Հա

Համայնք

07/04/2019 - 14:20

Մայրութեան խորհուրդը

Արարիչն Աստւած իր ստեղծագործութեան փառքն ու պսակը եղող կինը՝ մայրը արարեց ու այն սրբագործեց նրա որովայնը դարձնելով իրեն համար ժամանակաւոր բնակարան, որից մի օր հրեշտականման մանկան կերպարով պիտի ժպտար աշխարհին։ Ժպիտն այդ անմեղ ու անարատ պիտի լինէր կեանք, դէպի յաւերժութիւն ընթացող կեանքի ընթացք։

Մայրերի օրւայ առիթով

 

Արարիչն Աստւած իր ստեղծագործութեան փառքն ու պսակը եղող կինը՝ մայրը արարեց ու այն սրբագործեց նրա որովայնը դարձնելով իրեն համար ժամանակաւոր բնակարան, որից մի օր հրեշտականման մանկան կերպարով պիտի ժպտար աշխարհին։ Ժպիտն այդ անմեղ ու անարատ պիտի լինէր կեանք, դէպի յաւերժութիւն ընթացող կեանքի ընթացք։

Ահա խորհուրդը Աստւածամօր Աւետման տօնին, որին մեր ժողովուրդը վերջին տասնամեակներին նւիրագործեց իբրեւ մայրութեան տօն։

Աւետման տօնը քրիստոնէական եկեղեցու ամենաիմաստալից տօներից մէկն է, որովհետեւ այդ, Աստծու առ մարդ ունեցած սիրոյ արտայայտութիւնն է եւ միաժամանակ գուրգուրանքի եւ օրհնաբաշխ շնորհքի հեղման տօնն է, այլ խօսքով «անարատ ու անբասիր էակի» մայրերի մայրութեան խորհրդով օծուն տօնն է։

Մայրութիւնը երկրաւոր աստւածութիւն է, որի սկիզբն ու վախճանը երկնային աստւածութեան մէջ է։ Ահա թէ ինչու սրբազան շարականագիրը երգում է.-

Անճառելի խորհուրդը՝

Ծածկւած ազգերից ի սկզբանէ

Այսօր յայտնւեց հրեշտակապետի իջմամբ

Կոյս Մարիամի մօտ…

* * *

Անժամանակ Հօրից

Եւ անմարմին ծոցածին ծնունդը,

Այսօր Գաբրիէլի աւետումով

Մարմնանում է Սուրբ Կոյսից…

Եւ այսպէս սրբացեալ մայրութեան խորհուրդը պարուրեց կին-մայրը նրան փոխակերպելով երկնաւոր Հօր՝ Աստծու գործակիցը երկրի վրայ։ Կինը որպէս սքանչելի մայր, անկեղծ ու հարազատ ընկեր, սքանչելի աղջիկ, հիասքանչ քոյր, հանդիսանում է Աստծուց մարդուն տրւած գեղեցկագոյն եւ անփոխարինելի նւէրը։ Մի էակ, որ իր կեանքի գնով կեանք է տալիս։

Այո՛, հայ մայրը իր ողջ կեանքում հանդիսացել է տաճար Ս. Հոգու, բնակարան առաքինութիւնների, համբերատար էակ, իր որդւոց կեանքի հայելի, հայոց լեզւի, հաւատքի, պատմութեան, լոյսի բաշխիչ, հայրենասիրութեան, զոհողութեան ու նւիրումի անգնահատելի ուղեցոյց, քաջութեան, հերոսութեան, պայքարի ոգու անխորտակ միջնաբերդ եւ ի վերայ այսր ամենայն աննման մայր, որը արժանացել է հայ բանաստեղծի, բանաստեղծների գովասանքի եւ ներշնչումի ու ստեղծագործութեան այնպիսի աղբիւրի, որի զուլալ ու ջինջ ակունքներից ըմպեցին մեր սերունդները ու փոխակերպւեցին Վարդանների, Վահանների, Խորենացիների, Նարեկացիների մերօրեայ հերոսների ու անմահանուն ֆիդայիների, որոնց հերոսութեան վայելքը ազատ ու անկախ Հայաստանն ու ազատ ու անկախ Արցախը ըմբոշխնում է ողջ հայութիւնը։

Հայ մայրը դարերով եղել է հայրենիք, հայրական օջախ, որի շեմին տարիներով նստած կարօտաբարձ աչքերով սպասում էր իր պանդուխտ զաւակին, որ մի պատառ հացի եւ ընտանիքի գոյատեւման համար պանդխտութեան էր գնացել։

Հայ մայրը եղել է անխորտակ մի ամրոց, որտեղ պահւել ու պահպանւել է ազգի ամենաթանկ գանձերը՝ լեզուն, հաւատն ու սէրը առ հայրենիք ու ընտանիք եւ ընտանեկան սրբութիւն։

Հայ մայրը հակառակ զրկանքներով, տանջանքով լի իր կեանքին, ծնունդ է տւել ու իր ծոցում սնուցել հերոսներ, որոնց օրօրեց ազատութեան երգերով պայքարի ոգի ներշնչելով նրանց։

Հայ մայրը մոխիրների ու կոտորածների միջից յարութիւն առած, բանաստեղծի բառերով.-

Եւ գոյատեւման մի սուրբ հաւատով,

Երկունքը ցաւով միայն հայկական,

Նորից զարկեցին ծնկները գետնին,

Ծնեցին հայոց նոր աստւածներին

…………………………………

Որոնք մեծացան վայրկեան առ վայրկեան

Ու հսկայացան

Եւ արարչագործ ձեռքով բարի,

Կերտեցին նորից իրենց պապերի

Հաւատին վայել մի հրաշք-տաճար,

Մի յաւերժական Հայաստան աշխարհ.

…………………………………………

Այսօր էլ,

Քայլում են նորից մայրերը հայոց,

Գրկած սեւաչեայ մանուկ Աստւածներ

…………………………

Որոնք մայրերի գրկից իջնում,

Քայլում են թեթեւ,

Քայլում են հաստատ

Ու պիտի քայլեն

Իրենց պապերի ոտնահետքով։

Պիտի քայլեն հզօր քայլերով,

Պիտի քայլեն երթով յաղթական,

Եւ պիտի քայլեն դէպի Արարատ

Լեռ յաւերժական տանող ճամբէքով

                                                                  (Ռոզա Պետրոսեան)

 

Սա է եղել կոչումն ու առաքելութիւնը հայ մօր եւ հաւատում եմ, որ սա այսօր էլ է եւ ապագային էլ լինելու տեսիլքը հայ մօր, որին մի անգամ էլ բիւր ողջոյն ու խոնարհ երախտագիտութեամբ օծուն ջերմ համբոյր։

Տօնդ շնորհաւոր աննման մայր, սրբութիւն սրբոց մայր։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

7 ապրիլի 2019

Թեհրան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։