Հա

Համայնք

26/02/2019 - 14:35

ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը «Ալիք»-ին տւած հարցազրոյցում. «Յուսով ենք, որ ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գօտու ստեղծման համաձայնագրի ընդունումը նոր դուռ կը բացի երկկողմ տնտեսական համագործակցութեան խորացման համար»

Իրանի Իսլ. Հանրապետութիւն սպասւող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այցի կապակցութեամբ, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը պատասխանել է «Ալիք»-ի հարցերին:

«ԱԼԻՔ» - Իրանի Իսլ. Հանրապետութիւն սպասւող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այցի կապակցութեամբ, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը պատասխանել է «Ալիք»-ի հարցերին:

Պրն. Թումանեանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետին այցի ընթացքում ընկերակցող նախարարների կողքին ներկայ են լինելու նաեւ խորհրդարանական խմբակցութիւնների անդամ պատգամաւորներ:

ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանը պատասխանել է սպասւող հանդիպումների, ինչպէս նաեւ նախօրէին հրապարակւած Իրանի ԱԳՆ-ի (արդէն նախկին) Զարիֆի հրաժարականի մասին հարցերին:

 

Հ.- Պարո՛ն Թումանեան, Իրանի ԱԳ նախարարի հրաժարականի մասին լուրը, որը հրապարակւեց նախքան ՀՀ վարչապետի՝ Իրան կատարելիք այցը, արդեօ՞ք իր բացասական ազդեցութիւնը կարող է թողնել անցկացւելիք բանակցութիւնների վրայ:

Պ.- ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հրաժարականն Իրանի ներքին գործն է: Հայկական կողմը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այցի հետ կապւած ծրագրւած միջոցառումները շարունակելու է իրականացնել բնականոն կերպով: Այլ բան չեմ կարող ասել:

 

Հ.- Ի՞նչ ոլորտի նախարարներ են ընդգրկւած ՀՀ վարչապետի գլխաւորած պատւիրակութեան կազմում, եւ որո՞նք են բանակցութիւնների ընթացքում քննարկւելիք օրակարգային հարցերը:

Պ.- ՀՀ վարչապետի գլխաւորած պատւիրակութեան կազմում լինելու են ԱԳ, էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների, տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարները: Պատւիրակութեան կազմում են նաեւ խորհրդարանական խմբակցութիւնների անդամ պատգամաւորներ:

Բանակցութիւնների օրակարգն ունի երկկողմ յարաբերութիւններին առնչւող հարցերի լայն շրջանակ՝ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլն:

 

Հ.- Իրան-Հայաստան դիւանագիտական յարաբերութիւններն ունեն բարձր մակարդակ, եւ բարձրաստիճան պաշտօնեաների փոխայցերն աւելի են խթանում այդ յարաբերութիւնների զարգացմանը, որը, կարծես, չի ազդում տնտեսական ոլորտի վրայ: Ի՞նչ կասէք այդ կապակցութեամբ:

Պ.- Այո՛, քաղաքական յարաբերութիւններում կնճռոտ խնդիրներ չեն առաջացել: Լաւ համագործակցութիւն կայ նաեւ միջազգային կառոյցների շրջանակներում:

Ինչ վերաբերում է տնտեսական խնդիրներին, պէտք է նշել, որ համագործակցութիւնը գազի եւ էներգետիկայի ոլորտում զարգանում է բնականոն ճանապարհով: Առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների առնչութեամբ կարող եմ ասել, որ դրանք իսկապէս աչքի չեն ընկնում իրենց բարձր ցուցանիշերով: Յուսով ենք, որ ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գօտու ստեղծման համաձայնագրի ընդունումից յետոյ նոր հնարաւորութիւններ կը բացւեն տնտեսական համագործակցութեան խորացման համար:

Ինքնին հասկանալի է, որ ՀՀ վարչապետի այցի շրջանակներում կը քննարկւեն նաեւ երկկողմ տնտեսական յարաբերութիւնների զարգացման հարցերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։