Հա

Համայնք

29/05/2019 - 15:20

Թեհրանահայութիւնը շուքով տօնեց Մայիս 28-ը

Թեհրանահայ համայնքը Մայիսեան յաղթանակների ամենախորհրդանշական օրը՝ Մայիս 28-ը տօնեց Սասուն քաղաքամասի «Սիփան» միութիւնում: Խորհրդանշական է, որ «յաղթանակների եւ խաղաղութեան» տօնով մեկնարկած մայիսը վերաիմաստաւորւեց Շուշիի ազատագրման տօնով, իսկ յաղթանակի տօների շղթան իր տրամաբանական ակունքով՝ Մայիս 28-ով եզրափակւեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման տօնակատարութեամբ:

«ԱԼԻՔ» - Թեհրանահայ համայնքը Մայիսեան յաղթանակների ամենախորհրդանշական օրը՝ Մայիս 28-ը տօնեց Սասուն քաղաքամասի «Սիփան» միութիւնում: Խորհրդանշական է, որ «յաղթանակների եւ խաղաղութեան» տօնով մեկնարկած մայիսը վերաիմաստաւորւեց Շուշիի ազատագրման տօնով, իսկ յաղթանակի տօների շղթան իր տրամաբանական ակունքով՝ Մայիս 28-ով եզրափակւեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման տօնակատարութեամբ:

Տօնական երեկոյի նախաձեռնութիւնը՝ Հ. Մ. «Սիփան» միութեանն էր, որը կայանում էր Հ.Մ.Ա.Կ.-ի, Հ. Մ. Մ. «Նայիրի», Հ. Մ. «Սարդարապատ», եւ Հ. Ուս. «Չհարմահալ» միութիւնների համագործակցութեամբ:

Հանդիսութեան ընթացքում օրւայ բանախօս՝ Ռոբերտ Բեգլարեանը, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, ինչպէս նաեւ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը իրենց ելոյթներում խօսեցին մեր ժամանակակից պատմութեան մէջ Հայաստանի Առաջին Հանրապետութեան ունեցած անուրանալի դերի մասին, այդ ծիրում օրւայ բանախօսը կարեւորելով 20-րդ դարասկզբին Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման նշանակալից փաստը, այն համարեց համայն հայութիւնը մէկ դարձնող ու միասնութեան խթանիչ ուժը՝ երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրներին միասնական ուժերով լուծում տալու գործում: «Բաւական կը լինի ակնարկ նետել սփիւռքահայ գործարարների կողմից Հայաստանի Հանրապետութիւն ուղղորդւող նիւթական օժանդակութիւնը: Դա խօսուն փաստն է զարթօնք ապրող մի ժողովրդի, ով իր լինելութիւնը չի պատկերացնում առանց Հայրենիք հասկացութեան ընկալմանը»,- կարեւորեց բանախօսը, լսարանին ներկայացնելով կազմած ուսումնասիրութիւնից հատւածներ, որտեղ նա վիճակագրական տւեալներով ու թւերով խօսեց նաեւ Ցեղասպանութեան հետեւանքների ու Արեւմտեան Հայաստանի թալանւած կարողութեան չափերի մասին:

Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը նոյնպէս շնորհաւորելով Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման օրւայ կապակցութեամբ այն բնութագրեց, որպէս ներկայ հայկական երկու պետութիւնների ստեղծման հիմնաքար, եւ նշեց. «Այսօրւայ երիտասարդ սերունդը պէտք է գիտակցի, որ իր էութեամբ ու յաջողութիւններով կանգնած է նախորդ սերունդի ուսերին»: Նա յաւելեց, որ մեզ մօտ ձեւաւորւած միտք կայ, այն, որ մեր յաջողութիւնների համար պարտական ենք մեզ, իսկ կորուստների համար մեղաւոր տեսնում արտաքին ուժերին: «Մենք դատապարտւած ենք միասնական ուժերով հարցերին լուծում տալու, քանի որ երբ կորուստներ ենք ունեցել, ապա դա միայնակ գործելու հետեւանքն է եղել: Կեցցէ Հայաստանի Հանրապետութիւնը, կեցցէ Ազատ Արցախը, եւ կեցցէ համայն հայութիւնը»,- եզրափակեց դեսպանը:

Նոյն առիթով իր եզրափակիչ ելոյթով հանդէս եկաւ Սրբազան Հայրը յիշեցնելով Սիմոն Վրացեանի խօսքերը. «Վարչակարգերը մնայուն չեն, մնայունը հայրենիքն է, ժողովուրդն ու ազգը: Սա ժամանակին ասել է Սիմոն Վրացեանը, երբ Մայիս 28-ին ելոյթ է ունեցել»:

Տօնական ձեռնարկի ընթացքում երգային կատարումներով հանդէս եկան Երեւանի քաղաքապետարանի «Իւրի Բախշեան»-ի անւան մանկական ֆիլարմոնիկ ժողովրդական գործիքների անսամբլի սաները եւ «Կարս» մեներգիչների խումբը:

Պարային եւ ասմունքային կատարումներով բեմ բարձրացան նաեւ «Սիփան» եւ «Նոր դար» ասմունքի խմբերը:

Հանդիսութեանը թեհրանահայ հանդիսատեսի շարքերում էին Թ. Հ. Թ. նորընտիր Թեմական խորհրդի եւ ՊԺ ներկայացուցիչները, ՀՀ դեսպանութեան աշխատակազմը, Սրբազան Բարիքեանը, Աւետարանչական եղեղեցու հոգեւոր առաջնորդը, հանրայայտ արւեստագէտներ եւ ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:

Նշենք, որ ծրագրի բացման հանդիսաւոր արարողութեան դրօշը համատեղ ցոյցով կրեցին սկաուտական երեք՝ Հ.Մ.Ա.Կ.-ի, Հ. Մ. Մ. «Նայիրի» եւ Հ. Մ. «Սիփան» միութիւնների սկաուտները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։