Հա

Համայնք

12/01/2019 - 09:50

Հոջ. Իւնեսիի շնորհաւորական այցելութիւնը ազգային առաջնորդարան

Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, երեքշաբթի յունւարի 8-ին ազգային առաջնորդարան է այցելել ազգութիւնների եւ կրօնական փոքրամասնութիւնների հարցերով Հանրապետութեան նախագահի նախկին յատուկ օգնական հոջ. Ալի Իւնեսին:

Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, երեքշաբթի յունւարի 8-ին ազգային առաջնորդարան է այցելել ազգութիւնների եւ կրօնական փոքրամասնութիւնների հարցերով Հանրապետութեան նախագահի նախկին յատուկ օգնական հոջ. Ալի Իւնեսին: 

Հանդիպման ժամանակ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ասաց. «Տօները միմեանց շնորհաւորելու եւ խաղաղութեան, բարօրութեան ու անդորրի համար աղօթելու յարմար առիթ են: Թէ Նոր տարւայ գիշեր եւ թէ Ս. Ծննդեան տօնին, նաեւ իմ քարոզներում յիշել եմ յեղափոխութեան մեծարգոյ առաջնորդին և երկրի միւս պատասխանատուներին և Աստծուն աղօթել եմ, որպէսզի յանուն երկրի բարօրութեան մեզ բոլորիս առաւել խոհեմութիւն ու իմաստնութիւն պարգեւի»: 

«Գիտեմ, որ այսօր ծանր պայմաններ ենք դիմագրաւում եւ աշխարհն ընդհանրապէս անհանդարտ վիճակում է գտնւում և կարծես թէ մարդիկ հեռացել են Աստծուց: Հետեւաբար մենք մեր աղօթքներում բարձրեալն Աստծուց հայցում ենք, որպէսզի մեր սրտերը լուսաւորի սիրով, բարեկամութեամբ, արդարութեամբ ու խաղաղութեամբ: Անկասկած աշխարհն առանց անդորրի ու խաղաղութեան ունայն է լինելու: Հետեւաբար բոլորս ձեռք-ձեռքի տւած պիտի աշխատենք յանուն համաշխարհային խաղաղութեան»,- յաւելեց Սրբազան Հայրը: 

Թեհրանի հայոց թեմի առաջնորդն ընդգծեց. «Այս խաղաղութիւնն ու անդորրը նախ պիտի մեր սրտերում հաստատւի եւ մենք դա պիտի տարածենք մեր սրտերում, հաշտւենք Աստծոյ հետ, որպէսզի կարողանանք իրագործել մեր պարտականութիւններն ու նպատակները և քայլել խաղաղութեան ու համերաշխութեան ճամբով: Որպէս միաստւածային կրօնների հետեւորդներ բնական է, որ բոլորս էլ խաղաղութիւնն ու անդորր են փափագում»: 

Հանդիպման ժամանակ հոջ. Իւնեսին ասաց. «Իմ եւ Հանրապետութեան նախագահի անունից կրկին Ձեզ և իրանահայութեանը շնորհաւորում եմ Նոր տարին եւ ուրախ եմ յիշատակելու այն կարեւոր կէտը, որ արտաքին խաղաղութեան արմատն ու ակունքը մարդու ներքին խաղաղութիւնն է: Սա ճշմարտութիւն է, որ ամենալաւ կերպով ներկայացւել է մեր կրօնական ուսուցումներում, նաեւ մեր միստիկների, մասնաւորապէս Մոլանայի կողմից»: 

«Մոլանան ամենագեղեցիկ կերպով ընդգծում է, որ մարդիկ նախ պիտի հաշտւեն իրենց հետ, ճանաչեն իրենց ու դրանից յետոյ է, որ կարող են հաշտւել Աստծոյ հետ: Բոլոր մարգարէների ընդհանուր նպատակը եղել է անդորրը, խաղաղութիւնը, սէրն ու բարութիւնը և Աստծոյ պաշտամունքը: Այսօր ողջ մարդկութիւնն ամէն ինչից առաւել սրան կարիք ունի: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որի մի բաժինը դժբախտաբար այրւում է պատերազմում ու այս միջոցին ամենավատ պայմաններում գտնւում են Եմէնի ու Սիրիայի քաղաքացիները»,- յայտարարեց հոջ. Իւնեսին: 

«Յիսուս Քրիստոսն Իրանում համարւում է թէ մուսուլման եւ թէ ոչ-մուսուլման իրանցիների կողմից ամենամեծ համակրանքը վայելող անձը եւ Ղուրանն անգամներ գովեստով է անդրադարձել այն հոգեւորականներին որոնք ներկայացնում են Քրիստոսի ուղին եւ նրանց յիշատակել է որպէս բարի ու մարդասէր գիտնականներ: Ուրախ եմ, որ այսօր Իրանի պատւոյ քաղաքացիներից և քրիստոնեայ առաջնորդներից էք համարւում»,- եզրակացրեց հոջ. Իւնեսին: 

Վերջում Առաջնորդ Սրբազանն իր ջերմ ողջոյնները փոխանցէք Հանրապետութեան նախագահին եւ Իրանի կառավարութեանը և յաւելեց՝ «Բնականաբար մենք հետեւում ենք նախագահի եւ կառավարութեան աշխատանքին եւ գիտենք, որ տնտեսական բաժնում ծանր շրջան ենք դիմագրաւում: Բայց այս օրերն անցնելու են: Աշխարհը շուրջ 10 տարի առաջ էլ տնտեսական ճգնաժամ ապրեց, սակայն համաշխարհային առաջնորդների միասնականութիւնը օգնեց յաղթահարել այդ դժւարութիւնը: Մենք էլ մեր երկրի ղեկավարների ու պատասխանատուների միասնականութեամբ յաղթահարելու ենք այս ճգնաժամը»: 

Հանդիպման ներկայ էին առաջնորդի օգնական՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի Ա եւ Բ ատենապետները եւ առաջնորդարանի դիւանապետը: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։