Հա

Համայնք

16/07/2018 - 09:40

Բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորի շնորհանդէսը

Նախաձեռնութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանապետութեան դեսպանութեան եւ համագործակցութեամբ Իրանահայ գրողների միութեան, երեքշաբթի յունիսի 19-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Յովհաննէս Թումանեանի անւան դահլիճում տեղի ունեցաւ շնորհանդէս նւիրւած բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորին, որը 2017 թւականի հոկտեմբերին, Ս. Թարգմանչաց տօնի առթիւ, արժանացել է Հայաստանի գրողների միութեան (ՀԳՄ) «Կանթեղ» մրցանակին:

Նախաձեռնութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանապետութեան դեսպանութեան եւ համագործակցութեամբ Իրանահայ գրողների միութեան, երեքշաբթի յունիսի 19-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Յովհաննէս Թումանեանի անւան դահլիճում տեղի ունեցաւ շնորհանդէս նւիրւած բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորին, որը 2017 թւականի հոկտեմբերին, Ս. Թարգմանչաց տօնի առթիւ, արժանացել է Հայաստանի գրողների միութեան (ՀԳՄ) «Կանթեղ» մրցանակին:

«Կանթեղ» մրցանակը շնորհւում է հայերէնից այլ լեզուներ եւ այլ լեզուներից հայերէն թարգմանւած լաւագոյն գրքերի թարգմանիչներին: Արդէն 10 տարուց աւելի, սոյն մրցանակաբաշխութիւնը կազմակերպւում է ՀԳՄ-ի եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի համագործակցութեամբ, նպատակ ունենալով շարունակել դարերից ի վեր եկած թարգմանական աւանդոյթը, որը սկիզբ առաւ Աստւածաշնչի թարգմանութիւնից:

Շնորհանդէսի երեկոյին ներկայ էին ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները եւ գրականասէր ազգայիններ, նաեւ Վարանդի գրականութեանը ծանօթ փոքրաթիւ պարսկալեզու հիւրեր:

ՇՆորհանդէսի երեկոն սկսւեց Իրանի մեծանուն բանաստեղծ Շահրիարի գազէլների Վարանդի կողմից կատարւած հայերէն թարգմանութեան ատրասանութեամբ՝ Աիդա Ասատրեանի (ՀՀ) ձայնով: Միաժաանակ ցուցադրւում էին համապատասխան բնապատկերներ: Ապա բացման խօսքով հանդէս եկաւ Արգին Արիստակէսեանը ու ողջոյնի խօսքից յետոյ Վարանդին հրաւիրեց արտայայտւելու:

Վարանդը պարսկերէն իր ելոյթում անդրադարձաւ հայ ու պարսիկ գրականութեան ու գրական կապերի մասին, բացատրութիւն տւեց «Կանթեղ» մրցանակի վերաբերեալ ու ասաց թէ ՀԳՄ-ի նախագահ Էդւարդ Միլիտոնեանի առաջարկով է ձեռնամուխ եղել թարգմանական այդ գործին եւ ինքը անակնկալի է եկել, երբ գիրքը շահել է «Կանթեղ»-ի գլխաւոր մրցանակը: Վարանդը յուշապատումներով համեմելով իր խօսքը, ամփոփ կերպով անդրադարձաւ նաեւ իր գրական անցած ուղուն:

Ելոյթ ունեցաւ Էդւարդ Յարութիւնեանը՝ անդրադառնալով Վարանդի թարգմանած ժողովածուին, որը կրում է «Ակներ ակներեւ» խորհրդանշական խորագիրը: Ժողովածուն ներառում է վերջին 100-ամեայ ժամանակաշրջանի Իրանի 89 բանաստեղծի ստեղծագործութիւններից մէկական թարգմանութիւն՝ սկսած արդի բանաստեղծութեան նահապետ՝ Նիմա Իւշիջից (ծն. 1897 թ.) եւ վերջացրած քիչ ծանօթ դէմքերով: Թարգմանութեան շարանի սկզում տեղադրւած է Իրանին նւիրւած ներբողական մի բանաստեղծութիւն՝ Վարանդից: Բանախօսի խօսքով՝ թէեւ մէկ բանաստեղծութեամբ հնարաւոր չէ կարծիք կազմել որեւէ բանաստեղծի մասին, սակայն գիրքն իր ամբողջութեամբ ընդհանուր գաղափար է տալիս ընթերցողին՝ Իրանի վերջին 100-ամեայ բանաստեղծութեան վերաբերեալ:

Յաջորդ բանախօսը «Պայման» եռամսեայ պարբերականի խմբագրակական կազմի անդամ, գրականագէտ դոկտ. Ղ. Ռազաւիզադէն էր: Նա բազմակողմանի ուսումնասիրել է Վարանդի բանաստեղծութիւնների թարգմանութիւնները եւ մի ընդարձակ վերլուծական յօդւածով ներկայացրել՝ «Պայման» պարբերականում (համար 73, 2015թ.): Ըստ բանախօսի պարսկերէն արտայայտութեան, Վարանդը մի բանաստեղծ է, որ խորապէս ճանաչում է հայոց վիշտը, նա իրապէս սիրոյ եւ կեանքի երգիչ է, իսկ նրա որոշ երկերում նրբօրէն արտացոլում է քրիստոնէական միստիկ ոգին: Բանախօսը ակնարկեց թարգմանւած ժողովածուում ներկայ բանաստեղծների ընդարձակ սպեկտրին ու ժանրային ու ոճային տարբերութիւններին եւ հետեւեալ կերպով եզրակացրեց. Վարանդի գործը յաջողած կարելի է համարել, եթէ օրինակ Մ. Օմիդի բանաստեղծութիւնը այնպէս թարգմանւած լինի, որ հայ ընթերցողին թւայ թէ հեղինակը հայ է եղել:

Բանախօսութիւնների միջեւ տեղաբաշխւած գեղարւեստական կատարումները պարունակում էին երգեր ու արտասանութիւներ Վարանդի ստեղծագործութիւններից:

Շնորհալի արւեստագէտ՝ Մելանիա Յովհաննիսեանը կատարեց Վարանդի խօսքերով եւ Անդրէ Արզումանեանի գործիքաւորմամբ ռուս երգահան՝ Վլադիմիր Կոզմայի «Խաւար երկինք» երգը, նաեւ ֆրանսիական թեքումով «Մեղքի վարդեր» սիրերգը:

Ռուբէն Շահբազեանը ասմունքեց Վարանդի թարգմանութեամբ իրանական գրականութիւնից քառեակներ՝ մայրական ու սիրային, ապա միստիկական թեմաներով:

Թենի Աւագեանի սքանչելի ասմունքով կատարւեց Քրիստափոր Միքայէլեանին ձօնւած, Վարանդի «Կարմիր Սուլթան» պոէմից համադրւած հատւածներ:

Էլպիս Ֆերահեան մանկապարտէզի սան, փոքրիկ Նարէ Օհանեանը արտասանեց Վարանդի «Ես այն մի հայն եմ՝ թանգարանում» ստեղծագործութիւնը:

Ցուցադրւեց մի տեսաֆիլմ՝ սոյն թւի մայիսի 4-ին, «Վահդաթ» համալիրի «Ռուդաքի» սրահում երաժիշտ՝ Վարուժան Ոսկանեանի «Սոլֆրենդզ» խմբի միջոցով կատարւած Վարանդի «Կրկին եկար» բանաստեղծութեան վրայ Վարուժան Ոսկանեանի յօրինած ռոմանսը:

Ծրագրի եզրափակիչ խօսքը պատկանում էր Իրանի Իսլ. Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ ու լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանին: Նա ողջունեց հեղինակին «Ակներ ակներեւ» ժողովածուի լոյս ընծայման առթիւ եւ ասաց՝ թէեւ ինքը դեռ առիթ չի ունեցել այն ընթերցելու, սակայն ծանօթ լինելով բանաստեղծի գրչին, գրքի յաջող լինելու մասին կասկած չի կարող ունենալ: Դեսպանը շնորհակալութիւն յայտնեց բոլոր նրանց, որոնց աջակցութեամբ ու մասնակցութեամբ յաջողութեամբ իրագործւեց օրւայ միջոցառումը: Ծրագրի աւարտին տեղի ունեցաւ համեստ հիւրընկալութիւն, նաեւ հեղինակի կողմից գրքի ստորագրում ու նւիրում:

Է. Յ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։