Հա

Համայնք

15/08/2018

Թ.Հ.Թ. առաջնորդը դատապարտել է Թրամփի՝ հակաիրանական քայլերը

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հակաիրանական քայլերն ու յայտարարութիւնները, իրանահայ համայնքի անունից զօրակցութիւն յայտնելով Իրանի մեծ ժողովրդին:

«alikonline.ir» - Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հակաիրանական քայլերն ու յայտարարութիւնները, իրանահայ համայնքի անունից զօրակցութիւն յայտնելով Իրանի մեծ ժողովրդին:

Այս կապակցութեամբ Սրբազան Հայրը հանդէս է եկել ուղերձով, որում մասնաւորապէս նշւած է.

«Օգոստոսի առաջին շաբթւան, Միացեալ Նահանգների նախագահ՝ Թրամփը իր յարափոփոխ եւ նկարագրին յարիր յայտարարութեամբ վերահաստատեց Իրանի դէմ իր պատժամիջոցները, խորհելով որ պատժամիջոցների վերականգնումով պիտի կարողանայ ընկճել Իրանի ժողովրդի պայքարի, դիմադրականութեան եւ ստեղծագործելու կամքը։

2018 մայիսին Դոնալդ Թրամփ, հակառակ իր իսկ երկրի ժողովրդի մեծ մասի կամքի, յայտարարեց միջազգային համաձայնագրից դուրս գալու որոշումը։

Ցաւով նկատւում է, որ Դոնալդ Թրամփի գործելակերպն ու աշխատելաոճը մարդկային բարոյական ըմբռնումներից շատ հեռու է։ «Նախ Ամերիկան, կամ Ամերիկա ամէն բանէ առաջ լոզունգը» նոր օրերի ազգայնամոլական, խտրականութեան եւ այլամերժութեան մթնոլորտ է ստեղծում եւ ոտնակոխում մարդկային տարրական իրաւունքները։

Միաստւածեան բոլոր կրօնները ժողովուրդների միջեւ խաղաղութեան, սիրոյ, համերաշխութեան եւ համագործակցութեան կեանքի են առաջնորդում։ Մեծամտութեան, փառամոլութեան, ուրիշ ազգերը արհամարհելու լոզունգ է «Նախ Ամերիկան» կամ «Ամերիկա ամէն բանէ առաջ» խօսքերը։ Հակաքրիստոնէական, որով եւ հակամարդկային է նախագահ Թրամփի այս քայլը եւ մենք մեկնելով համամարդկային ու քրիստոնէական մեր սկզբունքներից խստօրէն դատապարտում ենք Ամերիկայի նախագահի այս ոչ արդարացի, հակամարդկային քայլը եւ յանուն մեր ողջ ժողովրդի, կոչ ենք ուղղում աշխարհի ղեկավարներին առաջքը առնելու նման հակամարդկային երեւոյթների։

Ուզում ենք նաեւ գնահատել Եւրոմիութեան եւ Անգլիոյ ղեկավարներին իրենց ամուր եւ հաստատ կեցւածքի համար ընդդէմ Ամերիկայի միջազգային համաձայնագրից դուրս գալու որոշումին։

Իրանն ու իրանցի ժողովուրդը, որի կեանքի պատւանդանը խարսխւած է աւելի քան երեք հազար տարիների քաղաքակրթութեան վրայ, դիմակայելու, դիմանալու է իր դէմ լարւած թակարդներին, որոնց ետին կանգնած է սիոնական պետութիւնը իր ազգայնամոլ, անմարդկային եւ այլոց իրաւունքները ոտնակոխող սկզբունքներով։

Վստահ ենք, որ խաղաղասէր ու մարդասէր հասարակութիւնը միանալու է մեզ մեր զօրակցութեան՝ Իրանի մեծ ժողովրդին եւ դատապարտութեան՝ Միացեալ Նահանգների նախագահի անմարդկային կեցւածքի մէջ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։