Հա

Համայնք

11/07/2019 - 09:50

Իրանահայ գրողների միութեան կազմակերպութեամբ՝ հանդիպում բանաստեղծ Ալմինի հետ

Հինգշաբթի, 27 յունիսին, Իրանահայ գրողների միութեան «Ռոստոմ» մշակութային կենտրոնում հրաւիրւել էր բանաստեղծ Ալմինը՝ իր վերջին գրքի՝ «Շքեղանք բանաստեղծութեան» հրատարակութեան առիթով։

Հինգշաբթի, 27 յունիսին, Իրանահայ գրողների միութեան «Ռոստոմ» մշակութային կենտրոնում հրաւիրւել էր բանաստեղծ Ալմինը՝ իր վերջին գրքի՝ «Շքեղանք բանաստեղծութեան» հրատարակութեան առիթով։

Միութեան նախագահ Գարուն Սարգսեանը իր բացման խօսքում, նախ ընթերցեց բանաստեղծի ամփոփ կենսագրականը, ապա նրան հրաւիրեց իր նոր գրքի բանաստղծութիւնները ներկայացնելու:

Ալմինը ծնւել է 1952-ին Թեհրանում: Սկսել է գրել պատանի տարիքից. նրա առաջին բանաստեղծութիւնները տպագրւել են «Ալիք պատանեկան» երկշաբաթաթերթում: 1976-ին լոյս է տեսել Ալմինի բանաստեղծութիւնների առաջին ժողովածուն՝ «Տրոփիւններ» խորագրով, այնուհետեւ հրապարակ են իջել հետեւեալ ժողովածուները՝ «Լուսարբութիւն», «Սիրանիւթ», «Եւ եղեւ լոյս», «Իմ մանկական գիրքը», «Աստղացոլքեր», «Դուք ինձ կը յիշէք», «Անծանօթներիս», «Խաղաղութիւնը կանաչ մարգերի», «Անմոռուկների դարը», իսկ վերջին գիրքը՝ 2018-ին լոյս տեսած «Շքեղանք բանաստեղծութեան» ժողովածուն, Ալմինի 11-րդ գիրքն է: Ալմինը նաեւ վաստակաշատ ուսուցիչ է, 35 տարի որպէս հայոց լեզւի ու գրականութեան դասատու պաշտօնավարել է հայոց դպրոցներում: Մասնկցել է արտերկրի հայոց լեզւի ուսուցիչների համար Երեւանում կազմակերպւած վերապատրաստման դասընթացներին: Պարգեւատրւել է Մեծի Տանն Կիլիկիոյ «Ս. Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանով:

Բանաստեղծ Ալմինը նախ՝ առիթը պատեհ համարելով, շնորհակալական խօսք ասաց Իրանի Հայ արհեստաւորների միութեան հասցէին, որը գրքի տպագրութեան մեկենասն է հանդիսացել: Ապա բացատրեց իր նոր գրքի խորագրի մասին, որ պատահական անուն չի ընտրւել, այն հաւատով ու ոգով ընտրւած խորագիր է, իրական բանաստեղծութիւնը շքեղանք ունի,- ասաց նա: Ալմինը խօսեց ընդհանրապէս բանաստեղծութեան մասին՝ թէ ո՞վ է բանաստեղծը, ի՞նչ է բանաստեղծութիւնը: Իր խօսքով՝ բանաստեղծը նա է, ով երրորդ աչքով է տեսնում. նա պէտք է լաւատեղեակ լինի ազգային, քաղաքական, հասարակական հարցերին, պէտք է մարդ լինի: Բանաստեղծութիւնը պարապ վախտի խաղալիք չէ: Բանաստեղծութիւնը տառապանքով է ծնւում,- եզրակացրեց բանաստեղծը:

Ալմինը ընթերցեց «Շքեղանք բանաստեղծութեան» գրքից բանաստեղծութիւնների մի ամբողջ շարան՝ ազգային, հայրենասիրական, սիրային, համամարդկային թեմաներով, բացատրելով նաեւ իւրաքանչիւրի ներշնչման ու ծննդեան հանգամանքները:

Ալմինի գրականութեան մասին վերլուծական ակնարկներով հանդէս եկաւ բանաստեղծ Անդրանիկ Թահմազեանը՝ ներկայացնելով համապատասխան դրւագներ բանաստեղծի ստեղծագործութիւններից։ Իր խօսքի վերջում կարդաց նաեւ Ալմինին նւիրւած, իր գրչին պականող «Պոէտին» բանաստեղծութիւնը։

Վիկտորիա Աղասեանը ասմունքեց Արցախին նւիրւած Ալմինից մի բանաստեղծութիւն. «...Անմար օջախ ես / Օտարի լեզւով դու Ղարաբաղ ես/ Մեզ համար ընդմիշտ Հայոց Արցախ ես...»:

Վերջում ներկաներից Ալմինի գրականութեան մասին արտայայտեցին Աստղիկ Բաբայեանը եւ Վարանդը։

Ալմինի գրականութեամբ ու ներկայութեամբ յագեցւած երեկոն աւարտւեց ներկաների ջերմ գնահատանքով։

 

Իրանահայ գրողների միութիւն

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։