Հա

Համայնք

17/07/2018 - 08:20

«Ջաւախքի անցեալն ու ներկան»՝ բանախօսութիւն Երէցների միութեան յունիս ամսւայ հանդիպումին

Երկուշաբթի, յունիսի 11-ին տեղի ունեցաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը Մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Երկուշաբթի, յունիսի 11-ին տեղի ունեցաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը Մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Ծրագրի սկզբում միութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովէլեանը ներկայացրեց միութեան երիցագոյն անդամներից՝ ընկեր Սրբուհի Տէր-Յակոբեանին ու բարձր գնահատեց նրա տարիների անխոնջ գործունէութիւնը միութիւնում: Նրա կենսագրականը ընթերցեց ընկեր Դիանա Տէր-Յովսէփեանը, միաժամանակ պատկերներ ցուցադրւեցին նրա կեանքի տարիներից: Ապա միութեան նախագահը գնահատական խօսքերով ու բարեմաղթանքներով վաստակաշատ ընկեր Սրբուհուն յուշանւէր յանձնեց:

Ընկեր Սրբուհին ծնւել է Արաքում, սովորել է Թեհրանի «Դանայի», «Քուշէշ-Դաւթեան» ու «Մարիամեան» դպրոցներում: Որպէս հաշւապահ աշխատել է Իրանի ազգային նաւթային ընկերութիւնում: Աւարտել է նոյն ընկերութեան հաշւապահական համալսարանը` լիսանսի աստիճանով: Մասնակցել է Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաւուտական, երգչախմբային ու թատերական աշխատանքներին: 1980-ական թւականներից անդամակցել է Երէցների միութեանը, մասնակցել է զանազան յանձնախմերում՝ կրպակի, հիւրընկալութիւնների, հասութաբեր ձեռնարկների եւ այլ աշխատանքներին:

Բանախօսութեամբ ելոյթ ունեցաւ ծանօթ մտաւորական՝ Գրիգոր Ղազարեանը, նիւթ ունենալով՝ «Ջաւախք, անցեալն ու ներկան»:

Բանախօսը Ջաւախքի մասին ամփոփ տեղեկութիւն փոխանցելով, անդրադարձաւ Վրաստանի տարածքում գտնւող հայկական այդ շրջանի կարեւորութեան մասին, որին վերջերս, իր առաջին ուղեւորութեան ընթացքում այցելել է ՀՀ նորընտիր վարչապետ՝ Նիկոլ Փաշինեանը: Ջաւախքը ներկայիս մաս է կազմում Սամցխէ-Ջաւախեթի վրացական մարզին եւ բաղկացած է վեց շրջանից՝ Ախալքալաք, Ախալցխա, Նինոծմինդա, Ասպինձա, Բորժոմ եւ Ադիգէն: Տարածքը՝ շուրջ 7500 քառ. կմ. է, 160-170 հազար բնակչութեամբ եւ 132 հայկական գիւղերով: Պատմականօրէն Ջաւախքը գտնւել է Մեծ Հայքի տարածքում եւ աւելի վաղ ժամանակում Զաբախա է կոչւել: 7-րդ դարում իսլամ արաբները գրաւեցին Ջաւախքը: 10-րդ դարում Ջաւախքը գտնւում էր հայկական Բակրատունեաց թագաւորութեան կազմում: Հետագային այն ենթարկւում է սելջուկների ապա 13-րդ դարում մոնգոլների յարձակմումներին: 1587-ին Օսմանեան թուրքերը գրաւում են Ջաւախքը: 1828-29 թթ. ռուս-թուրքական պատերազմից յետոյ Ջաւախքը անցնում է ռուս իշխանաւորների տիրապետութեան ներքոյ: 1843 թւականի վիճակագրութեամբ Ջաւախքը ունեցել է 63800 բնակչութիւն: 1921թ.-ին Ջաւախքը ներառւում է Խորհրդային Վրաստանի կազմում:

Պատմական տեղեկութիւններ փոխանցելուց յետոյ բանախօսը անդրադարձաւ Ջաւախքի ռազմավարական նշանակութեանը՝ Հայաստանի համար: Ջաւախքը սահմանակից է ՀՀ-ին, հայաբնակ շրջան է, արտաշխարհ դուրս գալու՝ ծովաւին նաւահանգիստ տանող տարանցիկ ճանապարհ է: Վրաստանի իշխանութիւնները, տարիներ է ինչ, վրացականացման քաղաքականութիւն են գործադրում Ջաւախքում, թուլացնում են Հայաստանի հետ նրա կապը, ճնշում են դպրոցներին եւ ուսուցչական կազմերին, արգելում են Հայաստանից դասագրքերի առաքումը Ջաւախք, շրջանում բարձր ուսման հաստատութիւններ չկան, հայկական եկեղեցիները իւրացւում ու վրացականացւում են, ազգային-կրօնական արարողութիւնները սահմանափակւում են եւ խտրական օրէնքներ են իշխում, որ սատարում են Ջաւախքի հայաթափմանը: Այդ իրողութիւններից ելնելով, բանախօսը գնահատելով Ջաւախքի ներկայ կացութիւնը, անդրադարձաւ տիրող երկկողմ անվստահութեան մթնոլորտին, գործազրկութեան եւ արտագաղթի երեւոյթին: Նաեւ անդրադարձաւ շրջանում դերակատար ուժերին ու նրանց ազդեցութեան լծակներին ու շահերին: Այդ դերակատարներն են, ըստ բանախօսի` Ռուսաստանը, Հայաստանը, վրացական իշխանաւորները, Սփիւռքը, Հայոց Առաքելական եկեղեցին, Հ.Յ.Դ.-ն, միջազգային շրջանակները, վրաց եւ հայ քաղաքացիական կազմակերպութիւնները, տեղի բնակչութիւնը, թուրքերը, ադրբեջանցիները եւ այլն:

Իր խօսքի վերջում բանախօսը յիշատակեց ջաւախքահայ նշանաւոր մի քանի անուններ՝ Ռուբէն, Դերենիկ Դեմիրճեան, Վահան Տէրեան, Յովհաննէս Քաջազնունի եւ ուրիշներ, նաեւ ներկայացրեց Ջաւախքին սատարելու ուղղութեամբ հնարաւոր առաջադրանքներ:

Հանդիպման վերջում ընկերական ջերմ միջավայրում հիւրասիրւեցին ներկաները ու նշւեցին ամսւայ տարեդարձները:

Նիւթը ստացել ենք ընկեր Էդւարդ Յարութիւնեանից:

Հ. Մ. «Արարատ» Կ.

Յարակից լուրեր

  • «Արասբարան» մշակութային կենտրոնի երգչախումբը՝ «Արարատ»-ում
    «Արասբարան» մշակութային կենտրոնի երգչախումբը՝ «Արարատ»-ում

    Երէցների միութեան 2019-ի առաջին ամսական հանդիպումը՝ նւիրւած Իրանի Իսլամական Յեղափոխութեան 40-ամեակին, տեղի ունեցաւ փետրւարի 4-ին, «Վաչիկ Ղարաբեգեան» սրահում: Հրաւիրւած էր երիտասարդ երաժիշտ, համալսարանի դասախօս, երգահան ու խմբավար Սերժիկ Միրզայեանը: Նա Թեհրանի «Արասբարան» մշակութային կենտրոնի երգչախմբի  ու նւագախմի ղեկավարն է:

  • Նորոգ հանգուցեալ ընկեր Նիկոլա Ջաղարբէգեանի "Յարգանքի օր"
    Նորոգ հանգուցեալ ընկեր Նիկոլա Ջաղարբէգեանի "Յարգանքի օր"

    Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Երէցների միութեան նախաձեռնութեամբ՝ 2018 թ. հինգշաբթի նոյ. 22-ի ժամը 19:00-ին մարզաւանի «Շահբազեան» սրահում, տեղի ունեցաւ Արարատի վաստակաւոր անդամ, աշխատանքը Սկաուտականով սկսած, Աւագ խմբապետի  աստիճանի արժանացած ու Սկաուտապետ դարձած, երէցների միութեան անդամ ,եօթ շրջանների Կենտրոնական վարչութեան անդամ ու նախագահ, բազում յանձնախմբերի և մարմինների,Մարզական միութեան երկու շրջանների նախագահ, ազգային կառոյցներում պատասխանատու հանգամանքներ զբաղեցրած, 14 տարիներ Թեհրանի Թեմի Պատգամաւոր  և մինչև կենդանութեան վերջին պահ ուղեգծային յանձնախմբի նախագահի հանգամանքը ստանձնած՝ նորոգ հանգուցեալ ընկեր նիկոլա Ջաղարբէգեանի "Յարգանքի օր"-ը։

  • Երէցների միութեան ամսական հանդիպումը նւիրւած Արա Գիւլէրին ու Շառլ Ազնաւուրին
    Երէցների միութեան ամսական հանդիպումը նւիրւած Արա Գիւլէրին ու Շառլ Ազնաւուրին

    Երկուշաբթի, նոյ. 5-ին, տեղի ունեցաւ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Երէցների միութեան ամսական հանդիպումը «Վաչիկ Ղարաբէգեան» դահլիճում:

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան օգոստոս ամսւայ հանդիպումը
    Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան օգոստոս ամսւայ հանդիպումը

    Երկուշաբթի, օգոստոսի 6-ին տեղի ունեցաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը, Մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում՝ «Հայաստան, իրանահայութիւն, հեռանկարներ» թեմայով, որն ունէր մտքերի փոխանակման բնոյթ: Ներկաների մէջ կային նաեւ հրաւիրեալներ եւ միութեան երիտասարդ անդամներ:

  • Համբարձման դաշտահանդէս
    Համբարձման դաշտահանդէս

    Ուրբաթ, 2018 թւի մայիս 11-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան կազմակերպած Համբարձման դաշտահանդէսը մեր սիրելի հայրենակիցների մասնակցութեամբ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։