Print this page
11/09/2018

Ուժի, էմոցիայի, թուլութեան եւ կրքի համերաշխ պարադոկս

Ես՝ ինձ չեմ պատկերացնում առանց նրա, քանի որ ես ինքս ինձ զգում եմ հէնց՝ նրա միջոցով: Նա այլ աշխարհ է ինձ համար: Այլ կերպ ասած, նա իմ մի մասն է, առանց նրա կիսատ եմ: Նա կոչումս է, ինքս եմ` ես, Ռոմիկը, 42 ամեայ Ռոմիկ Յովհաննիսեանը:

«Ես՝ ինձ չեմ պատկերացնում առանց նրա, քանի որ ես ինքս ինձ զգում եմ հէնց՝ նրա միջոցով: Նա այլ աշխարհ է ինձ համար: Այլ կերպ ասած, նա իմ մի մասն է, առանց նրա կիսատ եմ: Նա կոչումս է, ինքս եմ` ես, Ռոմիկը, 42 ամեայ Ռոմիկ Յովհաննիսեանը:

Ինքդ քեզ հարց ես ուղղում թէ, որն է կոչումդ: Պատասխանե՞մ: Հա կասեմ: Այն չի նշանակում, որ դու կը հարստանաս: Հնարաւոր է հակառակը, որովհետեւ սիրած գործով զբաղւելը կարող է քեզ ստիպել թողնել ասեմ օրինակ, հաշւապահի աշխատանքը, որ իրականացնես քո երազանքը: Դա չի երաշխաւորում քեզ փառք, ժողովրդականութիւն: Սակայն դրա փնտրտուքներում լինելը, նոյնիսկ ոչ երկար ժամանակով, կարող է քո կեանքը դարձնել լի ու ներդաշնակ»,- ասում է գիթառների սիրահարը:

Ռոմիկ Յովհաննիսեանի գիթառային կատարողական ոճը առհասարակ բնորոշւում է, որպէս տարբեր զգացմունքների համախմբում: Նա նաեւ իր երաժշտութեան մեծ մասի հեղինակն է: Ինչպէս ինքն է խոստովանում՝ սեփական ոճի ձեւաւորման հարցում մեծ ազդեցութիւն են ունեցել լեգենդար երաժիշտներ Դանի Դէ Մորոն, Օսկար Հերերոն:

 

Ստեղծագործ մարդիկ իսկական կիրք են զգում այն գործիքների հանդէպ, որոնք օգտագործում են ստեղծական գործընթացի ժամանակ: Գրողը՝ բառով, պարողը՝ շարժումով: Ի՞նչ է գիթառը քեզ համար եւ ի՞նչ ես ստանում դու նրանից:

- Գիթառն ինձ մօտ առաջացնում է այնպիսի զգացում՝ կարծես ինձ հոսանքն է տանում: Ես դա հասկանում եմ որպէս լիակատար ազատութիւն եւ չեմ մտածում ոչ մի բանի մասին՝ ո՛չ լաւի, ո՛չ էլ վատի: Ուղղակի նւագում եմ այն ինչ զգում եմ: Էմոցիան ու զգացմունքները ինձ մօտ արտայայտւում են երաժշտութեամբ: Էմոցիոնալ պահերին ես նախընտրում եմ լռել ու նւագել: Էմոցիա, թուլութիւն, միեւնոյն ժամանակ շատ ուժ, կիրք եւ էներգիա եմ ստանում նւագելիս..:

 

Երաժշտութեամբ կլանւելը, գիթառի հետ առաջին ու ճակատագրական «հանդիպումը», ե՞րբ կայացաւ այդ ամէնը:

- Հէնց սկզբից ասեմ այս գործընթացում ինձ շատ են աջակցել ե՛ւ ընտանիքս ե՛ւ կինս: Մանկուց դաշնամուր եմ նւագել, սակայն այդ ամէնը միայն սիրողական մակարդակի էր: Գիթառ սկսել եմ նւագել 19 տարեկանից. սկզբում ինքնուս եմ եղել: Յետոյ արդէն մի քանի ուսուցիչ եմ ունեցել: Պատանեկան անցումային շրջանում էի: Երբ թէ՛ աշխարհայեացքումս, թէ՛ երաժշտական ճաշակիս, թէ՛ նախասիրութիւններիս հարցում սկսեցի իսկապէս այլ վերաբերմունք դրսեւորել: Ինչ խօսք, ասեմ, 19-ում հասկացայ, որ ես սիրում եմ գիթառը եւ, աւելին, ապրում եմ դրանով: Լսում էի իսպանական էտնիկ երաժշտութիւն եւ պարզապէս սկսեցի սիրողական նւագել՝ ինքս ինձ համար: Շուտով սիրողականը վերածւեց ապրելակերպի:

 

- Իսկ ինչ է գիթառը քեզ համար հոբի՞ թէ մասնագիտութիւն:

- Մինչ մեծանում էի, ես հաստատ չգիտէի, թէ ինչ եմ ուզում դառնալ, մեր ընտանիքում միշտ կարեւորել են երաժշտութեան դերը մարդու զարգացման գործում: Հայրիկս ֆիզիկոս էր, ես համալսարանում սովորել եմ էլեկտրոնիկա: Գիտէք, անկեղծ ասած շատ եմ զղջում, որ հէնց սկզբից չեմ կենտրոնացել երաժշտութեան վրայ: Երկար ժամանակ գիթառ նւագելուց յետոյ, անսպասելիօրէն գիտակցեցի, որ գիթառն իմ կեանքում հսկայական դեր է խաղում: Ես գիտառին վերաբերւում էի այնպէս, ինչպէս իմ կարիերային, որին պէտք էր 110 տոկոս նւիրւել: Գիթառը ինձ համար ամէն ինչ է:

Գիտէք կարեւոր չէ գործը, որ ձեր տարերքն է, ձեր հիմնական գործն է, թէ հոբին, կարեւորն այն է, որ նոյն հոբին կարող է հսկայական ազդեցութիւն ունենալ ձեր կեանքի եւ ձեզ շրջապատող մարդկանց կեանքի վրայ:

 

- Մուսաներ. նրանք ներշնչել են հանճարներին, տաղանդաւոր արւեստագէտներին, գրողներին, երաժիշտներին: Իսկ ովքեր են հէնց քո մուսաները:

- Իսպանացիները, այո՝ հէնց նրանք: Իսպանացի աշխարահռչակ գիթառիստ Պակօ Դէ Լուսիայի համերգին ահաւոր էներգետիկ զգացմունքներ ապրեցի ու ամէնից շատ հէնց նրա կատարումներն են ոգեշնչել ինձ: Իսպանիայում նաեւ մասնակցել եմ Օսկար Հերերոյի դասընթացներին: Այնտեղ եղած ժամանակ հանդիպումներ եմ ունեցել լեգենդար երաժիշտներ Վիտոր Մոնջի եւ Դանի Դէ Մորոնի հետ: Իսպանացիների գիթառը արտասովոր էներգիա ունի: Նրանց նւագած ամէն նոտա զգում ես, ապրում:

 

Ռոմիկ իսկ ինչ ես կարծում, ինչպէս է ձեւաւորւում իւրաքանչիւր երաժշտի ձեռագիրը:

- Կարծում եմ, որ երաժիշտն իր ձեռագիրը ձեւաւորում է՝ հէնց իմպրովիզների իւրայատուկ մատուցումով: Ինչպէս բոլոր երաժիշտները, այնպէս էլ ես իմպրովիզներ շատ եմ արել, ընդ որում՝ ամէն անգամ տարբեր: Ալբոմս էլ այդպէս է ձեւաւորւել: Ես այդքան էլ կրկնօրինակումների կողմնակից չեմ, քանի որ այդպիսով չես կայանայ: Շատ կարեւոր են երաժշտի ներշնչման աղբիւրները: Ես ունեցել եմ շատ ուսուցիչներ, դրանցից շատերը եկել ու գնացել են: 2008 թւականին հանդիպեցի դոկտ. Լիլի Աֆշարի հետ, նա ինձ համար դարձաւ երաժշտական աշխարհի ուղեցոյցը: Այդ մարդն ինձ համար օրինակ դարձաւ, նրա շնորհիւ ես սովորեցի ներուժ տեսնել ամէն ինչի մէջ. մարդկանց, երաժշտութեան, ամէն ինչի…: Մի խօսքով սովորեցի ամէն ինչից ստեղծել հնարաւորութիւններ, որոնք թոյլ կը տան դրսեւորել ցանկացած մարդու կամ երեւոյթի ընդունակութիւնները: Ուսուցիչս դարձաւ իմ առաջին իսկական մենթորը: Նա իր օրինակով ցուցադրում էր ուսուցչի նշանակութիւնը եւ դերն՝ ինքս ինձ գտնելու ճանապարհին: Ինձ համար այդ մարդը դարձաւ ուղեցոյց: Իմ դէպքում դոկտ. Աֆշարը հասկացաւ, որ ես կարող եմ իրականացնել իմ ներուժը միայն այն դէպքում, եթէ ամբողջ ընթացքում կենտրոնացնեմ միտքս: Մի քանի տարի յետոյ, 2013 թւականին առաջին անգամ ելոյթով ներկայացայ տասնեակ հանդիսատեսին: Դա իմ ամենամեծ յաջողութիւնն էր:  

 

- Դու արդէն ունես մէկ ալբոմ, որը կազմւած է 13 կատարումից, ունե՞ս արդեօք նոր ստեղծագործութիւններ կամ ծրագրեր:

- Իմ կարիերայի այս փուլում փորձում եմ ստեղծել սեփական ստեղծագործութիւններ, քանի որ այս կերպ կարող եմ լիովին արտայայտել այն, ինչ կայ իմ հոգում: Բացի այդ, իմ հեղինակած երգերով եւ երաժշտութեամբ ես կարող եմ որպէս երաժշտի՝ ապահովել իմ երկարակեցութիւնը:

«Սիրոյ արեւածագ» ալբոմի պատմութիւնը բոլորովին այլ է: Այն ծնւեց բաւականին հետաքրքիր հանգամանքներում: Այն իմ ապրած լաւ ու վատ օրերի ձայնն է՝ ներսի ու դրսի զգացողութիւնների միաձուլմամբ: Մի քանի ամիս յետոյ կը կայանայ իմ առաջին ալբոմի շնորհանդէսը: Շուտով հանրութեան դատին կը յանձնեմ հեղինակածս կայքը, որը նոր հնարաւորութիւն է գիթառի սիրահարների համար: Այսուհետ նրանք կը կարողանան օնլայն սովորել գիթառ նւագել:

 

- Այս ամէնը քեզ մօտ, հաւանաբար, աւելացնում է պատասխանատւութեան զգացումը: Այս ամէնից յետոյ ինչ ես փորձելու անել:

- Այո, հէնց այդպէս է: Ես փորձելու եմ իսկական երաժշտութիւնը կենդանի պահել, կենդանի պահել ստեղծել ու արարել իմ հոգուց ծնւած երաժշտութիւնը, եթէ դա յաջողւի ինձ, արդէն շատ մեծ բան է ինձ համար:

 

Յ. Գ. Մարդու ստեղծագործութեան ուժը տեսանելի է ամենուր՝ հագուստներում, որոնք կրում է, ֆիլմերում, որոնք դիտում է, կամ էլ երաժշտութեան մէջ, որը լսում է: Սակայն, ստեղծագործութեան իրական ուժը, ինչպէս նաեւ մարդու ներուժի իրական բացայայտումը, այն ժամանակ է տեղի ունենում, երբ սկսում է ապրել իր տարերքով եւ արարում է: Ռոմիկին յաջողւել է գտնել իր գոյութեան ամենադինամիկ ու ներդաշնակ ձեւը, ուր կեանքի տարբեր կողմերը անջատւած չեն խուլ պատերով, այլ, ընդհակառակը, միացել են իր իսկ ստեղծագործութեան ներդաշնակ երաժշտութեամբ:

Նրա կոչման փնտրտուքների իսկական մեկնարկը տրւեց իր մենթորների հետ հանդիպման առաջին իսկ ակնթարթից: Նախ՝ Պակօ Դէ Լուսիա, յետոյ էլ Լիլի Աֆշար: Նրանք Ռոմիկին ցոյց տւեցին երաժշտութեան օրհնւած աղբիւրը, որը գտնւում էր նրա հոգու խորքում եւ մտքում: Մենթորները, ստեղծագործ հոգու համար առաջին ակնթարթից յաւերժութիւն տանող ճանապարհն են լուսաւորում, կամ էլ հետաքրքրութեան կայծերն է բորբոքում մինչ վրայ կը հասնի իրական կիրքը:

Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Յարակից լուրեր