Հա

Համայնք

04/08/2018 - 14:40

Ժողովրդական հաւաք-հանդիպում՝ «Րաֆֆի» համալիրում

Ուրբաթ, օգոստոսի 3-ի առաւօտեան, «Րաֆֆի» համալիրի կենտրոնատեղիում տեղի ունեցաւ հանդիպում-ժողովրդական հաւաք՝ կապւած նոյն միութեան դատական, ինչպէս նաեւ տարածքը կապարակնքւելու խնդիրներին:

«ԱԼԻՔ» - Ուրբաթ, օգոստոսի 3-ի առաւօտեան, «Րաֆֆի» համալիրի կենտրոնատեղիում տեղի ունեցաւ հանդիպում-ժողովրդական հաւաք՝ կապւած նոյն միութեան դատական, ինչպէս նաեւ տարածքը կապարակնքւելու խնդիրներին:

Հանդիպմանը մասնակցած քաղաքամասի ժողովրդի կողքին ներկայ էին նաեւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդը՝ լիակազմ, գլխաւորութեամբ՝ ատենապետ Ռոբերտ Բեգլարեանի, քաղաքամասի ՊԺ-ի պատգամաւորներ եւ ազգային միութիւնների, ինչպէս նաեւ իրանահայ տպագիր մամուլի ներկայացուցիչներ:

«Րաֆֆի» համալիրի վարչութեան նախագահ՝ Վիգէն Մանդանին նշելով, որ հաւաքի կազմակերպիչների որոշմամբ այլ ձեւաչափ էր մտածւել այն իրականացնելու համար ներկայացնելով դատական խնդրի անցեալն ու ներկան, յայտարարեց, որ վերջին պահին որոշում ընդունւեց այն վարել հանդիպում-ժողովի տեսքով: Նա ներկաների ուշադրութեանը յանձնեց այն փաստը, համաձայն որի տարածքի սեփականատէր համարւող՝ դատը շահած կողմն արդէն մի քանի անգամ կապարակնքելու (պլոմբ) նպատակով հասցրել է տեսարան սարքել եւ անհանգստութիւն պատճառել միութենականներին: «Սա այն դէպքում, երբ պետական բարձր ատեաններից մեզ վստահեցրել էին, որ իրենք են զբաղւելու այդ խնդրով եւ, որ նման բան չի լինելու»,- ընդգծւած նշեց համալիրի վարչութեան նախագահը:

Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռոբերտ Բեգլարեանը անդրադառնալով դատական գործընթացի անցած պատմութեանը, ինչպէս նաեւ ժամանակի Թեմական խորհրդին ներկայացւած միութեան պատասխանատուների դիմումի համաձայն ծաւալւած աշխատանքները, փորձեց տեղի ունեցած հանդիպումների, նամակագրութիւնների, ինչպէս նաեւ բանակցութիւնների լոյսի ներքոյ պարզաբանել անցած ճանապարհը:

Բեգլարեանը կարեւորելով կարճ ժամանակահատւածում վճռաբեկ դատարանի կողմից հաստատւած նախորդ դատարանի որոշումը եւ այն հրապարակելուց առ այսօր իրականացւած նամակագրութիւնների եւ հանդիպումների փաստը, նշեց, որ աշխատանքները շարունակում են ընթանալ Սպորտի եւ երիտասարդութեան նախարարութեան կողմից, որպէս գործի հիմնական կողմի, միջամուխ լինելու եւ համապատասխան լուծում առաջարկելու ուղղութեամբ: Նա նաեւ նշեց քաղաքապետարանի պատասխանատուների հետ հանդիպմանը «Համալիրին» արւած առաջարկի մասին կապւած՝ միութեան տարածքը նրանց ենթակայութեան տակ եղած մարզական համալիրի հետ փոխանակելուն, ինչը Բեգլարեանի ասութեամբ, հասկանալի պատճառներով մերժւեց համալիրի վարչութեան կողմից:

Դոկտ. Կարէն Խանլարեանն իր հերթին նշելով, որ արդէն ամէն բան ասւել է իր գործընկերների կողմից եւ աւելացնելու համար քիչ բան է մնում, նկատել տւեց, որ հարցին լուծում տալու լաւագոյն տարբերակը շարունակում է մնալ պետական միջոցներից յատկացւելիք կարողութիւնը: «Վերջին հանդիպումների արդիւնքոմ հնարաւոր եղաւ պարզել, որ Թեհրանի նահանգապետարանի համապատասխան բաժնի պետը քայլեր է ձեռնարկում համաձայնութեան գալու հայցւոր կողմի հետ»,- նշելով այս մասին, պատգամաւորը յաւելեց, որ հայցւոր կողմին է առաջարկւելու համարժէք անշարժ գոյք՝ «Րաֆֆի» համալիրի կալւածի փոխարէն:

Դոկտ. Կարէն Խանլարեանը կարեւորելով միակամութեան փաստը նշեց, որ խնդիրը, ինչպէս երբ գործը բացւելիս է նշւել ողջ իրանահայ համայնքի խնդիրն է եւ այն չի սահմանափակւում, որպէս միայն «Րաֆֆի» համալիրի դէմ ծառացած հարց:

Ռոբերտ Բեգլարեանը մէջբերելով, որ նման բան կարելի էր սպասել Սպորտի եւ երիտասարդութեան նախարարութեան կողմից, նկատել տւեց, որ այս խնդիրը առաջացաւ, երբ նախարարութեան տարեկան բիւջէն արդէն իսկ յատկացւել եւ վաւերացւել էր: «Այսպիսով կարելի է ասել, որ նման նախագծերին ընդունւած ընթացակարգից դուրս յատկացւելիք գումարները կանգնելու են որոշակի բարդութիւնների առջեւ»,- նշեց նա:

Դոկտ. Ռուբիկ Սարդարեանը անդրադառնալով պետական այրերի կողմից տրւած, բայց իրականութիւն չդարձած խոստումներին, նշեց, որ պետական յատկացումների ուղղութեամբ աշխատանքների կողքին, ժամանակն է մտածել համայնքային կտրւածքով դրամահաւաքի մասին: «Կարծում եմ համայնքը դեռ գտնւում է իր կարող վիճակում, որ ունեցած կալւածների փոխանակման, ինչպէս նաեւ հաւաքագրւող օժանդակութիւնների հաշւին շարժւի հայահոծ քաղաքամասում նման միութիւն փրկելու ուղղութեամբ»,- նշեց համալիրի վարչութեան անդամը:

Հանդիպումը վերածւելով հարց-պատասխանի, դարձաւ ներկայ հասարակայնութեան մտահոգութիւնների արծարծման հարթակ: Համալիրի կապակցութեամբ բարձրաձայնւած խնդիրներում նշւեցին՝ դատական գործընթացին համալիրի փաստաբանի կատարած աշխատանքի գնահատականն ու նրա բացակայութեան փաստը, համահայկական մասշտաբով դրամահաւաք կազմակերպելու, նոյնիսկ Իրանի Իսլ. յեղափոխութեան առաջնորդին հանդիպելու եւ խնդրի կարեւորութեան մասին նրան յայտնելու առաջարկների տեսքով:

«Րաֆֆի» համալիրի վարչութիւնը խնդրեց գործին տեղեկանալու համար հետեւել համալիրի պաշտօնական լրահոսին, ինչպէս նաեւ հայկական մամուլով՝ «Ալիք»-ով ու «Յոյս»-ով հրապարակւած տեղեկատւութեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։