Print this page
14/08/2018 - 13:50

Դոկտ. Կարէն Խանլարեան. ««Րաֆֆի» համալիրի հարցում ունեցած մեր յոյսերը գործնական երանգ են ստանում»

Տեղեկացանք, որ նախորդ շաբաթւայ ընթացքում, Թեհրանի նահանգապետարանի նախաձեռնութեամբ «Րաֆֆի» համալիրի դատական խնդրին առնչակից կողմերը, ներառեալ նրանց իրաւապաշտպանները, հանդիպման հրաւիրւելով փոխհամաձայնութեան հողի վրայ, դրական առաջընթաց են գրանցել: Այս մասին է տեղեկացնում դոկտ. Կարէն Խանլարեանի հասարակութեան հետ կապերի գրասենեակը:

«ԱԼԻՔ» - Տեղեկացանք, որ նախորդ շաբաթւայ ընթացքում, Թեհրանի նահանգապետարանի նախաձեռնութեամբ «Րաֆֆի» համալիրի դատական խնդրին առնչակից կողմերը, ներառեալ նրանց իրաւապաշտպանները, հանդիպման հրաւիրւելով փոխհամաձայնութեան հողի վրայ, դրական առաջընթաց են գրանցել: Այս մասին է տեղեկացնում դոկտ. Կարէն Խանլարեանի հասարակութեան հետ կապերի գրասենեակը:

Նոյն աղբիւրի համաձայն, հանդիպմանը ներկայ է գտնւել նաեւ Թեհրանի Սպորտի եւ երիտասարդութեան հարցերով գերատեսուչ՝ պրն. Գոլմոհամմադին, ԻԻՀ խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ինչպէս նաեւ նահանգապետարանի պատասխանատուներից՝ պրն. Գուդարզին եւ մի շարք այլ պաշտօնեաներ:

Դոկտ. Կարէն Խանլարեանի հետ ունեցած մեր զրոյցից պարզեցինք, որ վերոնշւած նիստն իր տեսակի մէջ առաջինը չէր: Ինչպէս տեղեկացրել էինք մեր նախորդ համարներից մէկում, Սպորտի նախարարութեան հետ կապերի հարցով Թեհրանի նահանգապետարանի լիազօրւած անձ՝ պրն. Դաշթին, որպէս առաջին քայլ, հանդիպել է հայցւորների ներկայացուցչին ու իրաւապաշտպաններին: Արդիւնքում կողմերը վիճայարոյց կալւածի հարցում հանդիպումները շարունակելու խնդրում փոխհամաձայնութեան են եկել:

Պատգամաւորը խօսելով գրանցւած վերջին նիստի մասին, կարեւորեց այն փաստը, որ հայցւոր կողմ հանդիսացող ժառանգորդների ու նրանց իրաւապաշտպանների դիմաց, որպէս հիմնական կողմ, ներկայացւած է եղել Սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարարութիւնը: Սա կարող է խօսել այն մասին, որ պետական կառոյցները բարձրաձայնում են այն միտքը, որով կարելի է արձանագրել, որ «Րաֆֆի»-ն չէ, որ պէտք է հանդիսանայ դատական խնդրի կողմերից մէկը, եւ բնականաբար պէտք է ազատւի նաեւ համապատասխան տոյժերից:

Պատգամաւորը յաւելեց, որ իր պահանջով նախաձեռնող կողմը նիստին ներկայանալու առիթ է տւել նաեւ «Րաֆֆի» համալիրի վարչութեան նախագահին:

Հանդիպման ընթացքի եւ արդիւնքների մասին դրական արտայայտւելով՝ դոկտ. Խանլարեանը նշեց, որ ինչպէս «Րաֆֆի» համալիրում ժողովրդի հետ հանդիպմանն էր յայտարարել, շարունակելու է յոյսեր ունենալ, որ դատը շահած կողմը կը համաձայնւի պետական օղակների կողմից ներկայացւող առաջարկներին: Նա յաւելեց, որ առաջարկւած տարբերակների թւում են մէկ այլ կալւածի հետ փոխանակման գնալը կամ տարածքի գնման առաջարկը:

Պատգամաւորը նշում է, որ հանդիպման դրական ընթացքը թոյլ տւեց անցնել գործի եւ գրանցւեց համաձայնութիւն, որով կողմերից իւրաքանչիւրը ներկայացնելու է արժանահաւատ փորձագիտական միաւորի կազմած ուսումնասիրութիւնը, կապւած՝ կալւածի արժոյթը գնահատելուն: Արդիւնքներն ուսումնասիրելուց յետոյ կողմերի միջեւ տարակարծութիւնը վիճարկւելու է երրորդ՝ անկողմնակալ փորձագիտական խմբի կողմից ներկայացւող գնահատականով:

Յիշեցնենք, որ դոկտ. Կարէն Խանլարեանի նշւած այդ յայտարարութիւնը կապւած պետութեան դրական միջամտութեան մասին յոյսեր ունենալուն, մասամբ թերահաւատօրէն դիտւեց «Րաֆֆի» համալիրի վարչականներից մի քանիսի կողմից, որի մասին հրապարակաւ արտայայտութիւններ եղան նաեւ հասարակութեան առջեւ:

Խորհրդարանի իրանահայ պատգամաւորը կարեւորելով մինչեւ այս տեղի ունեցած բոլոր հանդիպումների ու բանակցութիւնների փաստը, նշեց, որ վերջին նիստի ընթացքում շեշտը դրւած էր տարածքի գործառոյթի ֆիզիկական կուլտուրայի եւ մարզական համակարգի կազմակերպական-իրաւական արձանագրւած հիմքի վրայ, ինչը թոյլ է տալիս մտածելու, որ պետական համապատասխան օղակների կողմից հարցին հետամուտ լինելու փաստը գտնւում է հարցին վերջնական լուծում տալու կամքի վրայ:

Յարակից լուրեր