Հա

Համայնք

05/03/2019 - 14:10

Ս. Թարգմանչաց եկեղեցու քահանայ հայր Տ. Կոմիտաս աւագ քահանայի գլխաւորութեամբ՝ Կանանց եկեղեցասէր միութեան անդամուհիները՝ «Ալիք»-ի յարկի տակ

2019-ը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կողմից Մամլոյ տարի հռչակւելու առիթով «Ալիք»-ը իր բաց դռների շրջագծում երէկ հիւրընկալեց Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու քհնյ. Տ. Կոմիտաս աւագ քահանայի գլխաւորութեամբ Կանանց եկեղեցասէր միութեան անդամուհիներին:

«ԱԼԻՔ» - 2019-ը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կողմից Մամլոյ տարի հռչակւելու առիթով «Ալիք»-ը իր բաց դռների շրջագծում երէկ հիւրընկալեց Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու քհնյ. Տ. Կոմիտաս աւագ քահանայի գլխաւորութեամբ Կանանց եկեղեցասէր միութեան անդամուհիներին:

Հիւրերին պաշտօնապէս դիմաւորելով «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, իր գնահատանքի եւ ողջոյնի խօսքն ուղղեց հիւրերին եւ ընդգծեց, որ որպէս հայ մամուլ երախտապարտ ենք ձեր աշխատանքների հանդէպ եւ կարեւորեց այն հանգամանքը, որ մեր հոգեւոր շունչը ազգայինով շաղախւած միշտ փոխանցւել է մեր ժողովրդին եւ հոգեւոր ու ազգայինը անբաժանելի գործօններ համարեց: Գլխաւոր խմբագիրը միութեան անդամուհիներին ուղղած խօսքում կարեւորեց փոխգործակցութեան հանգամանքը, նշելով, որ օրաթերթը լինելով համայնքի իրադարձութիւնները արտացոլողը, ցանկանում է իր էջերում տեսնել այն իրադարձութիւնները, որոնք իրականանում են համայնքային կեանքում եւ որոնց մասին միութիւնները կարող են նոյնիսկ մի քանի տողով իրազեկել օրաթերթին, որը կարտացոլի համայնքի աշխուժութիւնը, ոչ միայն Իրանում, այլեւ հայաշխարհում:

Ընթացքում միութեան նախագահուհի Շաքէ Ղազարեանը, շնորհաւորելով Հայ մամուլի տարին, անդրադարձաւ մամուլի եւ յատկապէս հայ մամուլի անժխտելի դերակատարութեանը համայնքի կեանքում եւ ակնածանքով խօսեց հայ մամուլի վետերանների յիշատակի մասին:

Տ. Կոմիտաս աւագ քհնյ. Ղարախանեանը իր օրհնանքի խօսքն ուղղելով նշեց. «Հայ ժողովուրդը ուր որ եղել է, կառուցել է իր հոգեւոր սրբատեղիները: Ահաւասիկ «Ալիք» հաստատութիւնը 88 տարի եղել է այդ եկեղեցիներից մէկը, որը իր հոգեւոր եւ ազգային ծառայութիւնն է բերել ժողովրդին լուսաբանելով, ժողովրդին առաջնորդելով, ժողովրդին ճշմարտութիւնները փոխանցելով»: Նա նաեւ կարեւորութեամբ նշեց, որ Իրանում Շմաւոն Շմաւոնեան քահանան առաջին անգամը թերթ է հրատարակել հայերէնով: Նա յոյս յայտնեց, որ «Ալիք»-ը կը գոյատեւի այնքան ժամանակ, մինչեւ արտացոլի հայ ժողովրդի գերագոյն իղձերի իրականացումը:

Վերջում ներկաները կարեւոր համարեցին հայահոծ քաղաքամասերում «Ալիք»-ի կողմից ժողովրդի հետ հանդիպումները, որը լաւագոյն միջոցն է մտքերի եւ նորանոր առաջարկութիւնների փոխանակման համար, եւ առաջարկը օրաթերթի կողմից իր դրական արձագանգը ստացաւ:

Հիւրերը այցելեցին «Ալիք»-ի զանազան բաժիններ, ծանօթանալով օրաթերթի տպագրման եւ լոյս ընծայման աշխատանքներին, որոնց մասին բացատրութիւն էր փոխանցում «Ալիք»-ի ներքին գործավար Արգիշտի Թովմասեանը: Հիւրերը ծանօթացան նաեւ «Ալիք» կայքէջի աշխատանքներին, որի մասին բացատրութիւններ փոխանցեց կայքէջի պատասխանատու Արամ Շահնազարեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։