Հա

Համայնք

12/07/2018

Վարդավառի «ցունամի»-ն՝ «Արարատ» մարզաւանում

Մեր առօրեայում յաճախ հանդիպում ենք «արժէք» եւ «մշակոյթ» հասկացութիւններին: Դրանք ամենուր են` մեր շրջապատում: Կառավարում եւ ուղղորդում են մեզ` գիտակցօրէն կամ ենթագիտակցօրէն: Դրանք,  ձեւաւորում են շարքային մարդկանց նկարագիրն ու վարքագիծը:

«alikonline.ir» - Մեր առօրեայում յաճախ հանդիպում ենք «արժէք» եւ «մշակոյթ» հասկացութիւններին: Դրանք ամենուր են` մեր շրջապատում: Կառավարում եւ ուղղորդում են մեզ` գիտակցօրէն կամ ենթագիտակցօրէն: Դրանք,  ձեւաւորում են շարքային մարդկանց նկարագիրն ու վարքագիծը:

Իւրաքանչիւր օր կարելի է հանդիպել հանրային-հասարակական սեփականութեան մի ինչ-որ շինութեան վնասման կամ աւերման մասին լուրերի: Ամէն մի նման դէպքի հետ ընդվզում ենք, դատապարտող խօսքեր հնչեցնում ու փնովում ենք հակահասարակական այդ դատապարտելի արարքների հեղինակներին:

Սակայն, հազւադէպ է պատահում, երբ փորձում ենք ինքներս մեզ հարց տալ. թէ միւսներին անւանարկելուց առաջ պահանջ չկա՞յ արդեօք ժամանակ առ ժամանակ հայեացք նետել առաջինը մեզ, մեր շրջապատին՝ համոզւելու համար, որ հանրային սեփականութիւնն ու «արժէքներ»-ը վնասողներն ու աւերողները սակաւաթիւ չեն:

Ու հէնց այստեղ էլ հարց է առաջանում թէ ինչպիսի՞ն է մեր վարքագիծը` իբրեւ անձի, իբրեւ հասարակութեան ներկայացուցչի:

Պասիֆիզմի հէնց այս համատեքստում էլ, տեղեկացանք ազգային-եկեղեցական մեր տօներից մէկի՝ Վարդավառի օրը մեր համայնքի կարեւորագոյն համայնքային-հասարակական վայրերից մէկին՝ «Արարատ» մարզաւանին հասցւած նիւթական առանձնապէս խոշոր չափերի վնասների մասին: Դէպքի մանրամասները փորձեցինք պարզել Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ Վարդանից:

Տօնակատարութի՞ւն, «really»?

««Արարատ» կազմակերպութիւնում, յաճախ է նշւում ազգային-եկեղեցական տօներ, վերջինը Վարդավառն էր, միայն թէ այս անգամ ոնց, որ սահմաններն աւելի հեռուն գնաց»,- ասաց Գէորգ Վարդանը:

«Կիրակի, Վարդավառի տօնակատարաութեան գիշերը, անյայտ անձինք կազմակերպութեանը հասցրել են մեծ նիւթական վնասներ: Տեղահան են արել ծորակներ, լւացարաններ, քանդւել են դռներ ու աթոռներ, էլ չենք խօսում կազմակերպութեան գոյքերի տեղափոխութիւնների մասին»,- պատմում է Գէորգ Վարդանը:

Հարցիս, թէ միջադէպից կա՞ն արդեօք տուժածներ, Գէորգ Վարդանը պատասխանում է. «Տուժածներ բարեբախտաբար չկան։ Մեր հանդերձարանների հարեւանութեամբ է գտնւում մարզաւանի էլեկտրականութեան կառավարման տնակը, ժողովուրդը հանդերձարանից օգտւել են ջրային պաշարներ հաւաքելու համար, որի հետեւանքով էլ ջուրը լճացել էր հանդերձարանի յատակին՝ ներկայացնելով էլեկտրահարութեան պոտենցիալ վտանգ»։

Գէորգ Վարդանը պատմելով միջադէպի մասին ընդգծեց. «Որոշ ընտանքիներ տեսնելով օրւայ միջադէպը յարմար չհամարեցին շարունակել խնջոյքը եւ թողեցին վայրը։

Ոմանք էլ միաւորւելով ղեկավար անձնակազմին, համատեղ աշխատում էին  տնօրինել պահը։ Չմոռանանք, որ կազմակերպութեան տարածքը այնքան մեծ է, որի կառավարելը տեսականօրէն մի բան է, իսկ գործնականում՝ մի այլ բան»:

 

Տնից դուրս՝ տնում

««Արարատ» մարզաւանն այն ապահով վայրն է, որտեղ մեր ծնողներն իրենց բալիկներին վստահում են մենակ թողնել, այն վայրն է, որտեղ մեր երիտասարդները ընկերական կեանք են վարում, իսկ աւելի տարեց՝ երէց հայրենակիցներն էլ Արարատում հանգստանում են:

Մենք, ինչպէս բոլոր հասարակական նշանակութեան վայրերի ղեկավարութիւն, նոյնպէս խնդիր ունենք բաւարարելու այցելուների պահանջները եւ ունենք խնդիրներ` կապւած տւեալ կառոյցի գոյութեան, զարգացման եւ առաջընթացի հետ:

«Արարատ»-ի հանրային օգտագործան գոյքերն էլ սպառման ժամկէտ ունեն: Երկար աշխատացնելու հետեւանքով փչանում են, որոնցից իւրաքանչիւրը անմիջապէս ախտորոշւում եւ վերանորգման է յանձնւում: Սակայն, լինում են դէպքեր, երբ մարդկային դիտաւորեալ գործօնի միջամտութեամբ արագացւում է գոյքի սպառման ժամկէտի աւարտը։ Խօսքը ոմանց կատարած «հերոսութիւններ»-ի կամ էլ թէ «քաջագործութիւններ»-ի մասին է, ինչը ե՛ւ ցաւեցնում, ե՛ւ զարմացնում է մեզ՝ բոլորիս»,- ասում է Գէորգ Վարդանը:

 

«Թիւ մէկ»-երի մասին

Գէորգ Վարդանը խօսելով կազմակերպութեան թիւ մէկ խնդրի մասին ասում է. «Մեր առաջին յանձնարարութիւնը կազմակերպութեան անվտանգութեան ապահովումն է, քանի որ բոլորս գիտենք այսպիսի հնարաւորութիւն հայկական իրականութեան մէջ եզակի է»։ Նա շեշտում է, որ ծանր յանձնարարութիւնն կայ կազմակերպութեան պատասխանատուների ուսերին:

Թէ քանի ղեկավար է աշխատում կազմակերպութիւնում, Գէորգ Վարդանը նշում է. «Եթէ մենք չհաշւենք կազմակերպութեան հետ համագործակցող պաշտօնեաներին, մօտաւոր 100-150 հոգանոց ղեկավար փաղանգ է աշխատում «Արարատ»-ի անվտանգութեան համակարգը ղեկավարելու եւ պահպանելու համար»։

 

Տօնից «պաշտպանւելու» նախապատրաստութիւններ

«Տօնակատարութեան կարգը սահմանելու հարցով ունէինք մտահոգութիւններ: Թիւ մէկ մտահոգութիւնը Իրանում ջրի տագնապն էր: Մեր մտահոգութիւնը կայանում էր նրանում որ,  նման արտակարգ իրավիճակում ինչպէս է պէտք կազմակերպել տօնը, քանի որ Վարդավառի ամենատարածւած եւ հանդիսաւոր սովորոյթը միմեանց ջրելն է:

Համայնքում ապրող քաղաքացիներին էլ թաքուն չէ, որ քանի միութիւնների նախօրօք կազմակերպւած միջոցառումները բեկանեցին հէնց ջրի տագնապի պատճառով:

Նշենք, որ ընթրիքների սեզոնին  «Արարատ» մարզաւան է այցելում օրական միջին հաշւով 1000-1500 հայրենակից, որոնց հարկաւոր է լաւագոյնս սպասարկել:

Այնուամենայնիւ, թւում էր, թէ մեզ մօտ չկար այլընտրանք։ Քննարկումներից յետոյ կազմակերպութեան ղեկավար վարչակազմը համոզւած լինելով առ այն, որ մարզաւանում հնարաւոր չէ ջուրը փակել ժողովրդի վրայ, որոշեց կազմակերպել տօնակատարութիւնը»,- նշում է զրուցակիցս:

Անդրադառնալով ներքին ղեկավար մարմինների հետ ունեցած զրոյցներին, Գէորգ Վարդանը ընդգծեց . «Մեր զրոյցներում կարեւորւում էր չվնասւելու սկզբունքը, միայն թէ ժողովուրդն իրենք իրենց եւ այլոց չվնասեն:

Կազակերպութեան Վարիչ մարմինը, անհատ Արարատակաները, բոլորս նախատեսում էինք աւելին: Տօնի նախօրէին մարզաւանի անկիւներից հաւաքւեցին բոլոր աղբամանները, ինչ որ չափով վնասներ կանխատեսւում էր, բայց այս մակարտակը մեզ իրապէս զարմացրեց։

Ամէն դէպքում այս ամէնից մենք չենք ընկճւում։ Արարատը եղել ու պէտք է լինի մեր համայնքի ապահով եւ անվտանգ օջախը, որտեղ ընտանիքները կը վստահեն իրենց զաւակներին: Մեզ հարկաւոր է, որպէսի մեծն ու փոքրը, բալիկն ու տատիկը, բոլոր, բոլորը այստեղ զգան իրենց ինչպէս տանը: Այո՛, սա մեզ հարկաւոր է ու մենք այս ամէնի համար պատասխանատու ենք:

Բայց իրապէս կարող է մի ինչ-որ տեղ վատ չլինի կանգնենք, շունչ առնենք ու մտածենք։ Այն, թէ մարզաւանում ինչ որ բան ջարդւի մենք այն կը վերանորոգենք, բայց հէնց այստեղ է պէտք մտածել։ Այս ամէնն ինչի հաշւով։ Գիտէք արդէն սահմաններ է շրջանցւում»,- ասում է  Գէորգ Վարդանը:

 

Հարց. ով ում վրայ գործ բացի

« «Արարատ» կազմակերպութիւնը հիմնւել է հայապահպանման եւ հայակերտման նպատակով, եւ իր ողջ հնարաւորութիւնները իրանահայ համայնքի համար են։ Բայց եւ այնպէս համայնքն էլ ունի պարտաւորութիւններ կազմակերպութեան պահպանման հարցով։

«Արարատ»-ում յաճախ կազմակերպւում է արտաքին բնոյթ ունեցող միջոցառումներ, այդ թւում՝ բազարներ եւ ..., որի տարածքային կառավարումն ու վերահսկումը, ինչպէս նաեւ հասարակական անվտանգութեան ապահովումը վստահւում է իրաւապահ մարմինների, որոնք էլ աջակցում են ներքին ղեկավար կազմին։

Երբեմն կազմակերպութիւնը կրելով հասարակական արժեհամակարգի գաղափարը երկընտրանքի առջեւ է կանգնում։ Ոնց պէտք է պատասխանատւութեան ենթարկել հասարակական գոյքը վնասող մարդկանց, այն էլ ազգային-կրօնական ծիսակատարման օրերին։ Ինչ էք սպասում մարզաւանի ղեկավար կազմից հէնց իրավախախտումները վերահսկելու հարցով»,- հռետորական հարց է բարձրացնում զրուցակիցս:

Շարունակելով միտքը նա պնդում է. «Գիտէք, ոստիկան կանչելն էլ է խափանման միջոց, բայց ոչ մեզ համար։ Ով ում վրայ պէտք է ոստիկան կանչի, իրապէս մեզ հարկաւո՞ր է արդեօք երրորդ անձի միջամտութիւն՝ հէնց մեր տունը մեր պատիւը պահելու համար։ Ծայարյեղ դէպքերում, անշուշտ դիմում ենք իրաւապահ մարմինների օգնութեանը:

Մենք կենտրոնանալով ստանձնած ծառայողական պարտականութիւնների վրայ, ժողովրդից սպասում ենք հէնց իրենք այս հարցով օգնեն մեզ։

Նմանատիպ միջադէպերի մասին դատողութիւնն էլ ուզում ենք թողնել համայնքի խղճին»։

 

Ինքը կը ջարդւի մի ջարդի՛ր

«Կազմակերպութեան ֆինանսական բիւջժէից յատկացւած մի քանի միլիոնները վերականգնել են վնասները:

«Արարատ»-ի բոլոր հնարաւորութիւնները կոյուղիներ, ջեռուցման համակարգեր, էլեկտրային համակարգը, բոլորը նորոգութիւնների կարիք ունեն: Անցեալ տարիների ընթացքին միլիարդներ է ծախսւել ե՛ւ նորոգութիւնների, ե՛ւ հնարաւորութիւնների զարգացման համար, որոնց շնորհիւ ի վերջոյ լաւ տեղ ենք կանգնած։

Այս ամէնն այն դէպքում, երբ կազմակերպութեան ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի պահպանումն ու վերականգնումը այդ թւում լողաւազանի վերանորոգումը ստացել է հրամայական կարգավիճակ, որը պահանջում է լուրջ միջոցառումների ձեռնարկում, որոնց յապաղումը տեղի կը տայ բազմաբնոյթ անցանկալի երեւոյթների առաջացման եւ կը պահանջի մեծ չափերի լրացուցիչ ծախսերի ստիպողական կատարում: Հէնց այս հիմնաւորմամբ էլ երկար ժամանակ է, ինչ կազմակերպութեան ղեկավարութիւնը բանակցում է մասնագէտների հետ, որ հնարաւորինս խուսափի պակսացնի ջրի վթարային կորուստը։

Հէնց այս պատճառով էլ այս տարի լողաւազանի աշխատանքներն մեկնարկելու է փոքր աւազանով, յուսանք որ մօտ ապագայում հանրութեան օգտագործման կը յանձնւի նաեւ մեծ աւազանը»,- նշեց Գէորգ Վարդանը։

 

Որպէս Յ.Գ Մեզ պէտք են իրական հերոսներ

Բառարանները ցինիզմը կամ ցինիկութիւնը բացատրում են որպէս անթաքոյց, գռեհիկ, քամահրական վերաբերմունք հասարակական բարոյական չափանիշների, մշակութային արժէքների եւ պարկեշտութեան մասին պատկերացումների հանդէպ:

Նոյն վարքագծերի ցաւեցնող օրինակը, որի ականատեսը եղանք «Արարատ»-ում, միանգամայն վերաբերում  է շարքային քաղաքացիների ցինիզմին, այն ունի հետաքրքիր յատկութիւն. ի տարբերութիւն ազնւութեան, վարակիչ է:

Հանրային գոյքը ջարդող, փչացնող «հերոսներ»-ի կերպարը վտանգաւոր է եւ ոչ միայն նրանով, որ այն թւացեալ պարզութեամբ եւ անկաշկանդութեամբ գրաւում եւ իրեն է ենթարկում հասարակութեան նորանոր շերտեր, այլեւ նրանով, որ խեղաթիւրում է մի ամբողջ արժեհամակարգ:

Իսկ ինչ վերաբերում է հասարակութեան, բառի բուն եւ անմիջական իմաստով իրական, այլ ոչ թէ չակերտաւորւած հերոսներին, պէտք է նշենք, որ դրանք շարքային այն քաղաքացիներն են, որոնք համարձակւում են կոտրել մեզ մօտ վաղուց ի վեր հասրակական կարծարատիպի վերածւած պասիւիզմը՝ անտարբերութիւնը, ժառգոնով ասած. «շառից փորձանքից հեռու» մնալու՝ հակահասարակական երեւոյթը:

Իրական «հերոս»-ը անպայման հրապարակային դրսեւորումներ ունեցող կազմակերպւած շարժումներ անողը չէ, այլ նաեւ առօրեայ հակահասարակական երեւոյթներին դիմադրողն է:

Ու եթէ դու որպէս հասարակութեան անդամ նախապատւութիւնը տալիս ես պասիւիզմին, ապա այն անպայման քեզ կը զրկի հասարակական-հոգեբանական իմունիտետից՝ քեզ դարձնելով հակահասարակական երեւոյթների համախտանիշի զոհ:

Պասիւիզմի եւ պաշտպանւածութեան միջեւ սահմանը շատ նուրբ է: Հարկաւոր է դա հասկանալ եւ շարժւել ու գործել այնպէս, որ չտրւես անատամ պասիւիզմին, ու անմարդկային եւ անհոգի ցինիզմին, որովհետեւ երկուսն էլ հասարակութեան հոգեկան սովի, սնանկութեան պատճառ են դառնում:

Նիւթը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Յարակից լուրեր

  • Առաջնորդարանի այցելուներ
    Առաջնորդարանի այցելուներ

    Չորեքշաբթի մայիսի 9-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ պրն. Գէորգ Վարդանին, նոյն կազմակերպութեան Մարզական միութեան վարչութեան նախագահ՝ պրն. Հարմիկ Շահնազարեանին, Հայաստանի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի Թեհրանի ներկայացուցիչ եւ Թեհրանի Համահայկական խաղերի 50-ամեակի յանձնախմբի նախագահ՝ պրն. Էդւարդ Բաբախանեանին։

  • «Շնորհակալութիւն դոնոր»-ը «Արարատ»-ում
    «Շնորհակալութիւն դոնոր»-ը «Արարատ»-ում

    Ոսկրածուծի դոնորի միջազգային օրը այս անգամ եւս խորհրդանշւեց գեղեցիկ միջոցառմամբ։ Թեհրանի «Արարատ» մարզաւանում անցկացւող հերթական Համահայկական խաղերի ընթացքում, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռէեստր» (ՈԴՀՌ) բարեգործական հիմնադրամի Իրանահայ գրասենեակի ներկայացուցիչները իրականացրեցին մեծ դոնորահաւաք «Շնորհակալութիւն դոնոր» խորագրով։

  • Մանուկների դաշտահանդէս
    Մանուկների դաշտահանդէս

    Բարձր հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ նախաձեռնութեամբ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի, ուրբաթ, յունիսի 9-ին, «Արարատ» մարզաւանում տեղի ունեցաւ մանուկների դաշտահանդէս:

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան անդամներն այցելեցին Առաջնորդ սրբազանին
    Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան անդամներն այցելեցին Առաջնորդ սրբազանին

    Ապրիլի 13-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նորընտիր անդամներին:

  • Մեկնարկեց  Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան 41-րդ Համադպրոցական խաղերը
    Մեկնարկեց  Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան 41-րդ Համադպրոցական խաղերը

    Երէկ՝ փետրւարի 8-ին շուրջ 1200 հանդիսատեսի, 567 աշակերտ-ուհիների եւ 100- ից աւելի մանկապարտէզի սաներ ներկայութեամբ եւ մասնակցութեամբ տեղի ունեցաւ 41-րդ Համադպրոցական խաղերի բացումը: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։