Հա

Համայնք

18/05/2019 - 16:40

«ՀՈՒՍԿ» հաստատութեան եւ Կրթական խորհրդի համատեղ նախաձեռնութեամբ ցուցահանդէս՝ մասնակցութեամբ աւելի քան 160 աշակերտների

«Ցեղասպանութեան նահատակների յիշատակին աշխատանք պատրաստած պատանու կամ մանկան անհատականութեան մէջ դրոշմւելու է ինքնութեան եւ պահանջատիրութեան ոգու երանգը»,-իր օրհնանքի խօսքում նշեց Սրբազան Հայրը աշակերտական նկարչութիւնների ու ձեռարւեստի ցացահանդէսի գնահատագրերի բաշխման երեկոյին, միաժամանակ բարձր գնահատելով Կրթական խորհրդի եւ «ՀՈՒՍԿ» հաստատութեան համատեղ կազմակերպած նախագիծը:

Հայոց Ցեղասպանութիւնը եւ պահանջատիրութիւնը մատաղ սերնդի պատկերացումներով

 

«ԱԼԻՔ» - «Ցեղասպանութեան նահատակների յիշատակին աշխատանք պատրաստած պատանու կամ մանկան անհատականութեան մէջ դրոշմւելու է ինքնութեան եւ պահանջատիրութեան ոգու երանգը»,-իր օրհնանքի խօսքում նշեց Սրբազան Հայրը աշակերտական նկարչութիւնների ու ձեռարւեստի ցացահանդէսի գնահատագրերի բաշխման երեկոյին, միաժամանակ բարձր գնահատելով Կրթական խորհրդի եւ «ՀՈՒՍԿ» հաստատութեան համատեղ կազմակերպած նախագիծը:

Մէկօրեայ այս ցուցահանդէսը տեղի ունեցաւ Հ. Ուս. «Չհարմահալ» միութիւնում, որտեղ ցուցադրութեան էին հանւել շուրջ 62 նկարչական աշխատանքներ: Այս մասին պատմելով ցուցահանդէսի ընդ. պատասխանատու՝ Հայնուշ Աբնուսեանը նշեց, որ նկարչութիւնների կողքին ցուցադրւում են նաեւ թւով 45 ձեռքի աշխատանքներ՝ Ծիծեռնակաբերդի մակետներից սկսած, վերջացրած խաչքարերի կրկնօրինակներով, որոնք պատրաստւել են բնօրինակների լուսանկարների վրայից կամ նոյնիսկ երեխաների պատկերացմամբ:

 «ՀՈՒՍԿ» հաստատութեան ներքին քարոզչական յանձնախմբի նախագահը յաւելեց, որ ցուցահանդէսին յայտագրւելու կոչը հրապարակւել էր մարտ ամսւայ երկրորդ կէսին, որին ընդառաջել է շուրջ 160 աշակերտ- աշակերտուհիներ՝ 10 դպրոցներից: Նա յայտնեց նաեւ, որ ցուցահանդէսի պատասխանատուները պատրաստ են ընդառաջելու միւս միութիւններում ցուցահանդէսը կրկնելու առաջարկներին եւս:

Ծրագրի երկրորդ բաժնում այցելուները հրաւիրւեցին «Յովհաննէս Թումանեան» սրահ, որտեղ մասնակցող աշակերտներին յանձնւեց ցուցահանդէսին մասնակցելու վկայագիրն ու գնահատագրերը:

Նոյն առիթով ելոյթ ունեցաւ ԿԽ-ի ատենապետ Անէթ Բաղդասարեանը, ով ողջունելով «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնած նախագիծն ԿԽ-ի համագործակցութեան փաստը, ինչպէս նաեւ աշակերտների վրայ թողած դրական լիցքերը, ցանկալի համարեց նման աշխատանքներում հայոց դպրոցների ներգրաւածութիւնը:

Մասնակցող աշակերտների գնահատագրերի յանձնումից յետոյ, ծրագիրն անցաւ գեղարւեստական բաժնին, որտեղ ասմունքային, երգային ու երաժշտական կատարումներով հանդէս եկան ԿԽ-ի մշակութային յանձնախմբի միաւորի սաները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։