֆֆի» համալիրի վարչութեան նախագահ՝ Վիգէն Մանդանին ներկաներին փոխանցեց դատավճռի իրականացման ընթացքը դադարեցնելուն ուղղւած աշխատանքների եւ հնարաւոր արդիւնքների մասին, որտեղ կարեւորւեցին համայնքային կտրւածքով ցուցաբերւող զօրակցութիւնն ու խորհրդարանում իրանահայ պատգամաւորի, ինչպէս նաեւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետի միջնորդութեամբ երկրի բարձրաստիճան այրերի հետ տեղի ունեցած հանդիպումներն ու բանակցութիւնները: «1393-ին գլուխ բարձրացրեց այս հարցը, երբ 6100 քմ. տարածք զբաղեցրած այս կալւածի ժառանգորդների կողմից հայց ներկայացւեց միութեան դէմ: Երկար ենք սպասել, որ խնդրին վերահասու լինի պետական այն կառոյցը, ում այս տարիների ընթացքում վստահւած է եղել նման կառոյցների գործունէութիւնը երաշխաւորելու եւ տիրութիւն անելու գործը: Սակայն, ցաւօք, կանգնած ենք այնտեղ, ուր կանգնած ենք այժմ»,- նշեց նա:

Դոկտ. Սարդարեանն էլ իր հերթին պարզաբանեց դատավճռի հետ կապւած նրբութիւններն ու դրա կանխմանն ուղղւած աշխատանքների արդիւնքների կամ խոստումների մասին: Նա մանրամասնութիւնների մէջ չմտնելով, նշեց, որ բազմիցս իրանահայ մամուլով արծարծւել եւ շարունակում է արծարծւել այն փաստը, որ սա ողջ համայնքի մտահոգութիւնն է:

Նա ներկաներին ներկայացնելով որդեգրած ռազմավարութիւնը, նշեց, որ առաջին հերթին աշխատանքներն ուղղւած են լինելու դատավճռի կանխմանն ու սառեցմանը, իսկ երկրորդ՝ ազգային իշխանութեան հետ համագործակցաբար լուծում գտնել համայնքային առումներով այսքան կարեւոր կառոյցի պահպանմանն ու գոյութիւնը երաշխաւորելուն:

Ներկաների կողմից նոյնպէս եղան արտայայտութիւններ ու առաջարկութիւններ, որտեղ նոյնպէս հարցը դիտարկւում էր որպէս ողջ համայնքի խնդիր, ինչը շուտափոյթ լուծման է կարօտ:

Պատասխանելով կապարափակմանը յաջորդող հնարաւոր գործողութիւնների մասին թերթիս հարցին, դոկտ. Սարդարեանը նշեց, որ ենթադրւող իւրաքանչիւր քայլ լինելու է օրէնքի շրջագծում: «Այս մասին համադրութիւնները կատարւելու են Թեմական խորհրդի հետ, որտեղ իւրաքանչիւր գործողութիւնից առաջ դիմում է ներկայացւելու պետական համապատասխան կառոյցներին, ինչպէս նաեւ Ներքին գործերի նախարարութեանը: Կարեւոր է, որ օրինապահութեան դրական դրսեւորումներով սատարենք գործի ընթացակարգին եւ լիայոյս ենք, որ տեղի ունեցած հանդիպումները դրական հանգուցալուծմանն են բերելու»,- հանդիպման աւարտին նշեց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։