Հա

Համայնք

23/06/2019 - 10:00

Յովհաննէս Թումանեանի 150-ամեակը Իրանահայ Գրողների միութիւնում

Հինգշաբթի, յունիսի 13-ին, տեղի ունեցաւ Իրանահայ գրողների միութեան ձեռնարկը նւիրւած Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակին։

Հինգշաբթի, յունիսի 13-ին, տեղի ունեցաւ Իրանահայ գրողների միութեան ձեռնարկը նւիրւած Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակին։

Բացման խօսքում, միութեան նախագահ Գարուն Սարգսեանը ակնարկելով Թումանեանի գրականութեան արժէքների ու իւրաքանչիւր հայի կեանքում նրա ունեցած ազդեցութեան մասին, հրաւիրեց օրւայ բանախօս՝ Էմմա Շամիրեանին:

Բանախօսը նախ ներկայացրեց Յ. Թումանեանի կեանքն ու գրական գործունէութիւնը եւ անդրադարձաւ նրա տարբեր ժանրերի ստեղծագործութիւններին, լայն բացատրութիւն տւեց յատկապէս բալլադ տեսակի ստեղծագործութեան մասին, որը ունենալով պատմողական բնոյթ, նաեւ ներառում է բանաստեղծի մտքերն ու յոյզերը: Բալլադների շարքից նա նշեց բոլորիս ծանօթ անուններ՝ «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականներ», «Գառնիկ ախպէր», «Չարի վերջը», «Ախթամար», «Փարւանա», «Աղաւնու վանքը» եւ այլն: Ապա վերլուծական մեկնաբանութեամբ ներկայացրեց Թումանեանի «Աղաւնու վանքը» բալլադը:

Բանախօսութեան աւարտին Անի Զարգարեանը ասմունքեց նոյն այդ երկը ամբողջութեամբ։ Նա իր տպաւորիչ ասմունքով արտասանեց նաեւ Թումանեանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծութիւնը։

Անի Զարգարեանի ղեկավարութեամբ, Նայիրի միութիւնում աշխատող մանկապատանեկան ասմունքի սաներից՝ Հայկ Այդինեանը եւ Թադէ Աղաջանեանը ասմունքեցին «Մի կաթիլ մեղրը» եւ «Շունն ու կատուն» բալլադները։

Շնորհալի մեներգչուհի Օֆիկ Մելիքեանի կատարմամբ ներկաները ըմբոշխնեցին Թումանեանի խօսքերով յօրինւած «Վարդը», «Ասում են ուռին...» (հատւած «Անուշ»-ից) եւ «Ինձ մի խնդրիր» երգերը։

Ծրագրի աւարտը Թումանեանի քառեակներն էին։ Քառեակներում բանաստեղծը խտացրել է կեանքի մասին իր ունեցած խոհերն ու աշխարհայեացքը: Էմմա Շամիրեանի բացատրութեանը յաջորդեց Ռուբէն Շահբազեանի միջոցով Թումանեանի մի փունջքառեակների տպաւորիչ արտասանութիւնը։

Վերջում ներկաներից ելոյթ ունեցաւ բանաստեղծ Տիգրան Պօղոսեանը։ Նա բարձր արժեւորելով Թումանեանի արւեստը, ընթերցեց իր գրչին պատկանող մի բանաստեղծութիւն, նւիրւած բանաստեղծի 140-ամեակին։

 

Իրանահայ գրողների միութիւն

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։