Հա

Համայնք

10/10/2018 - 14:40

Տնտեսական ճգնաժամը եւ առանց այդ էլ «բաց»-ով փակւող մեր բիւջէն

Հանդիպումների երկրորդ օրը, երէկ, երեքշաբթի, տեղի ունեցաւ «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում, որտեղ Սասուն քաղաքամասի բնակիչներն առիթ ունեցան դէմ առ դէմ, կամ ինչպէս դահլիճից հնչեց՝ եռակողմ հանդիպմանը լսելու Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների ծաւալած գործունէութեան մասին:

Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողով եւ Թեմական խորհուրդ-ժողովուրդ հանդիպում

 

«ԱԼԻՔ» - Ինչպէս թերթիս երէկւայ համարում էինք տեղեկացրել, շարունակւում են երեք քաղաքամասերի հայրենակիցների հետ ազգային իշխանութեան ներկայացուցիչների դէմ առ դէմ հանդիպումը:

Հանդիպումների երկրորդ օրը, երէկ, երեքշաբթի, տեղի ունեցաւ «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում, որտեղ Սասուն քաղաքամասի բնակիչներն առիթ ունեցան դէմ առ դէմ, կամ ինչպէս դահլիճից հնչեց՝ եռակողմ հանդիպմանը լսելու Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների ծաւալած գործունէութեան մասին:

Հանդիպումը վարում էր ՊԺ-ի դիւանի փոխատենապետ Արմէն Հայրապետեանը: Հանդիպման մեկնարկային բաժնում քաղաքամասի պատգամաւորների միջոցով լսարանին փոխանցւեց կրթօջախների ու թւով 1878 աշակերտներին ընդունած դպրոցների, Թեհրանի 7 եկեղեցիների ու գործող 4 մատուռի, «Աւետիսեան» բուժարանի դէմ ծառացած խնդիրների, Նոր Բուրաստանի, «Արտակ Մանուկեան» թանգարանի, ինչպէս նաեւ ԿՕՄ-ի ֆինանսական իրավիճակի ու վարչական աշխատանքային հեռանկարների մասին արձանագրութիւն:

Հանդիպմանը ներկայացւած արձանագրութիւնը կրում էր նաեւ համայնքային անելիքներն ու մարտահրաւէրների գծով ծրագիր ու հեռանկարներ ուրւագծող հայեցակարգի գլուխ: Այս ուղղւածութեան վրայ էլ կառուցեց իր ելոյթը Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը:

Պրն. Բեգլարեանը վիճակագրական տւեալների հրապարակմամբ իւրաքանչիւր ոլորտի վերաբերեալ ներկայացրեց գումարային ելքի ու մուտքերի արձանագրւած թւային պատկերը: Թեմական խորհրդի ատենապետի ասութեամբ ազգային իշխանութիւնը (1396-ին) տարին փակել է շուրջ երկուսուկէս միլիարդը (թուման) գերազանցած բացով:

ՊԺ-ի դիւանի նախագահ Ժոզէֆ Մեհրաբեանն իր հերթին նշեց, որ հրապարակւող վիճակագրութիւնն ու բիւջետային պատկերը շուրջ 18 ամիս առաջւանն են, ինչը հաշւի առնելով երկրում առկայ տնտեսական ճգնաժամը, հաւանական է զգալի փոփոխութիւն կրած լինի: Նա յաւելեց. «Ինչպէս նկատեցիք, ներկայացւած տւեալներն ու ծրագրային դրոյթները խօսում են դէպի առաջ նայողի ու առաջնորդողի հայեացքների էութեան մասին: Եւ իհարկէ, որ այս բեմից նպատակ չունենք ասելու, որ ամէն բան շատ լաւ է ու խնդիրներ չենք ունենալու, այլ փորձում ենք առաջնորդւել ծագած խնդիրներին լուծումներ գտնելու ուղղւածութեամբ»:

Ռոբերտ Բեգլարեանը այս մասին նշեց, որ Թեմական խորհուրդը մշակել եւ իրականացմանն էր պատրաստել հայեցակարգային վեցամսեայ մի ծրագիր, ինչը սակայն ծագած որոշ վարչական խնդիրների բերումով շարունակում է մնալ կախեալ վիճակում:

Նա բիւջետային արձանագրութիւններում բոլոր ոլորտներում գրանցւած մուտքագրւած գումարի մասին խօսելով, իր ելոյթում ներկայացրեց կլորացրած թւի հանրագումարը, ինչն ըստ պրն. Բեգլարեանի՝ կազմում է առաւել քան տասը միլիարդը (թուման): Իսկ ծախսերի ու դուրս գրւած գումարների մասին, նա նշեց, որ այն աւելի քան երկու միլիարդ 700 միլիոն թումանով գերազանցում է մուտքագրւածի չափերին: «Այդ ահռելի բացը մենք փորձում ենք ծածկել կատարած տարբեր աշխատանքներով: Իհարկէ, ինչպէս նշւեց, սրանք 1396-ի տւեալներն են: Նորը դեռ պիտի հաշւարկւի ու արձանագրութիւն կազմւի դրա մասին»,- յաւելեց նա:

Նա պատասխանելով հանդիպմանը ներկայ՝ օրաթերթիս լրագրողի հարցին, թէ ինչո՞ւ նման վիճակագրական տւեալները պարբերաբար չեն տրամադրւում մամուլին, որպէսզի հանրութեան սեփականութիւնը դառնայ, նշեց, որ պատրաստ է համապատասխան զեկուցագիրը պարբերաբար հանրութեանը ներկայացնել հէնց տպագիր մամուլի օգնութեամբ:

Օրւայ օրակարգային թեմաների կողքին շօշափւեց նաեւ քաղաքամասի բնակիչներին եւ առհասարակ համայնքին յուզող «Րաֆֆի» համալիրի կալւածայինին առնչւող դատական հարցը, ինչի մասին խօսելով պատգամաւորներից՝ դոկտ. Սարդարեանը նշեց, որ գործը նահանգապետարան անմիջականօրէն մուտք գործելուց յետոյ, այն յայտնւել է յուսալի ուղղութեան վրայ, որի համար նա շնորհակալութիւն յայտնեց բոլոր նրանց, ովքեր սատար են հանդիսանում. այդ թւում յատուկ կարեւորելով Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանին, ազգային իշխանութեանը, եւ պրն. Բեգլարեանին:

Հանդիպումն անցաւ բուն էութեանը, երբ նախաձեռնող կողմը խնդրեց՝ ներկայ ժողովուրդը բարձրաձայնի իրեն յուզող հարցերն ու խնդիրները:

Համալսարանի դասախօս Քարմէն Ազարեանը արծարծեց դպրոցների ընդհ. իրավիճակին, հայեցի դաստիարակութեան վերաբերեալ քադրեր պատրաստելու եւ հեռանկարի բացակայութեան մասին:

Հայրենակիցներից՝ Հայրիկ Շահբազեանը անդրադարձաւ Հայաստանում թեմապատկան հողամասի վերաբերեալ որեւէ ծրագիր մշակելու եւ ծառայեցնելու մեր երիտասարդութեանը....

Այսպիսով «բեմին» ուղղւած հարցերը կրելով բազմաոլորտ բնոյթ, պատգամաւորներին ստիպեց յատուկ ուշադրութեամբ հետեւել արծարծւած մտքերին, այդ թւում հայոց դպրոցների կրթամակարդակը բարելաւելուն, կամ նոյնիսկ դպրոցների քանակը աշակերտութեան թւին համապատասխանեցնելու կարեւորութեան, ուսուցիչների վերապատրաստման կարեւոր ծրագրի շարունակումը՝ հիմնւելով տեղական փորձագէտների ու համալսարանի դասախօսների վրայ (որն ըստ էութեան արտարժոյթի տատանումների ու ծախսատար լինելու բերումով կանգնած է չեղարկւելու սեմին: Սա այն դէպքում, երբ առաջարկող անձն պատրաստակամութիւն յայտնեց ինքնակամ սատարելու ծրագրի իրականացմանը), ինչպէս նաեւ բուժարանի մոջոցով իրականացւող 65-ից վեր տարիքայինին տրամադրւող նպաստ ծրագրի վերանայման անհրաժեշտութեան խնդիրը, ինչը առաջարկողի ասութեամբ՝ հնարաւոր կը դարձնի գումարը ծախսել առաւել նպատակային, յատկապէս, երբ ոչ բոլորն են, որ նման աւանսների կարիքն ունեն, միաժամանակ գիտակցելով, որ դրանով բեռ են դառնում միւսների ուսերին: Բուժարանի կապակցութեամբ արձանագրութեան մէջ նշւած էր, որ ծախսերի առումով արձանագրւել է բաց, ինչի վերաբերեալ բուժարանի Խնամակալ մարմնի անունից խօսք խնդրելով պրն. Ժորժ Հայրապետեանը պարզաբանումներ տալով «բաց»-ի վերաբերեալ նշեց, որ բուժարանի սուբսիդաւորման խնդիրը պէտք է տեսնել բարձրակարգ մասնագէտներին բուժարանի ցուցակում ընդգրկած պահելու փաստի հետ մէկտեղ: Նա օրինակ նշելով՝ արձանագրեց, որ եթէ քաղաքամասում միակ բարձրակարգ օրտոպեդ, կամ նոյն կարգի սրտաբան կայ, ապա դա բուժարանի շնորհիւ է հնարաւոր դարձել: «Եւ նրանք բուժարան մուտք գործած իւրաքանչիւր պահի դիմաց ստանում են շատ աւելի բարձր գումարներ, քան միւսների դէպքում է: Մենք յանուն լաւագոյնի պատրաստ ենք գնալ նման սուբսիդաւորումների»,- ներկայացնելով որոշակի գումարային պատկեր, յաւելեց նա:

Հանդիպմանը վերոնշեալ հարցերի կողքին արծարծւեց նաեւ կալւածային ու շինարարական աշխատանքների մասին, որտեղ պրն. Մեհրաբեանը յայտարարեց, որ Վահիդիէի կալւածում մէկամեայ սառեցւած վիճակից դուրս գալով վերսկսւում է շինարարական աշխատանքները, ինչպէս նաեւ օրակարգում է դիատար մեքենայի գնման հարցը, որն օգտագործւելու է Նոր Բուրաստանի տարածքում հանգուցեալներին հողին յանձնելու գործը համակարգելու նպատակով: Խօսւեց նաեւ կրթական ոլորտում ունեցած ծրագրերի ու հեռանկարների շուրջ, որտեղ ՊԺ–ի դիւանապետը նշեց, որ եթէ հնարաւոր լինէր միայն հայոց դպրոցը լքած աշակերտութեան 50 տոկոսին վերադարձնել հայկական կրթօջախ, ապա հնարաւոր կը լինէր եւս 10 տարի ապահոված տեսնէինք մեր բոլոր դպրոցներում աշխատանքը շարունակելու առիթը, ինչը սակայն չարժանացաւ լուրջ վերաբերմունքի: «Ներկայ պայմաններում, այլ ելք չի մնում, մնում է մտածել աշակերտների թւին համապատասխանեցնել մեր դպրոցների քանակը, ինչով հնարաւորութիւն կը ստեղծւի նաեւ աւելորդ ծախսերից խուսափելու կողքին մտածել նաեւ ուսուցչական կազմի աշխատավարձը բարձրացնելու մասին»,-հանդիպման աւարտից առաջ նշեցին պատասխանատուները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։